Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրվում՝ գիշերելու համար․ առավոտյան 8։30-ից սկսվում են անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ. մայրուղիները լինելու են փակ
«Վաղը՝ առավոտ 8:30-ից, սկսում ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ: Ցանկացած գործ հաջողելու համար պետք է լինի կարգուկանոն և կազմակերպվածություն: Առաջին պայմանը՝ երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի կամ կռվի չեք բռնվում: Մենք անկարգություններ չենք անելու, բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ: Վաղը առավոտվանից՝ դասադուլ, անհնազանդության ակցիաներ»,-Ֆրանսիայի հրապարակում անցկացվող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա կոչ արեց, որ յուրաքանչյուր քաղաքացի փակի իր փողոցը, գյուղի փողոցը, ցույց տալ, որ Հայաստանում իշխանությունը Ֆրանսիայի հրապարակն է և ժողովուրդը. «Հիմա, մինչև ժամը 18:45 հանրահավաքը դադար ենք տալիս, տեղադրում ենք վրաններ, վառարաններ, հետո հանրահավաքը շարունակում ենք: Մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր կորոշեն, որ գիշերն այստեղ չեն մնալու, խնդրում ենք, առավոտ 8:15 լինեք հրապարակում: Այսօր մեր միջոցառումը չի ավարտվել, 18:45 սկսում ենք»: