«Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ տեղեկություն է նետում ասպարեզ». Վարդան Արամյան

«Բյուջեում միշտ էլ գումարը քիչ է լինում և առհասարակ կյանքում էլ՝ մեր պահանջմունքները շատ ավելի շատ են, քան այն գումարը, որը մեր գրպանում լինում է։ Սա ես կենցաղի մակարդակով եմ բացատրում։ Երբ ընտանիքում որևէ խնդիր է առաջանում, սկսում եք գերակայություններ սահմանել, սկսում եք մտածել, արդյո՞ք արժե գնել հագուստ կամ կոշիկ, երբ կան առողջական խնդիրներ։ Հետևաբար՝ վերանայում եք ձեր գերակայությունները, որպեսզի ձեր միջոցները կարողանաք ճիշտ տեղում օգտագործել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ ճգնաժամերը միշտ պահանջում են գերակայությունների վերանայում, որովհետև դրանց դեմ պայքարը պահանջում է ռեսուրս, այլ խոսքով՝ դատարկ գրպանով հնարավոր չէ պայքարել խնդիրների դեմ։ Միևնույն ժամանակ՝ միշտ էլ լինում են սահմանափակումներ, այդ թվում՝ պարտքի ներգրավման սահմանափակումներ։ Հետևաբար՝ այստեղ ամենաբարդ խնդիրը ճիշտ հաշվեկշիռ պահելն է։

«Այսինքն՝ վերցնել այնքան պարտք, որքան ի վիճակի են հետագայում սպասարկել, վերանայումներ անել ծախսային գերակայություններում, որպեսզի կարևորներից ամենակարևորներին օգնեն։ Միևնույն ժամանակ պետք է մեծ ուշադրություն դարձնեն, որպեսզի առկա տնտեսական պոտենցիալը խնդիրներ չունենա, որովհետև մենք պետք է ապրենք ոչ միայն այս տարով, այլև հետագայում»,- հավելեց Վարդան Արամյանը։

Թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակում կառավարության աշխատանքը, Վարդան Արամյանը պատասխանեց, թե 2-3 շաբաթում գնահատական տալը դժվար է։

«Մեկ գնահատական տվել եմ հաղորդակցության մասով։ Կարծում եմ՝ հաղորդակցության մասով կան խնդիրներ։ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ տեղեկություն է նետում ասպարեզ, որովհետև կառավարությունը որպես հիմնական լիդեր՝ այդ տեղեկատվությամբ վարքագիծ է ձևավորում հանրության մոտ։ Եթե այնպես է լինում, որ կառավարությունն ասում է, որ խնդիրներ կան, գնաճային ռիսկեր կան, ինչն անվիճելի է, բայց միևնույն ժամանակ, եթե շատ համակարգված չի բացատրում, թե այդ խնդիրների կառավարման գործիքակազմը ինչպես, ինչ է անում, շատ կարևոր է դրական ազդակները հաղորդել հանրությանը, տնտեսվարողներին և տնային տնտեսուհիներին, որպեսզի իրենք ճիշտ վարքագիծ ունենան»,- պարզաբանեց  Վ. Արամյանը՝ շարունակելով, որ այդ գործողությունները անհրաժեշտ է կատարել, որպեսզի  ժողովուրդը չսկսի ոչ ռացիոնալ վարքագիծ դրսևորել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս