Որն է «Հարրի Փոթեր» վիպաշարի հաջողության գրավականը
Թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը, որի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի հայերեն կարդալ «Հարրի Փոթեր» շարքի գրքերը, համաշխարհային գրականության բազմաթիվ կոթողներ, կարծում է՝ մեր օրերում մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի: Նրա խոսքով՝ գրքերը թարգմանվում են բնագրից, գունեղ են, գեղեցիկ նկարազարդումներով և գրավում են ընթերցողներին:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Ջիվանյանը պատմել է թարգմանչական արվեստի նրբությունների, «Հարրի Փոթեր» վիպաշարի առանձնահատկության, «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած մանկական հետաքրքիր գրքերի մասին:
-Տիկին Ջիվանյան, կան կարծիքներ, որ այսօր հասարակությունը բավարար հետաքրքրված չէ գրականությամբ, կան նաև հակառակ կարծիքներ, որ հատկապես վերջին տարիներին հրատարակչությունների ակտիվ աշխատանքի արդյունքում ընթերցողների քանակն աճել է: Այս առումով ի՞նչ վիճակ է մանկական գրականության բնագավառում:
-Գրքերը, որոնք դուրս են գալիս տպարանից, խոսում են այն մասին, որ երբևիցե մեր երկրում չի եղել մանկական գրականության նման արտադրանք: Խոսքը ոչ միայն տեքստերի որակի, այլև գրքերի տեսքի՝ հագուկապի, շապիկների մասին է: Շատ են հետաքրքիր գրքերը: Թե՛ թարգմանական մանկագրության, թե՛ տեղի հայալեզու և ոչ հայերեն գրող հայ հեղինակների հրատարակած գրքերի ծավալը շատ մեծ է:
Խորհրդային տարիներին մանկական գրականություն շատ կար, բայց այսօրվա հետ համեմատելիս խորհրդային գրքերը տուժում են: Եղել են լավ թարգմանություններ, միջնորդավորված թարգմանություններ: «Զանգակը» լույս է ընծայում գրքեր, որոնք թարգմանվում են նաև շվեդերենից, ինչը խորհրդային տարիներին բացառվում էր, քանի որ առավել ընդունված էին միջնորդավորված թարգմանությունները, որոնք հիմնականում արվում էին ռուսերենից: Խորհրդային տարիներին և՛ մանկական, և՛ ոչ մանկական գրականության թարգմանությունները հսկվում էին, գրեթե չկար գիրք, որ թարգմանվեր հայերեն, եթե նախապես ռուսերեն չէր թարգմանվել: Այսօր այդ խնդիրը չկա:
-Իսկ ո՞ր ժանրի գրականությունն է առավել պահանջված: Երեխաները կամ նրանց ծնողները հեքիաթնե՞ր են նախընտրում, թե՞…
-Նախընտրում են ֆենթզի ժանրը: Հեքիաթներ ևս գնում են: Սա իրականում ինքնուրույն ձգտում չէ. աշխարհի միտումն է այդպիսին: Այսօրվա սոցիալ-քաղաքական համատեքստը, որը թվում է՝ քիչ կապ ունի մանկական գրականության հետ, թելադրում է հետաքրքրությունը դեպի ֆենթզի, որը փախուստ է իրականությունից: Որքան անհավանական են իրադարձությունները նկարագրվում, այնքան հեռավոր աշխարհ են խոստանում, իսկ երեխային էլ հենց դա է հետաքրքրում:
-Դուք շատ գրքեր եք թարգմանել, բայց Ձեզ հետ ծանոթանալու հնարավորություն ունեցա Հարրի Փոթերի հերթական հատորի շնորհանդեսին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է վիպաշարի հաջողության գրավականը: Թարգմանելիս ի՞նչ ապրումներ եք ունեցել: Զարմացե՞լ եք հեղինակի երևակայության դրսևորումներից:
-Արդեն հինգերորդ հատորն եմ թարգմանում, որում բազմաթիվ անդրադարձներ կան պատերազմի թեմային: Հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը, կենտավրոսի միջոցով հեգնանքով է խոսում մարդկային ցեղի մասին` ասելով, որ այն պետք է սովորի ապրել երկու պատերազմների արանքում ընկած կարճատև խաղաղության պայմաններում: Զարմանալի գիրք է իր բոլոր առնչություններով, իսկ Ռոուլինգի հաջողությունը բացատրվում է նրանով, որ նա պատանի ընթերցողին կարողացավ վերադարձնել շնորհիվ իրադարձություններով հարուստ պատմություններ պատմելու իր բացառիկ ձիրքի, հմտություն, որի պակասը ժամանակակից հեղինակներն իսկապես ունեն:
-Հարրի Փոթերի գրքերին, ֆիլմերին ծանոթանալով՝ դժվարանում եմ որոշել մանկակա՞ն են, թե՞ մեծահասակների համար են նախատեսված:
-Գրքի ծավալն անգամ ասում է, որ միայն մանուկ ընթերցողը չէ, որ կարդալու է այն: Ցանկացած կայացած մանկական գիրք նաև հասուն ընթերցող ունի: Չմոռանանք, որ այսօր Հարրի Փոթերի մեծահասակ ընթերցողներն այն սերնդին են պատկանում, որի պատանեկության ժամանակ Հարրի Փոթերի գրքերը նոր լույս էին տեսնում: Ճաշակները տարբեր են լինում, գրական քիմքը՝ դժվարահաճ:
-Ասում են՝ գիրքը լիարժեք ընկալելու համար պետք է բնագրով կարդալ:
-Բնագրային թարգմանությունը շատ կարևոր և գերադասելի է: Նախապատվությունը պետք է տալ բնագրային թարգմանությանը, սակայն մի բան է տեսությունը, այլ բան է իրականությունը: Ինչպես արդեն ասացի, խորհրդային տարիներին կային միջնորդավորված թարգմանություններ, և ես կարող եմ նշել նման թարգմանությամբ առնվազն հինգ գիրք, որոնք ավելի հաջողված են հայերենի տեսանկյունից: Պատճառը պարզ է. այդ ժամանակ հաճախ թարգմանում էին կայացած հեղինակներ, որոնք փայլուն էին տիրապետում հայերենին, իսկ այդ նույն գրքերի բնագրային տարբերակները ստվերում են մնացել գեղարվեստական ինչ-ինչ արժանիքներ չունենալու պատճառով: Այնպես որ միջնորդավորված թարգմանությունը միշտ չէ, որ վատ բան է:
-Ձեր ներդրումն ունենո՞ւմ եք գիրքը թարգմանելիս, թե՞ հավատարիմ եք մնում հեղինակին:
-Թարգմանիչը չի կարող ներդրում չունենալ, որովհետև նա փոխնակ հեղինակ է: Ցանկալի է, որ զերծ մնա տեքստ ներխուժումից և փոխանցի այն, ինչ կա բնագրում՝ չավելացնելով այն, ինչն այնտեղ չկա, սակայն գոնե ոճի տեսանկյունից կարող է փոփոխություն լինել: Նորամուծությունները ցանկալի չեն, բայց այնպես չէ, որ չեն լինում: Թարգմանությունը բավականին բծախնդիր` գրեթե ոսկերչական աշխատանք է:
-Սեղանին տեսնում եմ «Զանգակ» հրատարակչության մի շարք գունազարդ գրքեր: Մանկական գրականության ի՞նչ նոր նմուշներ եք ներկայացնելու ընթերցողներին:
-Արդեն հրատարակել ենք Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը» գեղեցիկ նկարազարդված գիրքը, որը թարգմանել է Լիլիթ Պետրոսյանը: «Զանգակը» հայտնի է այս շարքով, քանի որ երեխաները շատ են սիրում ճագար կերպարների, իսկ մանկագրության մեջ ճագարն ամենատարածված անձնավորված հերոսներից է: Հետաքրքիր է Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը», որը թարգմանել է Լուսինե Հայրապետյանը: Հնարավոր է՝ լինի ամբողջ շարքը, քանի որ այն մի քանի գրքից է բաղկացած: Էրիխ Քեսթների «Էմիլը և հետախույզները» գիրքը, որը գերմաներերից թարգմանել է Լիանա Սաֆարյանը, ռուսերենից հայերեն էր թարգմանվել խորհրդային տարիներին և շատ սիրված էր:
Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը, որը թարգմանել է Արթուր Մեսրոպյանը, ևս սպասված գիրք է: Գեյմանը ֆենթզի գրականության արքաներից է: Նրա շատ գրքեր էկրանավորվել են: Հայտնի է «Քորլայն»-ի անիմացիոն տարբերակը: Գիրքը չէի համարի սարսափ ժանր, սակայն անիմացիան այդպիսին է: Այսօր թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում շատ զարգացած է մանկական գոթական արձակը: Խորհրդավորությունը, արգելված սենյակները գրավիչ են: Գեյմանի Քորլայնին կարելի է համարել Լուիս Քերոլի Ալիսի ժառանգորդը, սակայն Ալիսը զերծ է տագնապի զգացողությունից: Վիկտորյան դարաշրջանում ընդունված չէր մանուկների համար նման գրքեր գրել, թեև գոթական արձակը զարգացած է եղել նաև այդ շրջանում:
Հրաշալի է ճանաչված մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Կախարդին + ագռավ» գիրքը: Անսպասելի գեղեցիկ ստացվեց՝ հարուստ նկարազարդումներով: Գիրքը հետաքրքիր կլինի ոչ միայն մանուկների, այլև մեծերի համար: Լույս ենք ընծայել նաև Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիան»: Կան հեղինակներ, որոնք գովազդի կարիք չունեն, և նրանց անունն արդեն խոսում է դեռ չհրատարակված գրքի հաջողության մասին: Նման հեղինակներից է Դեն Բրաունը:
-Տիկին Ջիվանյան, շնորհակալ եմ հաճելի զրույցի համար: