
Գագիկ Ջհանգիրյանը լքեց ԲԴԽ կազմը. Էդմոն Մարուքյանի բողոքի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը շարունակվեց առանց նրա

ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննվել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը, որի շրջանակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին որոշումները, ինչպես նաև նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:
ՀՀ վարչական դատարանը 21.12.2021թ. կայացրած և հրապարակված վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերոնշյալ պահանջով հայցը մերժել է, որպիսի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ մերժվել է:
Նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:
Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Հենց այս կարգապահական վարույթն էր երեկ քննվում Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ):
Կարևոր է նշել, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով:
Ուշագրավ այս վարույթի ժամանակ դատավոր Դանիել Դանիելյանի ներկայացուցիչը ԲԴԽ-ում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն էր, իսկ արդարադատության նախարարի ներկայացուցիչը՝ փոխնախարար Գրիգոր Մինասյանն ու նախարարության աշխատակիցներ Գագիկ Հարությունյանն ու Հայկ Սամվելյանը:
Նիստի սկզբում քննվեցին միջնորդություններ: Նախ Արթուր Ղամբարյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
«Վարչական դատարանում ներկայումս քննվում է Գագիկ Ջհանգիրյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորության իրավաչափության հարցը: Գործով վարույթն իրականացնում է Դանիել Դանիելյանը… Ըստ էության սույն վարչական գործը քննվում է իմ վստահորդի կողմից»,- Գագիկ Ջհանգիրյանին բացարկ հայտնելու հիմքերը ներկայացրեց Արթուր Ղամբարյանը:
Նա նաև նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը միջնորդել է կարճել գործի վարույթը, ինչը մերժվել է դատավոր Դանիելյանի կողմից:
Եվ թեպետ արդարադատության նախարարի ներկայացուցիչները կարծում էին, որ Դանիել Դանիելյանի ներկայացուցչի միջնորդությունն անհիմն է, Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշեց բավարարել Արթուր Ղամբարյանի միջնորդությունը: Այդ մասին հայտարարեց ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը: Հենց նա էլ շարունակեց նախագահել նիստը:
Արթուր Ղամբարյանի մյուս միջնորդությունը վերաբերում էր Սահմանադրական դատարանում (ՍԴ) «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի քննության, լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության վիճարկման հիմքով մինչև ՍԴ որոշումը սույն վարույթը կասեցնելուն:
«Խնդրում ենք ՀՀ արդարադատության նախարարի՝ 27.01.2022թ. որոշման հիման վրա դատավոր Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցնել մինչև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ կողմից որոշում կայացնելը»,- միջնորդությունն այսպես ձևակերպեց Արթուր Ղամբարյանը:
Այս միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց, ապա արդարադատության նախարարի ներկայացուցիչը ներկայացրեց նախարարի միջնորդության էությունը, համարեց, որ դատավորը խախտել է դատարանի գործունեության օրինականության սկզբունքը, դատարանի՝ կոլեգիալ կազմով գործի քննության իրականացման կարգը:
«Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարին Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված հաղորդումը 24.12.2021թ.՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ»,- ասաց նախարարի ներկայացուցիչը:
Արթուր Ղամբարյանն արդարադատության նախարարի ներկայացուցիչներին խնդրեց ասել՝ ինչ ընթացակարգի մասին են իրենք խոսում, որն օրենքով նախատեսված չէ:
«Ի՞նչ պետք է աներ դատավորը, որ չի արել»,- հետաքրքրվեց դատավոր Դանիելյանը, ինչին նախարարի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ դատավորի վարքագծին հակասող վարքագիծ չպետք է դրսևորեր:
Մի քանի անգամ դատավորն ու նրա ներկայացուցիչը փորձեցին տարբեր հարցերի միջոցով հասկանալ՝ ստեղծված իրավիճակում ինչ պետք է աներ դատավորը, սակայն առարկայական պատասխան այդպես էլ չստացան:
Նույն հարցերը նաև ԲԴԽ անդամներին էին հետաքրքրում: Մասնավորապես՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հարցրեց՝ ի՞նչ լուծում պետք է տար դատավորը նման իրավիճակում, բացի նրանից, ինչ արել է:
«Դատավորը ոչ մի ողջամիտ քայլ չի ձեռնարկել, որպեսզի այս խնդրից խուսափի»,- արդարադատության փոխնախարարի կարծիքով՝ սա ամենաողջամիտ պատասխանն էր Գրիգոր Բեքմեզյանի հարցին:
Նույնաբովանդակ հարցեր ուղղեցին նաև Լիպարիտ Մելիքջանյանն ու Անի Մխիթարյանը:
Կարգապահական վարույթի քննությունը սույնով ընդհատվեց: Այն կշարունակվի մարտի 17-ին: