
Աչքի բանկի ամբողջական ներդրումն ու համալրումը զգալիորեն մատչելի կդարձնեն եղջերաթաղանթի փոխպատվաստման գործընթացը Հայաստանում

Մեր օրերում գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը, և նման վիրահատությունները Հայաստանում սկսեցին իրականացվել դեռ 1970-ական թվականներին։
Այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության կոմից կազմակերպված արտագնա սեմինարում հայտնեց ակնաբուժության գծով տվյալ գերատեսչության խորհրդատու, վիրաբույժ-պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը։
«1970-ական թվականներին տեխնոլոգիաներն այդքան զարգացած չէին, մինչդեռ այսօր եղջերաթաղանթի փոխպատվաստումն ամբողջ աշխարհում դարձել է տվյալ ոլորտում ամենաշատ իրականացվող վիրահատությունը։ Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև հենց եղջերաթաղանթի փոխպատվաստումը համարվում է ամենաէֆեկտիվը։
Եթե պահպանվում են բոլոր նորմերը և կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ապա խնդիրներ գրեթե չեն առաջանում։ Հպարտորեն կարող եմ ասել, որ եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո պացիենտը լիարժեք ապրում է իր կյանքով, որևէ սահմանափակումներ կյանքում այլևս չի ունենում և տեսնում է շատ լավ»,-ասաց Զիլֆյանը։Մասնագետ վիրաբույժը հավելեց, որ այսօր կան կենտրոններ, մասնավորապես Աչքի առողջության ինստիտուտը, որտեղ ստեղծվել է ակնային բանկ և այդտեղ իրականացվում են եղջերաթաղանթի փոխպատվաստումներ ոչ թե ձեռքով և կտրվածքով, այլ լազերով։
«Դա հատուկ ֆենտովայրկյանային լազեր է, որը թույլ է տալիս իրականացնել գերճշգրիտ փոխպատվաստում։ Նման պայմաններում վիրահատությունից հետո օտարում գրեթե տեղի չի ունենում։ Տարեկան ամբողջ աշխարհում իրականացվում է 100 հազարից ավելի եղջերաթաղանթի փոխպատվաստում։ Հայաստանում մասնավորապես արցախյան պատերազմների ժամանակ աչքի այրվածքների թիվն աճել է, որոնց պատճառով երիտասարդ որոշ զինծառայողներ կորցրել են տեսողությունը։ Երկրորդ խումբը կերատոկոնուսով հիվանդներն են։ Հայաստանն այդ առումով հանդիսանում է էնդեմիկ գոտի, որովհետև կերատոկոնուսի պատճառով շատ խնդիրներ են առաջանում»,-ասաց Զիլֆյանը։
Նրա տեղեկացմամբ՝ դա հիմնականում վերաբերում է ցածր տեսողությանը, քանի որ կերատոկոնուսը եղջերաթաղանթի դիստրոֆիկ հիվանդություն է, երբ նշված թաղանթը սկսում է բարակել, իսկ շատ բարակելու դեպքում աչքը նույնիսկ կարող է ծակվել։ Դա, բնականաբար, դժվար հիվանդություն է, հետևաբար բուժումը հատկապես ուշ փուլում իրականացվում է միայն եղջերաթաղանթի փոխպատվաստումով։
«Հետևելով աշխարհի առաջատար բժշկական կենտրոնների օրինակին՝ մենք նույնպես ստեղծել ենք ակնային բանկ, որտեղ կան հատուկ պայմաններ եղջերաթաղանթի կոնսերվացիայի, ինչպես նաև եղջերաթաղանթի պատրաստման ու մշակման համար։ Այդ ամենն օգտագործվում է հիվանդների տեսողությունը վերականգնելու նպատակով»,-եզրափակեց Զիլֆյանը։
Պաթոլոգիայի գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Հասմիկ Զարգարյանը նշեց, որ վաղուց արդեն պատրաստ էր աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման ծրագիրը, և ընթացիկ տարվա հունվարին «Արաբկիր» բժշկական կենտրոնն ու Աչքի առողջության ինստիտուտը կնքեցին պայմանագիր երակային դոնորից եղջերաթաղանթի փոխպատվաստման հետ կապված։
«Պահանջվեց շատ երկար աշխատանք, բոլոր իրավական փաստաթղթերը մշակվել և մանրակրկիտ ուսումնասիրվել են։ Թեև գործընթացը սկսվեց, սակայն բնակչությունը հավուր պատշաճի իրազեկված չէ։ Երբ խոսում ենք մահացածների հարազատների հետ, նրանք շատ լարված, կասկածամտությամբ հարցնում են, թե ինչու ենք մենք կատարում նման փոխպատվաստումներ, և ինչու են իրենք առաջին անգամ լսում այդ մասին։ Ակնկալում ենք լրատվամիջոցների աջակցությունը, որպեսզի մարդիկ տեղեկացվեն և գիտակցեն, որ ոչ մի տեսակի փոփոխություն դիակի մոտ չի առաջանում կոսմետիկ տեսանկյունից»,-ասաց Զարգարյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը կապված է ընտրության հետ, որովհետև մահացածների պարագայում, եթե իհարկե նրանք կարող են լինել պոտենցիալ դոնոր, ստուգվում են հակացուցված հիվանդությունները։
«Մենք հընթացս հասկացանք, որ չենք կարող սահմանափակվել միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիահերձարանով, ուստի պետք է դիմենք բոլոր ախտաբանաանատոմիական բաժանմունքներին, որպեսզի միանան այս ծրագրին և միասին աշխատենք։ Հարազատների կողմից ամենաշատ տրվող հարցը վերաբերում է փոխհատուցմանը, սակայն մենք բացատրում ենք, որ դա վաճառքի առարկա չէ։ Մենք ընդամենը կյանքեր ենք փրկում, այդուհանդերձ շատ հաճախ խոսակցությունն ավարտվում է հենց այդ կետում։ Հուսանք, որ սառույցը տեղից կշարժվի, մշակույթը կփոխվի՝ սկսած ծիսակարգերից։ Պետք է շարունակ մտածել այն մասին, որ եղջերաթաղանթի հաջող պատվաստումից մարդկանց տեսողությունը կարող է լավանալ»,-եզրափակեց Զարգարյանը։
Մալայանի անվան կլինիկայի ակնաբույժ Անի Համբարձումյանը, ով ժամանակին վերապատրաստվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի աչքի բանկում և այժմ անմիջականորեն զբաղվում է նմանատիպ կառույցի գործունեությամբ արդեն Հայաստանում, նշեց, որ աչքի բանկի ներդրումն այնքան մեծ նշանակություն ունի, որ եթե մեր աչքի բանկը տեղի դիահերձարաններից կարողանա հայթայթել համապատասխան քանակի եղջերաթաղանթ, ապա այդ դեպքում արդեն մեզ մոտ նման փոխպատվաստումը կլինի բավականին էժան և մատչելի, առավել ևս, որ կերատոպլաստիկայի վիրահատությունը շատ դեպքերում իրականացվում է պետպատվերի շրջանակում։
«Շատ դեպքերում թաղանթը պատվիրվում է արտերկրից, ինչը բավականին թանկ է։ Այն գումարը, որ գնում է պետությունից դուրս, վնասում է մեզ, քանի որ մեր հաշվին հարստանում են արտասահմանյան աչքի բանկերը։ Իսկ եթե գումարը ծախսվի Հայաստանում, ապա կզարգանա մեր համակարգը։ Դա ավելի նպատակահարմար է։ Աչքի բանկի համալրման մեխանիզմն ավելի կենսունակ կլինի, եթե ունենանք դոնորների ռեգիստր, և մարդկանց մահից հետո նրանց հարազատներին հարցնելու կարիք չլինի։ Եթե մարդիկ կենդանության օրոք համաձայնեն լինել դոնոր, ապա եղջերաթաղանթների զգալի քանակ ունենալու հավանականությունը կլինի շատ մեծ»,-ասաց Համբարձումյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այժմ միակ խնդիրն այն է, որ ազգի սոցիալական վիճակը, արժեհամակարգը, կարծրատիպային մտածելակերպը մեծապես ազդում են իրավիճակի վրա։«Երբ սգո սրահներում մոտենում ես մարդկանց և հարցում, թե կարելի է արդյոք վերցնել եղջերաթաղանթ հանգուցյալից, նրանց մոտ առաջանում է հակառակ ռեակցիա։ Եզակի դեպքերում են հարազատները համաձայնվում։ Բայց պետք է դրա ձևն էլ մշակել, բացատրել, որ կան մարդիկ, որոնք մեծապես ունեն եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք, ինչը նրանց կյանքն արմատապես կփոխի՝ լավացնելով նրանց տեսողությունն ու փրկելով կուրությունից։ Կա նաև իրազեկվածության խնդիր, անհրաժեշտ է շարունակ մարդկանց հետ խոսել, բացատրել ու հասկացնել խնդրի էությունը»,- ասաց ակնաբույժը։
Համբարձումյանը հայտնեց, որ սովորաբար մարդու մահից հետո նրա եղջերաթաղանթը կարող է պիտանի լինել 12-24 ժամվա ընթացքում։ Այժմ տասնյակ մարդիկ Հայաստանում սպասում են այդքան ցանկալի փոխպատվաստմանը և մեծ գումարներ չունեն արտասահմանից եղջերաթաղանթ պատվիրելու համար։ Տարբեր նշանակության եղջերաթաղանթներ ներկրելու դեպքում դրանց արժեը կազմում է 2000-3000 դոլար, իսկ եթե մեր աչքի բանկը ունենա զգալի համալրում, ապա եղջերաթաղանթի ձեռքբերումը կլինի անհամեմատ էժան և մատչելի։