Բաժիններ՝

Ամբողջ աշխարհում կա փոխպատվաստվող օրգանների պակաս, դրանք բավարարում են մոլորակի ազգաբնակչության մոտ 20 տոկոսին. Հելեն Նազարյան

Օրգանների և հյուսվածքների հաջող փոխպատվաստում հիմնականում իրականացվում է դիակային դոնորների հաշվին, իսկ կենդանի դոնորների պարագայում փակվում է պահանջարկի ընդամենը 30 տոկոսը։

Այդ կարծիքը փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ «Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները» խորագրով արտագնա սեմինարի ժամանակ հայտնեց օրգանների և հյուսվածքների գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Հելեն Նազարյանը։ Նա ամփոփ ներկայացրեց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման պատմությունը, տեսակները, անդրադաձավ դոնորների ընտրության հետ կապված խնդիրներին, ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ՝ ցույց տալու համար ամբողջ աշխարհում առկա դինամիկան։

«Ակնհայտ է, որ ամբոողջ աշխարհում գոյություն ունի փոխպաատվաստվող օրգանների պակաս, դրանք բավարարում են մոտավորապես մոլորակի ազգաբնակչության 20 տոկոսին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ 2002 թվականից սկսած, երբ ընդունվեց «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքը, իրականացվել է երիկամի 273 փոխպատվաստում։

Նույն ժամանակահատվածում ծրագրային հեմոդիալիզ ստացողների թվաքականը կազմել է մոտ 1500 հոգի, իսկ այս պահին դիսպանսեր հսկողության տակ գտնվում է 220 հիվանդ։ Տարբերությունը բավականին մեծ է, և որքան տարիներն անցնեն, այդքան տարբերությունը կմեծանա, որովհետև շատ հիվանդներ նորից անցնելու են ծրագրային հեմոդիալիզի»,-ասաց Նազարյանը։

Եթե, օրինակ, 2005 թվականին հեմոդիալիզի անցել է 100 հիվանդ, ապա 2021 թվականին նրանց թիվը դարձել է միանգամից 300, որովհետև իրականացվում են սրտի ստենդավորումներ, կատարվում է ինսուլտի դեմ պրոֆիլակտիկ բուժում, իսկ նշված հիվանդները երիկամային անբավարարության առումով գտնվում են ռիսկի խմբում։

«Կա ևս մեկ հանգամանք։ Դիալիզ ստացող հիվանդների 10-15 տոկոսը չի ցանկանում փոխպատվաստվել, ուղղակի նշում են, որ դիալիզով ապրելու պարագայում իրենց ուրիշ ոչինչ պետք չէ, իսկ մնացած հիվանդների հարցում կա հնարավորությունների խնդիր, քանի որ ոչ բոլորն ունեն դոնորներ, մինչդեռ դոնոր լինելու համար պետք է ցանկություն։

Հայաստանոում, ընդհանուր առմամբ, գործում է ենթադրելի համաձայնությունը, այսինքն՝ պետք է անձը չհրաժարվի դոնոր լինելուց, հակառակ պարագայում հարցը կփակվի։ Պոտենցիալ դոնորների դեպքում կարևոր է նաև հարազատների համաձայնությունը, որպեսզի տվյալ մարդուց օրգան վերցվի»,- պարզաբանեց Նազարյանը։

Մասնագետը հանգամանորեն բացատրեց «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքում նշված հիմնական հասկացությունները, խոսեց օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի՝ առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մասին, որը հասանելի է օրգաններ և հյուսվածքներ վերցնող, ինչպես նաև փոխպատվաստում իրականացնող բժշկական կազմակերպություններին։

Նազարյանն իր ելույթում անդրադարձավ դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու նախապայմաններին ու իրավական կարգավորումներին, խոսեց փոխպատվաստման ենթակա օրգանների մասին։ Նրա կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2002-2023 թվականներին փոխպատվաստում ստացած անձանց պարագայում ապրելիությունը մեկ տարվա կտրվածքով կազմել է 97,1 տոկոս, երեք տարվա կտրվածքով՝ 95,1 տոկոս, հինգ տարվա կտրվածքով՝ 93,3 տոկոս, տասը տարվա կտրվածքով՝ 87,6 տոկոս։ Երիկամի փոխպատվաստումից հետո չորս կանայք ունեցել են դրական ելքով 7 հղիություն, իսկ լյարդի փոխպատվաստումից հետո երկու կանայք ունեցել են դրական ելքով 3 հղիություն։

Առհասարակ կարևորելով օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակությունը՝ մասնագետը շեշեց, որ դրա շնորհիվ փրկվում են կյանքեր, երկարում է հիվանդների ապրելիությունը, ապահովվում է կյանքի ավելի լավ որակ, երեխաների ֆիզիկական և հոգևոր զարգացման բարելավում, ֆինանսական ռեսուրսների խնայում։ Նազարյանն ուրախությամբ հիշեցրեց, որ 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, առաջին անգամ կազմակերպվեցին Հայկական տրանսպլանտ խաղերը, որոնց մասնակցեցին երիկամի և լյարդի փոխպատվաստում ստացած անձինք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս