Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «բացահայտումը»
Երեկվանից հանրության ամենատարբեր հատվածներ քննարկում են, թե ի՞նչ բացահայտում էր պատրաստվում հրապարակել Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, որն այդպես էչ չհնչեցրեց՝ իբրև թե ընդդիմադիրների բացակայության պատճառով։ Նիկոլ Փաշինյանին քիչ թե շատ ճանաչող ցանկացածի համար ակնհայտ է, որ դա նրա հերթական էժանագին մանիպուլյացիան է, քանի որ ընդդիմությանը վարկաբեկող որևէ անգամ աննշան «բացահայտում» ունենալու դեպքում, նա դա կհրապարակեր նույնիսկ տեսախցիկների բացակայության պայմաններում, այնքան բարձրաձայն կհրապարակեր, որ հանրությունն այդ մասին կլսեր առանց բարձրախոսների։
Սակայն հարցադրումը՝ իրականում Նիկոլ Փաշինյանը սկանդալային տեղեկություն ուներ, բայց չհրապարակե՞ց, թե՞ այդուհանդերձ մանիպուլյացնում էր, արհեստական է ու ժամկետանց։ Նիկոլ
Փաշինյանն ուղիղ երեք շաբաթ առաջ հրապարակել է Հայաստանի նորագույն պատմության մեջ թերևս ամենասկանդալային, ամենացնցող բացահայտումը․ նա ԱԺ նույն ամբիոնից հայտարարել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, այն կունենար նույն ելքը, «իհարկե, առանց զոհերի»։ Այսինքն՝ չափահաս, մեղսունակ, գործունակ ճանաչված մարդը ուղիղ եթերում, տասնյակ հազարավոր մարդկանց աչքերին նայելով, հայտարարել է, որ ինքը արել է գործողություն, որի արդյունքում զոհվել են իր իսկ ղեկավարած պետության տվյալներով՝ 3825 քաղաքացիներ, կամ հակառակը՝ չի արել գործողություն, որի արդյունքում կարող էր փրկվել 3825 քաղաքացիների կյանքը։ Սպանության համար Քրեական օրենսգիրքը ամենամեղմացուցիչ հանգամանքների դեպքում անգամ սահմանում է 10-15 տարվա պատժաչափ։
Ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը խոստովանություն է, որը որակվում է՝ որպես մեղմացուցիչ հանգամանք և նրա գործողությունների կամ անգործության պատճառով քաղաքացիներին կյանքից զրկելու համար դատարանը կարող է սահմանել ոչ թե 10-15, այլ 5 տարվա պատժաչափ։ Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանի ամենաբարձր ամբիոնից հայտարարել է, որ իր կայացրած կամ չկայացրած որոշման արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն, որը, եթե կատարեր ոչ թե պետության ղեկավարը, այլ շարքային մոլագարը, դատարանը կսահմաներ նվազագույնը 19 հազար 125 տարվա ազատազրկում։
Տիեզերքում չի կարող լինել որևէ «բացահայտում», որն իր աննախադեպությամբ, սենսացիոն բնույթով և սարսափելիությամբ կարող է անգամ մոտ լինել այն բացահայտմանը, որը Նիկոլ Փաշինյանն արել է Հայաստանի խորհրդարանում, ուղիղ եթերում, այդ թվում՝ նայելով նրանց աչքերին, ում հայացքի բացակայության պատճառով իբրև երեկ հրաժարվեց հրապարակել «բացահայտումը»։
Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի խոստացած բացահայտմանը, կարող են փնտրել և ևս մեկ անգամ դիտել նրա ելույթը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է դարի սենսացիան, բայց դրան համարժեք պատասխանի բացակայության պատճառով իրեն թվացել է, թե կարող է լինել որևէ այլ տեղեկություն, որն ավելի «բացահայտող» է, քանի իր իսկ ինքնախոստովանությունը։
Հարություն Ավետիսյան