«Աշխարհը հիմա շատ խառն է, և եթե մեր չեզոքությունը չկարողանանք պահպանել՝ կարող ենք կորուստներ ունենալ». պատմաբան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը մարտի 2-ին բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

«Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես, օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը և այլն։ 12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Մարոկկոն, քվեարկությանը չի մասնակցել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերն իրավական պարտադիր ուժ չունեն, բայց արտացոլում են միջազգային ձևավորված կարծիքը։

Փորձագետներն նշում են, որ Հայաստանի համար լավագույն դիրքորոշումը կլինի ձեռնպահ քվեարկությունը և առհասարակ  Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում լռություն պահպանելն ու հնարավորինս չեզոք լինելը։

Նույն կարծիքի է նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը. «Եթե հայկական էլիտան պատմությունից հետևություն չանի և 1914 թվականի սխալները կրկնի, ապա Հայաստանին սպառնում են նոր կորուստներ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ նկատի ունեք Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՅԴ կատարած քայլե՞րը, որոնք, որոշ գնահատականներով՝ հիմք դարձան Հայոց ցեղասպանության, պատմաբանը նկատեց.

«Ոչ միայն դաշնակները, այլև հայկական ամբողջ էլիտան: Հայաստանը հիմա որևէ ձև չպետք է խառնվի այս պրոցեսներին: Շատ ճիշտ է արել Հայաստանը, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստում ձեռնպահ է քվեարկել, որովհետև Արցախի վերաբերյալ հարցերի դեպքում էլ տեսանք, որ ՀԱՊԿ  անդամ շատ երկրներ իրենց չեզոք դրսևորեցին, ավելի շատ՝ պրոադրբեջանական:

Դրա համար էլ ասում եմ՝ եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղում՝ ընկնելու ենք ոտքի տակ: Պետք է չեզոքություն պահպանել, որովհետև աշխարհը հիմա շատ խառն է և, ցավոք, եթե խելացի չգտնվենք, մեր չեզոքությունը չկարողանանք պահպանել՝ կարող ենք կորուստներ ունենալ: Այս պահին պետք չէ որևէ կերպ խառնվել այդ պրոցեսներին:

Որքան հնարավոր է՝ պետք է չեզոք մնալ, իսկ թե ինչքան կթողնեն՝ չեմ կարող ասել:

Պատմությունը ցույց է տվել, որ հայերին միշտ ներքաշում են, Կարսով և Արդահանով խաբում են, իսկ վերջում ո՛չ Կարսն է մնում, ո՛չ Արդահանը ու շատ հայկական տարածքներ: Դրա համար չպետք է ռոմանտիզմով, երազանքներով ապրենք»:

Տեսանյութեր

Լրահոս