«ԳՇ-ն պետք է վստահել երիտասարդ կադրերին. ամեն ինչ կախված է անձերից». Պապիկյանը՝ ԳՇ-ում պաշտոնանկությունների մասին

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց, թե ինչո՞վ են պայմանավորված Զինված ուժերի Գլխավոր շտաբի  պետի, նրա տեղակալի և մեծ թվով վարչության պետերի փոփոխությունները։

«Արդյո՞ք այս ամենը ձեր նախաձեռնությունն է, ձեր առաջարկն է, սա տեղավորվում է ձեր պատկերացրած բարեփոխումների շրջանակներում, իրականում սա ի՞նչ նպատակ է հետապնդում։ Չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ԳՇ պետի և շտաբում այդքան մեծ փոփոխությունները իրականության մեջ շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին, հատկապես,  որ Գլխավոր շտաբի թեկնածու կոնկրետ այս պահին չկա, և արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մենք ունենք միայն ԳՇ պետի պաշտոնակատար։ Այստեղ խնդիրը ո՛չ թե ԳՇ պետի տեղակալն է, ո՛չ վարչության պետերը, այս պահին ես նրանց մասնագիտական ունակությունները քննարկման չեմ ենթարկում։ Բայց պետք է հասկանանք՝ այսպիսի խորը ճգնաժամի պայմաններում նման կտրուկ փոփոխություններն ինչով են պայմանավորված»,- հարցրեց Տիգրան Աբրահամյանը։

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ իրականում եթե հետևեն տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և փոփոխություններին և միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է՝ որևէ փոփոխություն էլ չանեն։

«Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որը նախապես հնարավոր չէ կանխորոշել։ Բայց միևնույն ժամանակ, դուք էիք նախորդ անգամ նշում, որ բարեփոխումներն անհրաժեշտ են և ուշանում են, և մենք, բնականաբար, այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու։ Ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին այս ամբիոնից բազմիցս հարցուպատասխանի միջոցով խոսել ենք։ Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան։ Վստահ եմ, որ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պիտի վստահել, հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին։ Ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից»,- ասաց Ս. Պապիկյանը։

Ըստ նրա, ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ բոլոր կադրերն իրենց տեղում են, և ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը բոլոր իրավական հիմքերը տալիս է որոշումներ ընդունել, կատարել ցուցումներ և հրամաններ։

Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կան վիրավորում ստացած բազմաթիվ սպաներ, որոնք այս պահին էլ շարունակում են մնալ կադրային ռեզերվում, չնայած կան հաստիքներ, որտեղ կարելի է նրանց նշանակել։

«Ինձ համար տարօրինակ կերպով նման սպաները կա՛մ ուշ են նշանակվում, կա՛մ այս պահին էլ շարունակում են չնշանակված մնալ։ Եթե նույնիսկ Զինված ուժերի զորամասի լավագույն հրամանատարին պայմանական Տավուշից վերցնենք ու տեղափոխենք՝ Սյունիքում նշանակում անենք, ապա նրան տևական ժամանակ է անհրաժեշտ լինելու իրավիճակի մեջ մտնելու, բանակի զարկերակին տիրապետելու համար»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս