«Նիկոլ էլ չկա՛. մենք տուն գնալ էլ չունենք․ ո՞նց տուն գնանք՝ մեր տունը Շուշին է ու Հադրութը, մենք էլ տուն գնալ չունենք». Հայկ Մամիջանյան
«Այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը՝ պետք է մեր երկիրը մաքրենք քաղաքական աղբից: Համաձա՞յն եք»,- Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին այս խոսքերով դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, թե շատերն են իրենց հարցնում՝ բա ե՞րբ ենք մեր նպատակին հասնելու:
«Խնդրում եմ՝ յուրաքանչյուրդ նայեք Ձեր կողքին կանգնածին: Այստեղ հավաքված են արժանապատիվ, հայրենասեր, հայ մարդիկ, որոնք ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնելու: Բա այս մարդիկ կարո՞ղ են նպատակին չհասնել»,- նման հռետորական հարցով դիմեց հավաքվածներին Մամիջանյանը:
Ավելին, պատգամավորն ասաց, որ իրենք արդեն հաղթել են:
«Մի հատ նայեք՝ ինչքան ոստիկան են բերել: Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները: Ինքն իր կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան մեր անվտանգության: Տեսեք, թե ինչքան է վախեցել Փաշինյանը: Մենք արդեն հաղթել ենք, որովհետև խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, բացի ուղարկված սադրիչներից, մեր բոլոր քաղաքացիները մոտենում էին ու մեզ ոգևորում: Մի բան պատմեմ՝ փակված փողոցներից մեկում առաջացած խցանման մեջ հարսանիք էր մնացել, մարդիկ, հերիք չի, ավտոներից սիգնալներով ողջունում էին, հետո հարսանքավորները մոտեցան, ասեցին. «Լավ եք արել, մենք կդիմանանք, մեր երեխեքի ապագայի համար եք անում, ապրեք»:
Մենք արդեն հաղթել ենք, որովհետև երբ այցելում եմ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվածներին, ոստիկանները մի կողմ են մոտենում ու ծածուկ ասում. «Այ պարոն Մամիջանյան, սրան ե՞րբ եք քշելու: Մի խոսքով՝ Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել: Նիկոլ էլ չկա, Նիկոլ չկա»,- ասաց Մամիջանյանը, ում խոսքին հաջորդեցին «Նիկոլ չկա» վանկարկումներ:
Մամիջանյանն ասաց, որ բոլորի աչքերի մեջ նույն հարցն է կարդում՝ էսօր էլ ե՞նք տուն գնալու:
«Այ մարդ, ո՞նց տուն գնանք, մենք էլ տուն չունենք, մեր տունը Շուշին ա ու Հադրութը, մենք էլ տուն գնալ չունենք: Ես չեմ ուզում Շուշիի մասին երգեր երգել, ես ուզում եմ Շուշիում երգել ու պարել: Ես չեմ ուզում՝ իմ ապագա երեխաները թուրքերեն ու ադրբեջաներեն սովորեն «Ի՞նչ կկամենաք», «ոնց ասեք» բառերը: Ես ուզում եմ իմ ապագա երեխաները աշխարհի բոլոր լեզուներով սովորեն «ազատություն», «հայրենիք» ու «հաղթանակ» բառերը: Ես էլ երբեք չեմ ուզում իմ երկրի իշխանություն կոչվածներին ԱԺ ամբիոնից բացատրել, որ Սյունիքը Հայաստան է: Ես ու մենք բոլորս չենք ուզում, որ մեր անունից որևէ մեկը թշնամու առաջ կզի: Նիկոլ, լսում ե՞ս՝ կզելու մանդատ ոչ ոք չի տվել»,- նկատեց պատգամավորը:
Ժողովրդին դիմելով՝ Մամիջանյանն ասաց, որ՝ Ձեզ խաբել են, երբ ասել են, որ լավ եք ապրելու: «Տո սենց ապրելու լավը ո՞րն ա: Ուսուցիչ ջան, դու լավ ե՞ս ապրում, երբ աշխատավարձդ, ասում են, որ մի քանի հարյուր հազարով կբարձրացնենք, բայց կարմիր դիպլոմդ, կրթությունդ, փորձդ մի կողմ դրած՝ պետք է գնաս ինչ-որ անգրագետ պաշտոնյայի քննություն հանձնես: Թոշակառուներ՝ տատիկներ-պապիկներ ջան, Դուք լավ եք ապրում, Դուք լավ ե՞ք ապրում, երբ Ձեր թոշակը 2-3 հազար դրամով ավելացնում է ու օրը տասը անգամ երեսով տալիս, բայց իրենց աշխատավարձերը միլիոններով են բարձրացվում ու գաղտնի հրամաններով:
Սիրելի քաղաքացիներ, Նիկոլը Ձեզ խոստանում էր պետական միջոցների վատնումները բացահայտել, դրա փոխարեն՝ միլիոններով իրենց տները կառուցեցին, դարի հարսանիքներ արեցին, ավտոներ առան: Ուրեմն այս պահից ասում եմ՝ Հայաստանում լինելու է միայն մեկ տեսակի պետական միջոցների վատնում՝ դա քեզ ու քո խմբակին բերդում պահելն է»,- նշեց Մամիջանյանը:
Նա հիշեցրեց, թե հիմա էլ ասում են՝ Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերել: «Այս ցույցին ավտոբուսներով մենակ դու ես ոստիկան բերել: Այստեղ են արցախցի մեր եղբայրներն ու քույրերը, որոնք քո պատճառով տուն ու տեղ չունեն, որոնք քո պատճառով տուն ու տեղ կորցրել են: Եթե դու չորս տարի առաջ փողոց ես փակել, հետո սրանց ձայն ես տվել, դու հենց հիմա շանս ունես քո սխալը ուղղելու: Ուզո՞ւմ ես երկրիդ ապագան որոշես, արի Ֆրանսիայի հրապարակ՝ միասին կորոշենք, թե չէ սրանք մեր փոխարեն են ուզում որոշել: Ախր քեզ ո՞վ է ներշնչել, որ դու սպիտակ ես, իսկ մենք՝ սև: Բոլորիս արյունն էլ կարմիր է, բոլորս էլ հայ ենք ու բոլորս մեր երկրի համար խաղաղություն ու բարեկեցություն ենք ուզում: Հիմա էլ քեզ փորձում են խաբել, որ եթե սրանք գան, սրանք գնան, պատերազմ է լինելու: Ոչ մի պատերազմ էլ չի լինելու, տո Դուք պատերազմի հոմանիշն եք, դուք մահաբեր խմբակն եք, մեր երկիրը լինելու է խաղաղ և հարուստ և ամենակարևորը՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտնի հայտարարությանը:
«Բա էդ ո՞նց եղավ, որ նույնիսկ աղետալի պատերազմից հետո Ամերիկան, Ֆրանսիան և ՌԴ-ն, բոլորը միաբերան խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին, այստեղ երկու տարբերակ կա՝ կամ մեր երկիրը հիմա ավելի վատ վիճակում է, քան անմիջապես պատերազմից հետո, կամ էլ դու ես ուզում նշաձող իջեցնես: Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է՝ Նիկոլ, դու պիտի գնաս»,- ասաց Հայկ Մամիջանյանը: