««Խաղության դարաշրջանի հետ կապված ամեն ինչ բացահայտված է՝ և՛ կողմերը, և՛ ծրագրերը». Հրանտ Խաչատրյան
«Կարծում եմ՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանը» պսակվեց ուկրաինական պատերազմով, դրա մասին հատվածային առումով անիմաստ է խոսելը, որովհետև դրա հակադրությունն արդեն պարզ է։ Ամեն ինչ բացահայտված է՝ և՛ կողմերը, և՛ ծրագրերը դրա հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին» և այդ համատեքստում Հայաստանին ու Արցախին սպասվող հնարավոր վտանգներին։
Ըստ նրա, աշխարհում արդեն ակնհայտ է, որ ազդեցությունների ոլորտների վերաբաժանման կռիվը հասել է գագաթնակետին, և այժմ հատվածային լուծումներ փնտրելը ճիշտ չէ։
«Այժմ արդեն քաղաքակրթական մակարդակի վրա են լուծումները, նույնիսկ աշխարհի բնակչությունը լավ չի գիտակցում, որ իսկապես համայն մարդկության լինել-չլինելու հարցն ընդհուպ մոտեցել է ամենամոտ դիրքերին։ Պետք է լավ գիտակցել, որ այս պատերազմում արդեն, որը համեմատելի չէ արցախյան պատերազմների հետ, հաղթող ու պարտվող կողմեր չեն լինում, և միակ ընդունելի լուծումը մարդկային տրամաբանության հաղթանակն է։ Այսինքն՝ գերտությունները, որոնք աշխարհի ճակատագիրը՝ եթե ոչ լուծողները, ապա ամենամեծ ազդեցություն ունեցողներն են, նրանք պետք է վերանայեն իրենց վերաբերմունքն աշխարհակարգի և միջազգային իրավունքի նկատմամբ»,- հավելեց Հ. Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխարհակարգի փոփոխություն տերմինն այսօր շատ ենք լսում տարբեր վերլուծաբաններից, պետական գործիչներից, բայց նոր աշխարհակարգը չի կարող լինել ավելի լավը, քան գործողն էր, օրինակ, ՄԱԿ-ը՝ իր կանոնադրությամբ, կառուցվածքով։
«Արդեն պարզ է, որ այս աշխարհակարգը խեղաթյուրված աշխարհակարգ է, որը ձևավորվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո։ Լավն էր, թե վատը, բայց գոյություն ունեցող մարդկության զարգացման ներկա փուլին համապատասխան, անվտանգության երաշխիքներ տվող կառույց էր։ Այս պայմաններում, երբ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, սփյուռքում մտածում է հատվածային հաղթանակի մասին՝ նկատի ունեմ, որ մի մասը սպասում են, որ Ռուսաստանը կհաղթի այս պատերազմում, իսկ Ռուսաստանը ներկայացնում է նաև Արևելքը, իսկ մի մասը դրական համարում Արևմուտքի հաղթանակը՝ սխալ է։ Այս երկու մոտեցումներն էլ ճակատագրական սխալ եմ համարում։ Այս պատերազմում հաղթողներ չպետք է լինեն, պետք է հաղթի առողջ տրամաբանությունը»,- եզրափակեց Հրանտ Խաչատրյանը։