Պատերազմական ճգնաժամ չկանխորոշողները՝ որոշումներ կայացնող

Մարտի 2-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է՝ ինչո՞վ էին պայմանավորված Գլխավոր շտաբում (ԳՇ) վերջին պաշտոնանկությունները, այդ թվում՝ ԳՇ պետի, և որքանո՞վ էր այն տրամաբանական ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, չէ՞ որ դրանք իրականության մեջ մեծացնում են սպառնալիքները:

Պաշտպանական ոլորտին տիրապետող ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն արձագանքել է՝ եթե հետևեն տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և իրադարձություններին ու առաջնորդվեն միայն դրանով, ապա ոչ մի փոփոխություն չեն անի։

«Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել»,- շարունակել է Պապիկյանը:

Ըստ էության, Տիգրան Աբրահամյանը տվյալ պարագայում նկատի ուներ ռուս-ուկրաինական պատերազմից բխող ճգնաժամը, որի այս կամ այն ելքը չի կարող իր արտացոլումը չունենալ մեր տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի և Արցախի սահմանների վրա, նախիջևանյան թևում՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի օրերին Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքը:

Իսկ այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը կանխատեսելի էր առնվազն օրեր առաջ, անվիճելի է: Եթե հաշվենք ՀՀ-ի և ՌԴ-ի հետախուզական կամ հատուկ ծառայությունների համագործակցության փաստը, ապա ՀՀ-ի համար դժվար չէր կանխորոշել պատերազմի սկսման փաստը, որոշ դեպքերում՝ մոտավոր հաշվարկներով՝ նաև ելքը: Այնպես որ, երկրի պաշտպանության նախարարի կողմից նման միտք հնչեցնելը, մեղմ ասած, մտահոգիչ է, հատկապես, որ պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար ավարտված չէ: Այսինքն, պատմությունը կարող է կրկնվել, և մենք պատրաստ չլինենք լայնամասշտաբ որևէ սադրանքի: Եվ հետո, ասենք, թե համապատասխան ինստիտուտները սխալ հաշվարկ էին արել և վստահեցրել էին, թե պատերազմ չի լինի, ինչպես պատեհ առիթի դեպքում արդարանում էր Նիկոլ Փաշինյանը: Նույնն էր ասում նաև Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը:

2021թ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հարցին՝ ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ, ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, եթե Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանն ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում, Գրիգորյանը պատասխանել էր.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել»։

Հետաքրքիրն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԽ քարտուղարը պատերազմի վերսկսման ժամկետի հետ կապված հետախուզական տվյալների բացակայության մասին է ակնարկում, մինչդեռ 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:

«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել»,- նշել էր նույն Արմեն Գրիգորյանը:

Վերադառնալով Սուրեն Պապիկյանի մտքին, որ, եթե առաջնորդվենք աշխարհաքաղաքական իրավիճակով, ուրեմն՝ փոփոխություններ չենք անի, նախ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կադրային փոփոխություններ արվում են միշտ ճգնաժամային իրավիճակում, ավելին, դրանից առաջ, ընթացքում կամ հետո արվող կադրային փոփոխություններն իրենք են հանգեցնում բարդ իրավիճակների, ինչը տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Երկրորդ՝ երբ թվում է՝ չկան ճգնաժամեր, մենք ուղղակի անգործության ենք մատնվում, այդ թվում՝ կադրային հարցում: Գուցե երկար ժամանակ է պահանջվում վստահելի և հնազանդ կադրի փնտրտուքի համար:

Փաստը մնում է փաստ՝ երկրի կարևոր պաշտոնյաները՝ երկրի ղեկավար, ՊՆ, ԱԽ, չեն կարողանում կանխորոշել կամ նախապես իմանալ սպասվող անվտանգային ճգնաժամերի մասին, և սա՝ այն դեպքում, երբ պատրաստվում են օրենսդրական նոր նախաձեռնությամբ հենց այս երեքի լիազորություններն ավելացնել և միայն պատերազմից 1.5 տարի հետո են հասկանում, որ պետք չէ հապաղել:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Պապիկյանը նաև պնդել է՝ պաշտպանական գերատեսչությունում պիտի վստահել, հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին։

Այո, պաշտպանական համակարգը պիտի վստահել երիտասարդ ունակ կադրերի, որոնք, այո, անցել են պատերազմով և արդի անվտանգային պահանջներին համահունչ են մտածում:

Բայց խնդիրն այն է, որ այդ երիտասարդ և ունակ կադրերին չէ, որ այսօր լուրջ պաշտոններ են վստահում: Վերջերս ԳՇ-ում վարչությունների ղեկավարում են վստահել անձանց, որոնք բնավ երիտասարդ չեն, ավելին, իրենց բացարձակ լավ չեն դրսևորել նախկին պաշտոններում, անցել են քրեական գործերով: Չմոռանանք Նիկոլ Փաշինյանի համար Հանրապետության հրապարակում ազատամարտիկների հավաքի կազմակերպիչ Ռազմիկ Պետրոսյանին, որը վերջերս դարձել է Պապիկյանի խորհրդականը: Գուցե նրանք «մոտիվացվա՞ծ» են, ինչպես Սուրեն Պապիկյանն է ասում՝ պիտի ունենալ մոտիվացված հրամկազմ:

Իսկ գուցե մեզ փորձառու հրամանատարներ և որոշում կայացնողներ են պետք, որոնց առաջնային նպատակը երկրի սահմանների պաշտպանությունն է և զինվորական երդմանը հավատարիմ մնալը:

Իսկ մոտիվացնողը պիտի վերադասը լինի, երբ զինվորական ենթակայի ճիշտ որոշումների կայացումը չի խոչընդոտվի:

Մյուս կողմից, եթե մոտիվացված, ապա ի՞նչ նպատակների համար՝ երկրի շահերի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի, որը երբեմն դուրս է դրանից, որի պատճառով էլ, օրինակ, ինչ-որ պահի պաշտոնանկ արվեց Արշակ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոն ստանալուն, ապա լավ կլինի՝ Սուրեն Պապիկյանը հաշվի իր դե յուրե և դե ֆակտո օգնականներին, որոնց իր հետ ՊՆ է բերել, որովհետև «սվոյ» են, ուրիշին չի վստահում, և ոչինչ, որ պաշտպանական գործից կիլոմետրերով հեռու են, կարևորը՝ իրավունք ունեն բարձրաստիճան զինվորականների գրագրությունը սրբագրել:

Սուրեն Պապիկյանն ասում է նաև, որ շաբաթական 5 տասնյակից ավելի սպաների հետ է հանդիպում. զարմանալի է, որ այդ հանդիպումներից գոնե մեկը չի հրապարակայնացվում՝ մամուլի հաղորդագրության տեսքով, առանց լրագրողի ներկայության:

Չենք   կասկածում, պարզապես ուզում ենք իմանալ՝ Պապիկյանը համեստությո՞ւն է անում, չի՞ սիրում, երբ հանդիպումները հրապարակայնացվում են, թե՞ դրանք հրապարակայնացման ենթակա չեն: Իսկ գուցե այլ պատճառներ կան…

Տեսանյութեր

Լրահոս