
Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, միլիոնավոր դրամների վերանորոգման ծախսեր․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը

Օրերս տեղեկացանք, որ կառավարությունը ներկայացնող Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, հենց կառավարության կողմից հիմնադրված «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն է նշանակվել։
Բայց ընտանեկան ու ազգակցական այս դասավորումները նոր չեն Փաշինյանի թիմում․ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը քննադատող «հեղափոխական» առաջնորդն ինքն էր իշխանական աթոռին նստելուց հետո սկսել տեղավորել իր հեռու ու մոտ բարեկամներին՝ եղբորորդի, սանիկ, քավոր, քենի, բաջանաղ, աներձագ…
Իսկ «հեղափոխական» այս ազնիվ ձեռքբերումները միակը չէին գործող իշխանությունների համար․ նրանք այս ընթացքում հասցրին նաև աղքատությունը հանել «գլուխներից» ու օր օրի բարելավել սեփական կենսամակարդակը։ Ցավոք, այս նոու-հաուն չաշխատեց Հայաստանի Հանրապետության հպարտ շատ այլ քաղաքացիների դեպքում, որոնք մնացին կոտրած տաշտակի առաջ։
Այս ամենի մասին՝ առավել մանրամասն։
Արտաքին գործերի նախարար ՔՊ-ական Արարատ Միրզոյանը 2025 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Պաշտոնյայի հայտարարագրում պահպանվել է համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 2018 և 2022 թվականներին գնված երկու անշարժ գույքը՝ առանձնատուն Նաիրիում և բնակարան Երևանում։
ԱԳ նախարարը հայտարարագրել է նաև տպավորիչ դրամական միջոցներ․
– բանկային հաշիվների երկու մնացորդները տարվա ընթացքում ունեցել են հետևյալ փոփոխությունը․ 2024 թվականի տարեսկզբի 3 միլիոն 500.000 դրամը տարեվերջին դարձել է 2 միլիոն 746.797 դրամ, 30.000 դոլարը՝ 22.000 դոլար,
– կանխիկ դրամը՝ տարեսկզբի 50.000 դոլարի փոխարեն տարեվերջին կազմել է 37.000 դոլար, իսկ 2.000.000 դրամը՝ ավելացել 750.000 դրամով։
Արարատ Միրզոյանի հաշվետու տարվա՝ 24 միլիոն 771.233 դրամը գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած եկամտային հարկի վերադարձից՝ 3 միլիոն 018.744 դրամի չափով և ԱԳՆ-ից ստացած 21 միլիոն 752.489 դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Պաշտոնյայի վարկային բեռը՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 26 միլիոն 643.395 դրամ է եղել․ հիփոթեքի առարկան բնակարանն է բազմաբնակարան շենքում։
Ի դեպ, նա հաշվետու տարվա ընթացքում 4.840.000 դրամ է ուղղել վարկի մարմանը։
Նախարար Միրզոյանի՝ միանվագ այլ ծախսերի մասին
2024 թվականին նախարարն ու ընտանիքի անդամները հանգստի ճանապարհածախսին ուղղել են 4.790.000 դրամ, ուսման և այլ դասընթացներին՝ 4.010.000, անշարժ գույքի վերանորոգմանը՝ 16.800.000 դրամ և ևս 3.500.000 դրամ միանվագ այլ ծախսեր, որոնց բովանդակությունը չի հանրայնացրել։
Ի դեպ, նախորդ տարի Արարատ Միրզոյանը հայտարարագրել էր 9 միլիոն 500.000 դրամի չափով անշարժ գույքի վերանորոգման ծախս։
Ուղղակի այստեղ հիշենք Արարատ Միրզոյանի սոցիալական վիճակի մասին արձանագրումը 2019 թվականին․ մանավանդ, որ թեման բացել էր ինքը։ Փաշինյանն ասել էր, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չեն մարել, իսկ Արարատ Միրզոյանն էլ հիշել էր․ «Գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա»։
Արարատ Միրզոյանի կնոջ, համատեղությամբ՝ արդեն «Ներդրումների աջակցման կենտրոնի» նորանշանակ գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի հայտարարագիրը։
Գոհար Աբաջյանն իր հայտարարագրում ևս նշել է նույն անշարժ գույքերի մասին, որոնք նշել էր Արարատ Միրզոյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ 2024 թվականին 4 միլիոն 508.000 դրամով օտարել է 2019 թվականին գնած «Կիա» մակնիշի մեքենան, բայց 39.405.46 եվրոյով գնել հենց 2024 թվականի արտադրության «Բեմվե» մակնիշի մեքենա գերմանական Michael Schmidt ավտոսրահից։
Արարատ Միրզոյանի տիկնոջ դրամական միջոցները․ Հայտարարատուի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում նվազել են՝ տարեսկզբի 1.723.720 դրամը տարեվերջին կազմել է 2.040 դրամ, իսկ 3800 դոլարը՝ 96.96 դոլար, կանխիկ դոլարային միջոցը՝ 10.000 դոլարը, տարվա ընթացքում պահպանվել է, դրամական միջոցը՝ 890.000 դրամը, պակասել է՝ տարեվերջին կազմելով 340.000 դրամ։
Գոհար Աբաջյանի հաշվետու տարվա՝ 46 միլիոն 301.077 դրամ եկամուտները ձևավորվել են Հայէկոնոմբանկից ստացած 11.000.000 դրամ փոխառությունից, «Էնվիդիա Արմենիա» ընկերությունից ստացած 6 միլիոն 547.574 դրամ և «Քոգնայզ Էնջինիրինգ» ընկերությունից ստացած 28 միլիոն 753.503 դրամ աշխատանքի վարձատրությունից և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Նախարարի կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 78 միլիոն 271.172 դրամ, որոնցից մեկը հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տան վարկն է (մնացորդը՝ 67.568.163 դրամ): Նա հաշվետու տարում վարկի մարմանն ուղղել է 8 միլիոն 211.889 դրամ։
Գոհար Աբաջյանը նաև 4.255.000 դրամ հանգստի համար կատարած ճանապարհածախս է հայտարարագրել, 2.761.000 դրամ՝ ուսմանը, կամ այլ դասընթացին ուղղված վճար, իսկ ևս 2.490.000 դրամ ծախսի բովանդակություն չի հանրայնացրել։