Բաժիններ՝

Աղամանների արգելքի մասին նախագիծը հանրային քննարկման ենք դրել, որպեսզի նաև հետաքրքիր լուծումներ, առաջարկներ ստանանք. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ շրջանառության մեջ դրված «աղամանների արգելքի» մասին հայտնի նախագծին և հանրության բարձրացրած աղմուկը և իրենց հեղինակած նախագծի թեման բնորոշեց՝ որպես հանրային քննարկման շատ լավ առիթ։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ կերպով, բուռն քննարկում են այս թեման, և սա ևս մեկ առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում աղը, որը բերում և հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, քրոնիկական հիվանդությունների վատթարացման։ Մենք պետք է շատ հստակ վարքագծային փոփոխություններ մտցնենք, որպեսզի մեր առողջությունը պահպանենք»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ կերակրի աղի օգտագործման վերաբերյալ հետազոտություններ են կատարվել.

«Այդ հետազոտություններն իրականացվում են նաև մի շարք այլ վնասակար սովորությունների՝ շաքարի օգտագործման և այլ շրջանակներում։ Ցավոք սրտի, մահացության հիմնական բեռը հենց այս ոչ վարակիչ հիվանդություններն են հանդիսանում․․․ Ինչ վերաբերում է այլ աննդամթերքներին, պետք է իմանանք, որ ամեն ինչ էլ չափի մեջ օգտակար է, հարցը դրանց չարաշահմանն է վերաբերում․․․»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հանրային քննարկումների արդյունքում այս նախագիծը դուրս գա շրջանառությունից, Առողջապահության նախարարն ասաց, որ նախագիծը հանրային քննարկման են դրել, որպեսզի նաև հետաքրքիր լուծումներ, առաջարկներ ստանան, թե ինչպե՞ս կարելի է վարքաբանական փոփոխության բերել․

«Որպեսզի մեր քաղաքացիները ոչ թե՝ սովորության համաձայն, երբ տեսնում են աղամանը, առանց անգամ փորձելու ճաշի համը, ավելացնում են աղ, այլ փորձենք նրանց սովորությունների մեջ որոշակի փոփոխություններ բերել, որն իր հերթին՝ հանգեցնում է առողջության պահպանմանը․․․

Համարվում է, որ օրական 5 գրամ աղը բավարար է մեր օրգանիզմում յոդի և այլ անհրաժեշտ պաշարները հագեցնելու համար, դրանից ավելին հանգեցնում է որոշակի հիվանդությունների առաջացմանը, սրացմանը և խնդիրների․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս