Անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում արձանագրեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:
Գործադիրի ղեկավարը, սակայն, հավելեց՝ պատրաստ են հայկական կողմի առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին, կառուցել ճանապարհ և երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
«Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը, և կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:
Այսօր մենք առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկները, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ հաջորդ հարցը, որն Ադրբեջանն օգտագործում է էսկալացիոն տրամաբանությունն արդարացնելու խոսույթ ձևավորելու համար, Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցն է:
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
«Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ, և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:
Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիտորինգ իրականացնելու առաջարկով:
Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել. երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար: Այս հարցում, սակայն, մենք եղել ենք և կանք մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի բանաձևեր նույնպես առաջարկել ենք. Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում՝ փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:
Ամեն դեպքում, կարծում եմ. անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում՝ և Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,- հավելեց նա:
Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ գործադիրի ղեկավարն արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, խաղաղապահների աչքի առաջ շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով:
Նիկոլ Փաշինյանը վերստին շեշտեց՝ սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է. «Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:
Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու՝ Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե՝ աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունն իմացող մասնագետներից:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը, և մշակույթի նախարարի հայտարարությունն ամենևին էլ պատահականություն չէ:
2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել, բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։
Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»»:
«Այս բոլոր իրավիճակները, մեր կարծիքով և համոզմամբ՝ պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր՝ ներառյալ գազային ահաբեկչությունը, և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:
Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին անգամ արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով, և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա:
Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: