«Կփորձեն մատաղ անել Ավինյանին, բայց նաև վախենում են, շատ բան գիտի, բա որ բերանը բացի՞». Մեսրոպ Մանուկյան
Թեև Երևանի քաղաքապետարանի ՔՊ-ական իշխանությունը, երբ հասարակական տրանսպորտի սակագինը 100-ից դարձեց 150 դրամ, երևանցիներին խոստացավ, որ այդ նույն հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու է, սակայն հունիսի 3-ին պարզ դարձավ, որ այն, ինչ խոստացել է Երևանի քաղաքային իշխանությունը, իրականություն դառնալ չի կարող։
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Բանից պարզվում է, որ արդեն 30-ը՝ առնվազն, հնարավոր չի լինի գնել»,– հրավիրված բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ, ըստ նույն քաղաքային իշխանության, մայիսի 19-ի տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին նախատեսված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամ թերակատարում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, խոսելով տրանսպորտի թանկացման հետևանքով Երևանի քաղաքային բյուջեի թերակատարումների մասին, նախ ընդգծեց՝ թերակատարումն ապացույցն է նրա, որ տրանսպորտի թանկացումն առ այս պահը քաղաքացիները բոյկոտում են, ավելին՝ այդ նույն բոյկոտին միացել են նաև ավտոբուսների վարորդները։

«Տրանսպորտը թանկացրել են, բայց կուտակված խնդիրները չեն լուծել։ Լա՛վ, բա ձեր գործառույթն ինչո՞ւմն է։ Երևան քաղաքի բյուջեն երբեք 400 միլիոն դոլար չի եղել, հարց է առաջանում՝ դա ինչի՞ վրա եք ծախսում։ Հասարակ անձրևից ջրհեղեղ է, ասում եք՝ ջրատարները չեն գործում։ Արդեն 7 տարի է՝ իշխանության եք, ի՞նչ եք արել դուք։
Բացատրում ենք, որ «ԹելՍելլի» աշխատանքը խնդրահարույց է, որ այդ համակարգը նորմալ չի աշխատում։ Ինչո՞ւ չեք լսում։ Թերակատարումների մասին ասեմ, որ ես կասկածներ ունեմ, որ «ԹելՍելլ» համակարգն ուղղակի գողանում է Երևանի քաղաքապետարանից. կարող է 100.000 մարդու տվյալ ուղղակի ջնջել, և, որ ամենավատն է՝ Երևանի քաղաքապետարանը չունի դա վերահսկելու մեխանիզմը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, թե կասկածներ ունի, որ 2026 թվականին ընդառաջ՝ Երևանի քաղաքային խնդիրների կուտակմամբ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը կորոշի մատաղ անել Տիգրան Ավինյանին։
«Կփորձեն մատաղ անել Ավինյանին, բայց նաև վախենում են, շատ բան գիտի, բա որ բերանը բացի՞»,– շեշտեց Մեսրոպ Մանուկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



