ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը զսպվածության կոչ կուղղի՞

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ՝ ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնելով, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է:

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և խուսափել մարդաշատ վայրերից։

«Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաև առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ  է տրվում լինել զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների մասին տեղեկատվության համար»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անդրադարձում: 

Նմանատիպ նախազգուշացում տարածվել էր նաև ապրիլի 27-ին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան այս անդրադարձը համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել, շատ են համեմատությունները 2018-ի, այսպես կոչված, հեղափոխության օրերին ԱՄՆ դեսպանատան արած շեշտադրումների հետ: Ուշագրավ է հատկապես հիշել 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության օրերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թե նախազգուշական, թե քաղաքական հայտարարությունները: 2018 թվականի ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած մարդաշատ ակցիաներից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր առաջին նախազգուշացումն արել է ապրիլի 16-ին, մյուսը՝ ապրիլի 22-ին: Նախազգուշական «alert»-ները սովորաբար ստանդարտ տեքստեր էր, շատ ավելի կարևոր են քաղաքական հայտարարությունները, որոնց տողատակերում երևում են դիվանագիտական շեշտադրումները:

2018 թվականի գարնան իրադարձությունների վերաբերյալ իր առաջին քաղաքական հայտարարությունը դեսպանատունն արել էր 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի նախորդ օրը, որի նախորդող 10 օրերի ընթացքում Երևանում արդեն իսկ բազմամարդ հանրահավաքներ, քայլերթեր էին տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ապրիիլի 22-ի հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ, այնինչ այսօրվա հանրահավաքին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նման որևէ կոչ չի ուղղել կողմերին, չի նշել խաղաղ հավաքների ազատության մասին, Կառավարությանը չի հորդորել զսպվածություն ցուցաբերել:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,- ասված էր 2018 թվականի ապրիլի 22-ի հաղորդագրությունում այն դեպքում, երբ այդ ժամանակի իշխանությունը ուժ չէր կիրառում:

Հաջորդ հայտարարությունը ԱՄՆ Պետքարտուղարության այդ ժամանակի խոսնակ  Հիթեր Նոյերթն էր արել 2018 թ. ապրիլի 24-ին. «Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ»:

Նոյերթը նաև նշել էր, որ ԱՄՆ-ը  պատրաստ է սերտորեն աշխատել նոր կառավարության հետ այն բազմաթիվ ոլորտներում, որտեղ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր:

«Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»,- ասված էր Նոյերթի անդրադարձում:

Եվս մեկ հայտարարություն Նոյերթն արել էր ապրիլի 29-ին՝ բոլոր կողմերին հորդորելով  իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

«Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»,- նշել էր Նոյերթը:

Իհարկե, չի բացառվում, որ Երևանում հանրահավաքների ռեժիմի երկարաձգման դեպքում դեսպանատունը քաղաքական հայտարարություններ անի նույնպիսի շեշտադրումներով, ինչ 2018 թվականին, սակայն այս պահի դրությամբ եղել է միայն  նախազգուշական հայտարարություն ԱՄՆ քաղաքացիների համար:

Տեսանյութեր

Լրահոս