«Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ ոչնչանա՞լ, թե՞ ապրել ու զարգանալ»․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող ցանկացած հայանուն էակ ստիպված է ընդունել. եթե երկիրը ներկայացնողները վարում են թշնամահաճո քաղաքականություն, ապա Հայ ժողովուրդը կանգնած է ոչ թե թուրքական վիլայեթում բնակվելու և թրքանալու, այլ ողջ աշխարհում մինչև վերջին Հայ մարդը բնաջնջվելու իրական վտանգի առջև։

Միայն կատարյալ անտեղյակը, միամիտը, կամ տգետը կարող է հուսալ, որ թուրքը կարող է սահմանափակվել Արցախը, Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տաուշն ու Արարատի մարզը բռնազավթելով (բանավոր, կամ գրավոր), կամ Հայաստանը վիլայեթի վերածելով ու հայերին թլպատելով։

Թուրքը՝ նույն թուրքն է, Հայն էլ՝ նույն Հայը։

Նրանց բազմադարյա իղձը ոչ թե Հայաստանը վիլայեթի վերածելն է, կամ հայերի թրքացումը, այլ ողջ աշխարհում հայ ազգի ֆիզիկական բնաջնջումն ու Հայոց պետության վերացումը: Այդ մասին բացահայտ ու միարժեք հայտարարել է Թուրքիայի ղեկավարը Բաքվի շքերթում։

Եվ թող այլևս ոչ ոք չասի՝ «չենք կարողանում կողմնորոշվել…», «մեր ձեռքում ի՞նչ կա…», կամ՝ «մենք ի՞նչ կարող ենք անել…», և այլն։ Դա նույնն է, որ ասեն՝ «Չգիտենք՝ թուրքի յաթաղանից մորթվենք ու մահանա՞նք, թե՞ կենդանի մնանք…»:

Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ ոչնչանա՞լ, թե՞ ապրել ու զարգանալ»։

Տեսանյութեր

Լրահոս