«Իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված». Պաշտպանության փոխնախարար

«Ես հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ, սակայն դուք գիտեք, որ այդ հարցով թե՛ Անվտանգության խորհրդի նիստում, թե՛ Կառավարության վերջին նիստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետը, ներկայացրեց մտահոգությունները, խնդիրները։ Կարծում եմ՝ դուք ուշադրություն դարձնում եք արտաքին քաղաքական պրոցեսներին։ Գիտեք նաև վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած այդ իրադարձությունները՝ որոշակի լարվածության միտումը և պահպանումը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով լայնամասշտաբ գործողությունների հավանականության հարցին։

Ըստ նրա՝ ստեղծված լարվածությունը մտահոգությունների տեղիք տալիս է։

«Երբ ուսումնասիրում ենք մամուլը, ամեն ինչի մասին տեղեկանում ենք, պաշտոնական լրահոսը մեզ հնարավորություններ  տալիս է։ Սրանք այնպիսի թեմաներ են, որոնք բոլորին են հետաքրքրում, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներ են, և կարծում եմ՝ պաշտոնական լրատվությունը բոլոր հարցերի պատասխանները տալիս է։ Մենք հիմա խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց և՛ պատասխանելը և՛ չպատասխանելը, հաստատելը կամ հերքելը պատկան մարմինների գործն է, դրանից պետք է իրենք խոսեն։ Ես կարող եմ բացարձակապես խոսել այն մասին, թե ինչ իրավիճակ է այս պահին։ Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված»,- շեշտեց փոխնախարարը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ երբ ստեղծված իրավիճակի հետ կապված հետաքննություն իրականացվի, դրա մասին բոլորը կտեղեկանան։

«Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարի տեղակալին՝ երկար ճեպազրույց վարել։ Փառուխում ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ ինչ տեղեկատվություն տրամադրվել է, այդ առումով փոփոխության չի ենթարկվել»,- ընդգծեց Արման Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս