«Հեռանկարի իմաստով Ադրբեջանն այսօր կիրառում է Թուրքիայի դիվանագիտությունը». Էդիկ Մինասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանի խոսքով՝ որևէ մեկը խաղաղությանը դեմ չէ, սակայն առկա իրավիճակում իրատեսական չէ, որ այդ խաղաղությունը կլինի, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության քաղաքականությունը։
«Այդ հայատյացության լավագույն արտահայտությունը Շուշիի դեկլարացիան է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ պայմանավորվում են բոլոր խնդիրները լուծել համատեղ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի այդ քաղաքականությունից։ Հեռանկարի իմաստով՝ Ադրբեջանն այսօր կիրառում է Թուրքիայի դիվանագիտությունը։ Ռուս-ուկրաինական հակասության պայմաններում, երբ շատերը մտածում էին, թե Թուրքիան իբրև Ուկրանիայի դաշնակից՝ կմտնի պատերազմի մեջ, բայց թուրքական դիվանագիտությունը պատմության ընթացքում ապացուցել է, որ սպասում է այնքան ժամանակ, մինչև իրադրությունն իր կողմը լինի, որպեսզի կարողանա շահել։ Այնպես, ինչպես 1939 թվականին կարողացավ Ալեքսանդրետի մարզը զավթել՝ անգլո-ֆրանսիական հայտնի գործարքի արդյունքում, նկատի ունեմ, մենք պատմությունից շատ լավ գիտենք թուրքերի դիվանագիտությունը, որի եղբայր Ադրբեջանը դրանից, անշուշտ, ժառանգել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջան» բացելու կարգախոսին։
Ըստ պատմաբանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ նրանք ցանկացած առիթ կօգտագործեն օգուտներ քաղելու համար։ Միաժամանակ Հայաստանը պատմությունից պետք է դասեր քաղի՝ գիտակցելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք խաղաղության չեն գնա, հարմար առիթի դեպքում իրենց բոլոր հարցերը նրանք փորձելու են ուժի միջոցով լուծել։
«Իսկապես պետք է համակողմանի և խորը գիտելիքներ ունենալ, այստեղ պետք է հաշվի առնել իրադրության պատմական հենքերը։ Ասում են՝ ճանապարհները կբացվեն, առևտրի համար լայն հնարավորություններ կստեղծվեն, ի նկատի պետք է ունենալ, որ թշնամին ունի հեռահար նպատակներ նույն «Զանգեզուրի միջանցքի», Մեղրիի տարածաշրջանի հետ կապված, ադրբեջանցին նույնիսկ մեկ թիզ հող չի զիջի և պայքարելու է այդ հողի համար։ Նույնիսկ խորհրդային տարիներին ադրբեջանցիները թույլ չէին տալիս անկորուստ ապրանքները տեղափոխել իրենց տարածքով, ուր մնաց՝ այսօրվա հայատյացության պայմաններում»,- եզրափակեց Էդիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում