Ես այսօր հարցրի Եվրոպայի 27 առաջնորդներին՝ Ուկրաինան ուղղակիորեն կմտնի՞ ՆԱՏՕ, բոլորը վախենում են, չեն պատասխանում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ժամ առաջ հնչեցրած վերջին ուղերձում նշել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը։
«Այսօր Մոսկվայից լսեցինք, որ ցանկանում են խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին: Մենք չենք վախենում Ռուսաստանից, մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին, մեր պետության անվտանգության երաշխիքների մասին, մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին»,- ասել է Զելենսկին։
«Մենք հիմա ՆԱՏՕ-ում չենք, բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք, և ամենագլխավորը՝ կոնկրետ ո՞ր երկրներն են դրանք մեզ տալու», – հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև նշել է, որ երկիրը միայնակ է մնացել պետության պաշտպանության հարցում։
Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային և ընդունել դաշինք։
«Ո՞վ է պատրաստ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիք տալ, անկեղծ ասած, բոլորը վախենում են: Մեր պետության բոլոր գործընկերներին ասում եմ՝ հիմա կարևոր պահ է, մեր երկրի ճակատագիրն է որոշվում, հարցնում եմ՝ մեզ հե՞տ եք, պատասխանում են, որ մեզ հետ են, բայց պատրաստ չեն մեզ իրենց հետ դաշինք տանել, ես այսօր հարցրի Եվրոպայի 27 առաջնորդների՝ Ուկրաինան ուղղակիորեն կմտնի՞ ՆԱՏՕ, բոլորը վախենում են, չեն պատասխանում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև մի քանի տեղեկություն է փոխանցել.
- Կիև դիվերսիոն ուժեր են մտել,
- Ինքը կմնա Կիևում իր ժողովրդի հետ,
- Տեղեկություններ կան, որ իրեն առաջին , իսկ ընտանիքին երկրորդ թիրախ են նշանակել
- Ուկրաինացիները մնացին մենակ. Ոչ ոք չի ցանկանում կռվել Ուկրաինայի համար: