
Պապիկյանը հաստատում է՝ Փաշինյանի ցանկությամբ ՀՀ ԶՈՒ-ն Մոսկվայի զորահանդեսին չի մասնակցել

Մայիսի 9-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով՝
1. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը: Այսինքն, խաղաղ պայմաններում ՀՀ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին: Ըստ այդմ՝ ինչո՞ւ կամ ի՞նչ հիմնավորմամբ ՀՀ զինված ուժերը չեն մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին, ակնկալում ենք հստակ պատասխան:
2. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման ընթացքում քանի՞ անգամ է հանդիպել, հեռախոսազրույց ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ՝ Սերգեյ Շոյգու, Անդրեյ Բելոուսով:
3. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման ընթացքում քանի՞ անգամ է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, ե՞րբ, արդյո՞ք վերջին մոտ մեկ ամսում ադրբեջանական հրադադարի խախտումների համատեքստում եղել է ուղիղ կապ:
4. Հայաստան-Ռուսաստան համագործակցության տարեկան ծրագրերը նախկինի նման հաստատվո՞ւմ են, օրինակ, 2025 թվականի համար հաստատվե՞լ է երկկողմ համագործակցության տարեկան ծրագիրը:
5. ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճի՞շտ է ասում, որ եղել է տարի, երբ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետ՝ ռազմական ակադեմիայում դիմորդների թիվը եղել է ընդամենը 16 հոգի, ո՞ր տարին:
Պապիկյանը հաստատում է՝ Փաշինյանի ցանկությամբ ՀՀ ԶՈՒ-ն Մոսկվայի զորահանդեսին չի մասնակցել
Մոտ մեկ ամիս հետո իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է հղումների օգնությանը, խուսափողական պատասխաններ տվել:
Մասնավորապես, առաջին հարցի վերաբերյալ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը նշել է.«ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տվել է անհրաժեշտ պարզաբանում, հավելելու որևէ բան չունենք»:
Նշենք, որ լրատվամիջոցների հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել էր՝ նպատակահարմար չի համարվել:
Այսինքն, Սուրեն Պապիկյանը՝ որպես Պաշտպանության նախարար, կամ՝ ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումն իրականացնող, չի էլ փորձել ընդդիմանալ Փաշինյանի քաղաքական կամ անձնական որոշմա՞նը՝ անկախ նրանից՝ դրա հետ համաձա՞յն է եղել, թե՞ ոչ:
Մի կողմից՝ սա կարող ենք մեկնաբանել, որ Սուրեն Պապիկյանը պատասխանատվությունը տեղափոխել է Նիկոլ Փաշինյանի դաշտ, բայց, մեծ հաշվով, սա լավ բանի մասին չի խոսում, երբ ՀՀ զինված ուժերի՝ մոսկովյան զորահանդեսին չմասնակցության միակ հիմնավորում նշվում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը:
Հավելենք, Մոսկվայի զորահանդեսին ՀՀ զինված ուժերի մասնակցել-չմասնակցելու հետ կապված դեռ ապրիլ ամսից էինք փորձել Պաշտպանության նախարարությունից բանավոր ձևաչափով պատասխաններ ստանալ, ինչն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել:
Այնուհետև՝ ապրիլի 19-ին գրավոր հարցում ենք ուղարկել պաշտպանական գերատեսչություն, մայիսի 6-ին պատասխան գրության մեջ ՊՆ-ն հրաժարվել էր տեղեկություն տրամադրել՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 29-րդ հոդվածին (Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 8-րդ կետի պահանջներին:
Փաստորեն, ճիշտ դիտարկում էինք արել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Արծրուն Հովհաննիսյանի «Հայրենական Մեծ պատերազմի միֆերը» կոտրելու հարցազրույցից հետո պիտի բաց նամակ հղեր Նիկոլ Փաշինյանին, և ոչ թե Սուրեն Պապիկյանին, ով, ի դեպ, զերծ մնաց հրապարակային հարցեր լուծելուց, ինչը տվյալ դեպքում ճիշտ էր:
Բայց, կրկնում ենք, գործ ունենք չափազանց վտանգավոր իրողության հետ, երբ փաստորեն բանակին առնչվող ցանկացած հարց Նիկոլ Փաշինյանը կարող է միանձնյա համարել նպատակահարմար կամ ոչ նպատակահարմար՝ խաղաղ պայմաններում չլինելով գերագույն հրամանատար, իսկ պաշտպանական գերատեսչությունն էլ համաձայնի կամ համակերպվի դրա հետ: Իրականում այդպես է եղել նաև նախքան այս, երբ սահմանազատման և սահմանագծման պիլոտային ծրագրի արդյունքում հայկական մարտական դիրքեր հանձնվեցին Ադրբեջանին կամ դրանք դադարեցին լինել ՀՀ ԶՈւ ենթակայության տակ:
Այդպես է եղել նաև, երբ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքից միակողմանի դուրս բերվեցին հայկական զորքերը:
Այսինքն, երևույթը նոր չէ, դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմի ընթացքի և ելքի մասին:
Հայ-ռուսական պաշտպանական հարաբերությունների մասին «հավելյալ տեղեկություններ» չեն կարող հայտնել
Իսկ հայ-ռուսական հարաբերություններին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և իր ռուս գործընկերների հետ շփումներին վերաբերող 2-րդ և 4-րդ հարցերին ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունն իր գրության մեջ նշել է.
«2-րդ և 4-րդ հարցերի առնչությամբ հայտնում ենք, որ միջազգային համագործակցության վերաբերյալ տրվում են պաշտոնական հաղորդագրություններ, հայտարարություններ, որից զատ հավելյալ տեղեկություններ չենք կարող հայտնել»:
2024 թվականի հուլիսին 168.am-ը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը «գաղտնի շնորհավորել էր Անդրեյ Բելոուսովին ՌԴ ՊՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»:
Իսկ պաշտոնական հաղորդագրություններից կարելի է տեղեկանալ, որ 2023 թվականի փետրվարին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը այդ ժամանակ դեռ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ, իսկ ուղիղ հանդիպումը՝ 2022 թվականի դեկտեմբերին:
Իսկ ձևակերպումը՝ «հավելյալ տեղեկություններ չենք կարող հայտնել», կարելի է տարբեր կերպ հասկանալ, որ չկա հավելյալ տեղեկությունների առիթ, կամ՝ կա, բայց այն հրապարակման ենթակա չի, ինչը բնական է:
Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև ուղիղ կապ չկա
Մեր 3-րդ հարցադրմանն ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը հիշեցրել է, որ 2022 թվականին 168.am-ին այս առնչությամբ տեղեկություն հայտնել է՝ նշելով. «Խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի՝ 2022 թվականի օգոստոսին Ձեր լրատվամիջոցին տրված մեկնաբանությունը»:
Նշենք, որ 2022 թվականի օգոստոսին մենք ՊՆ-ից փորձել էինք ճշտել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվել է ուղիղ կապ այս ընթացքում, եթե՝ այո, քանի՞ անգամ, և այսօր այն գոյություն ունի՞։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը այդ ժամանակ մեզ հայտնել էր հետևյալը.
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»:
Այսինքն, 3 տարի անց այս առումով որևէ բան չի փոխվել:
Իսկ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի վերաբերյալ հայտարարություններին էլ Պաշտպանության նախարարությունը համառորեն չի հակադարձում։
Մենք, ինչպես նշեցինք, ևս մեկ անգամ փորձել էինք պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն պնդումը, որ ռազմական համալսարանում, այնուհետ՝ ակադեմիայում, դիմորդների թիվը եղել է ընդամենը 16 հոգի, ո՞ր տարի:
Պաշտպանական գերատեսչությունն այս տեղեկությունը դասել է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների շարքին:
Այսինքն, իշխանական պատգամավորը գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյա՞լ է հրապարակել: Նշենք, որ եղել են տարիներ, երբ պաշտոնապես դիմորդների թիվ է հրապարակվել: