
Կրթվելը նորաձև է, դպրոցաշինությունը ձախողելը՝ շահավետ

Բազմաթիվ այլ խոստումների նման, ՔՊ-ականների իշխանությունը ձախողել է նաև խոստացած դպրոցաշինության ու մանկապարտեզաշինության ծրագիրը։ Ու հիմա ուղիներ է փնտրում ձախողումը կոծկելու համար։
Կառավարության ծրագրով, ինչպես հայտնի է, նախատեսված է մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց ու առնվազն 500 մանկապարտեզ։ Սա եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի բրենդը։ Խոստացել են ոչ միայն կառուցել ու հիմնանորոգել, այլև դրանք ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով։
«Մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»,- սա հատված է կառավարության ծրագրի կրթության բաժնից։
Հինգ տարի շարունակ կառավարությունը շահարկել է այս ծրագիրը, նստել-կանգնել՝ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցման ծրագիրն է թմբկահարել։ Երբ եկել է արդյունքները ներկայացնելու ժամանակը, տեսնում ենք, որ ծրագրի տակը դատարկ է։
Դպրոցների ու մանկապարտեզների մեծ մասի շինարարությունը ոչ միայն չի սկսվել, այլև գտնվում է ընդամենը նախագծման փուլում։ Թե ինչ է նշանակում նախագծման փուլում գտնվելը, դժվար չէ պատկերացնել։ Տարիներ են պահանջվում նախագծումից հետո շինարարություն սկսելու համար։ Դեռ չհաշված, թե շինարարության նախատեսված ժամկետները որքանով են կարողանում պահպանել։ Այսօր էլ բազմաթիվ են այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք տարիներով հետ են մնացել շահագործման համար նախատեսված ժամկետներից։
Հաշված ամիսներ հետո կառավարությունը պետք է ապահովեր առնվազն 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցման ծրագիրը, սակայն այս պահին դրա շատ փոքր մասն է արել։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 2021-2025թթ. Ընթացքում շահագործման է հանձնվել 45 դպրոց։ Ընդ որում՝ 10-ը հիմնանորոգված դպրոցներն են։
2021-2025թթ. ընթացքում խոստացված 300 դպրոցից կառավարությունը կարողացել է կառուցել ընդամենը 30-ը։ Շահագործման հանձնված դպրոցները կազմում են նախատեսվածի 15 տոկոսը։ Մնացած 85 տոկոսը չկա։
Առնվազն 300 դպրոցի ծրագիրը կատարելու համար մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվի ևս 255 դպրոց։ Եթե 4-4,5 տարում են կարողացել հազիվ 45 դպրոց հանձնել շահագործման, բարդ չէ հասկանալ, թե մի քանի ամսում ինչքանով շահագործման կհանձնեն մնացած 255 դպրոցը։ Հատկապես որ, դպրոցաշինության աշխատանքներն այս տարի էլ շարունակում են դոփել տեղում։ Դպրոցաշինությամբ պարծեցող կառավարությունը տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրթության ոլորտում իրականացրել է ընդամենը 3.4 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։
Այս տեմպերով էլ ուզում են մնացած 255 դպրոցները մինչև տարեվերջ հանձնել շահագործման։
Դպրոցաշինության ոլորտում այս տարի կատարվել են գերազանցապես շինմոնտաժային աշխատանքներ։
Որպես այդպիսին, դպրոցների կառուցման համար ծախսվել է ընդամենը 209 մլն դրամ։
Եվ սա առաջին տարին չէ, որ դպրոցաշինության աշխատանքները գտնվում են խայտառակ վիճակում։ Անցած տարի էլ այդ ոլորտի բյուջետային ծրագիրը ձախողեցին։
Ճշգրտված պլանով նախատեսել էին 84,6 մլրդ դրամի դպրոցաշինական աշխատանքներ, բայց տարեվերջին կատարեցին ընդամենը 29,6 միլիարդինը։
Կատարողականը կազմել էր նախատեսվածի ընդամենը 35 տոկոսը։
55 մլրդ դրամի ծրագրեր մնացին չկատարված։ Հետագայում պարզվեց, որ դրանում բոլորը մեղավոր են, բացի կառավարությունից։ Ֆինանսների նախարարը դպրոցաշինության բյուջետային ծրագրի ձախողման մեղքը դրեց կառուցապատողների վրա՝ փորձելով դրանով արդարացնել կառավարության անկարողությունը։
«Մի խնդիր ունենք այստեղ․ դպրոցաշինության լայնածավալ ծրագրի իրականացման համար գրեթե 100 մլրդ դրամ ենք հատկացել 2024 թվականի համար։ Բայց այստեղ բախվում ենք մասնավոր հատվածի կարողությունների հետ։ Հայտարարված մրցույթների կեսը դեռ չի կայացել, չենք կարողացել հաղթող ճանաչել, բարձր գին են ներկայացնում, կամ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդպիսի մեծ ծավալի աշխատանքներ սկսեն»,- այս տարվա սկզբին հայտարարեց ֆինանսների նախարարը։
Ինչպես միշտ, սովոր են իրենց թերացումներն ու անկարողությունը կապել ուրիշների վզին։ Բայց դա չի կարող արդարացում լինել կառավարության համար։ Փաստն այն է, որ այսօր եկել-կանգնել են մի իրողության առաջ, երբ հայտարարած դպրոցաշինության ծրագիրը լիակատար ձախողել են։ Խայտառակվելուց փրկվելու համար սկսել են փրփուրներից կառչել, չեղած կամ սաղմնային փուլում, գուցե նաև սաղմնային փուլին չհասած դպրոցներն են սկսել ներառել խոստացված ծրագրում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը կարգվել է դպրոցաշինության ու մանկապարտեզաշինության ծրագրի պատասխանատու, հայտարարում է, թե ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և, ուշադրություն՝ նախագծման աշխատանքները։
Ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետից ընդամենը մի քանի ամիս առաջ, թե քանի՞ դպրոց է գտնվում կառուցման, վերանորոգման և հատկապես նախագծման փուլում, ոչ մի նշանակություն չունի։ Կարևորն այն է, թե դրանցից քանի՞սը մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման, առավել ևս՝ կկահավորվի ու կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես խոստացել էր կառավարությունը։ Մնացածը հեքիաթներ են, որով փորձում են մոլորեցնել ժողովրդին։
Ու այս վիճակը միայն դպրոցների կառուցման ծրագրի դեպքում չէ, նույնը նաև մանկապարտեզների պարագայում է։ Տարեվերջին ունենալու ենք այն, որ նախատեսված 500 մանկապարտեզների մեծ մասը չեն լինելու։ Եղածներն էլ, շատ դեպքերում, ինչպես տեսնում ենք Երևանի օրինակով, թքած-կպցրած են, դեռ շահագործման չհանձնված՝ սկսել են քանդվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ