Անկլավների հարցը դեռևս չի քննարկվել. Մեր հույսն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները մնում են Հայաստանին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անհասկանալի է համարել ընդդիմության այն պնդումները, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով՝ անկլավների հարց է առաջանալու։
«Ընդդիմությունը շարունակ անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, քանի որ 2 կողմից էլ անկլավ կա, և Ադրբեջանի տարածքում անկլավ կա, Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ 2 կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին։
Իհարկե, այդպիսի հարց կա, որ ինչպե՞ս են առաջացել, պատմության մասով բազմաթիվ հարցեր կան, որը շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով մայիսի 2-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, լրագրողները ԱԽ քարտուղարից նախ հետաքրքրվեցին, թե հանդիպումն ի՞նչ մթնոլորտում է անցել, ապա հիշեցնելով հանդիպմանը նախորդած նրա հայտարարությունը՝ եթե հանդիպումն անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հարց հնչեց՝ արդյո՞ք առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։
«Ես նշել էի, որ հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն մենք կսկենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը։ Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, երբ քննարկումներն ինչ-որ փուլի հասնեն և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները ԱԽՔ-ին հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մինչև ապրիլի վերջ պետք է ստեղծվի սահմանների և անվտանգության խնդիրներով զբաղվող հանձնաժողովը, ապա հարցրեցին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ հանձնաժողովը չի ստեղծվել․
«Սրա շուրջ քննարկումները շարունակվում են, իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել, բայց կարող եմ նշել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակվում են, և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը․․․ հարցեր կան, որոնց պատասխանը դեռ վերջնական չենք գտել, հենց գտնենք պատասխանը, դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի և նաև հանդիպում կլինի»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որտեղ նա հոխորտում է, թե Երևանն էլ է ադրբեջանական, լրագրողները ԱԽ քարտուղարին հարցրեցին, թե այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․
«Խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկն էլ հենց միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է․․․ Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Մենք հույս ունենք, որ նման հայտարարությունները հնարավորինս քիչ կլինեն․․․»։