Ինչպե՞ս են թուրքերը մի գիշեր կոտորում Շուշիում ապրող հայերին և ավերում քաղաքը

1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցան կոտորածներ։

Այդ վայրագությունների ժամանակ սպանվեց մոտ 20 հազար հայ։ Քաղաքն ամբողջովին ավերվեց, վառվեց ու թալանվեց։

1920 թվականի մարտի իրադարձություններն այն միակ վայրագությունները չէին, որ այդ թվականին իրականացրեցին թուրք, թաթարաադրբեջանական հրոսակները։ Վայրագությունների մի դեպք գրանցվեց նույն թվականի հունիս ամսին, որ  տրամաբանորեն մարտ ամսի իրադարձությունների շարունակությունն էր։ Այդ իրադարձությունների մասին  մանրամասն պատմում է հայ նշանավոր ազգային, հասարակական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով կանգնած էր իրադարձությունների կենտրոնում։ Իշխանյանն իր «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքում ներկայացնում է թուրքական վայրագություններին նախորդած դեպքերը։ Իշխանյանը նշում է, որ մի խումբ արկածախնդիր հայեր գիշերը մտնում են Շուշի քաղաք, համազարկ տալիս, քաղաքի կայազորին պահանջում են, որ անձնատուր լինի։ Այդ ամենից հետո կայազորը դիմում է զենքի, և քաղաքում սկսվում են վայրագությունները․

«Որովհետև քեալլագեօզները թուրքերի նոր տարւայ առաջին օրը կռիւ սկսելով, փչացրել են նրանց ազիզ օրը, ուստի թուրքերը գազազել, անգթութիւններ են գործել․ կանանց, աղջկերանց բռնաբարել։ Թուրքերից մի քանի հոգի, արտաքինով ներկայանալի միջին տարիքի մարդիկ, մօտեցան և նոյնպէս դժգոհութիւն յայտնեցին, թէ հայերն են կռիւ սկսել, յարձակում գործել․․․։ ․․․Թուրքը իրաւամբ ծաղրում էր մեզ ու մեր կառավարութեանը։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 623-624):

Դեպքերից հետո տեղի է ունենում հայրենակցական ժողով։ Ժողովին մասնակից Ռ․ Յուզբաշյանը պատմում է, որ Թիֆլիսում՝ Զանգեզուր-Ղարաբաղի հայրենակցական միության ցանկությամբ, իրեն հաջողվում է գնալ Շուշի քաղաք։ Նա քաղաք մտնում է անգլիացի զինվորականների ուղեկցությամբ։

Յուզբաշյանի նպատակն էր՝ ծանոթանալ քաղաքի դրությանը, տեսնել, թե ինչ ավերածություններ են եղել և այդ ամենի մասին ի՞նչ են պատմելու և ներկայացնելու մարդիկ։ Յուզբաշյանին հաջողվում է այդ իրադարձությունների մասին մի շարք մանրամասներ իմանալ․

«Լինելով շուշեցի լաւ ծանօթ տեղին, ծայրէն-ծայր պտտել, տեսել է բոլոր թաղամասերը, ամենուրեք աւերակների կոյտ է և չափազանց ծանր տպաւորութիւն է թողնում մարդու վրայ հէնց առաջին վայրկեանից։ Մարտերի վրայ համարւող մի քանի շէնքեր են կանգուն մնացել՝ զօրանոցը, ռէալական դպրոցի շէնքը, եկեղեցիները և կիսաւեր վիճակում՝ զանազան թաղամասերում մի շարք շէնքեր։ Աւերակ թաղամասերում հանդիպել է մարդկանց, հայերի ի հարկէ, որոնք իրենց աւերակ կամ կիսաւեր տներում փնտռտուքներ էին կատարում, տեսնելով իրեն, մօտենում են և մէկը ճանաչելով սկսում է գանգատւել, խոր դժգոհութիւն յայտնում և անիծում էն մարդկանց, որոնք թշւառութեան են մատնել ժողովրդին։ Նրան հետևեցին միւսները և պատմեցին, թէ ինչպէս իրենք անտեղեակ են եղել քեալլագեօզների նպատակին, հանգիստ քնած իրենց տեղում, յանկարծ տակն ու վրայ է լինում ամէն ինչ, տները վառւում են իրար ետևից, մարդիկ լեղապատառ, գլուխները կորցրած աջուձախ վազում, շատերը սպանւում և ով կարողանում է, իրեն գցում է Քարին Տակ գիւղը, շատերն էլ գերի են ընկնում։ Քեալլագօզների արածը նամարդութիւն էր, ասում էին։ Պատմում էին, որ աննկարագրելի է այն ընտանիքների վիճակը, որոնք գիւղերում ազգականներ և բարեկամ մարդիկ չունէին, որ նրանց օգնութեամբ կարողանային ապրել։ Նրանք, որոնք Թիֆլիս կամ Բագու աշխատող ձեռքեր ունեն, օգնութիւն ստանում են կամ փոխադրում են իւրայինների մօտ։ Ընդհանուր առմամբ պատկերը աւելի քան տխուր է և ընկճող․ հնարաւոր չէ նկարագրել խօսքով կամ գրչով»։ (Նույն տեղում՝ էջ 623)։

Հետաքրքրական է, որ Յուզբաշյանի նկարագրություններից ու զեկույցից հետո հայրենակցական ժողովի մասնակից Սերգեյ Մելիք-Յոլչյանը Շուշիում կատարած դեպքերի համար մեղադրում է Ա․ Միքայելյանին։ Այս առիթով Եղիշե Իշխանյանն իր գրքում գրում է․ «Նրան գրւել է ժամանակին՝ ոչինչ չձեռնարկել մինչև Դրոյի՝ Ղարաբաղ անցնելը, սակայն մարդը չի ուզեցել սպասել, ինքնավստահութեամբ գործի է ձեռնարկել և չարաչար ֆիասկօ կրել։ Այո, պէտք է կուսակցական դատի ենթարկել, քանի որ տեղի ունեցած դէպքերին ու երևոյթներին ականատես մարդկանցից շատերը եկել են տեղս և քանի դեռ չեն ցրւել նրանք, պէտք է բոլորի վկայութիւնները լսել և արձանագրել»։ (Նույն տեղում՝ էջ 624)։

Հատկանշական է, որ նախորդ դարում, երբ Շուշին բարբարոսների ձեռքով ոչնչացվում էր, շատերը նույնիսկ փորձում էին անհատապես գտնել ելք, տարբերակ, քաղաքը հայկական գերիշխանության տակ նորից պահելու համար, քանի որ այն հայկական էր։ Երբեմն այդ փորձերը ձախողվում էին, և արդյունքում հրոսակները հրի ու սրի էին մատնում քաղաքը։ Սակայն հայ մարդը փորձում էր պայքարել, գտնել ելքն ու փրկել հայկական Շուշին թուրքական արյունոտ ձեռքերից։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս