Նման բան չկար, անգամ հարց տվեցի՝ աշխատակիցը չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ. վարորդ
Մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով՝ առանց վկայագրի, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:
Խնդիրն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի:
Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ:
«Մի քանի ժամ առաջ գազ էի լցնում, նման բան չկար, անգամ հարց տվեցի՝ աշխատակիցը չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ: Դեռ ոչ շտեմարանն են սարքել, ոչ էլ լիցենզիա են հաստատել, որ մարդիկ գնան ստուգեն ու թուղթ ունենան: Խոսակցություններ կան, որ մինչև օգոստոս կերկարաձգեն գործընթացը»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Հենց նոր լիցքավորեցի, ոչ մի նորություն, ոնց կար՝ այդպես էր»,- հավելեց մյուսը:
Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:
«Կարգավորման նպատակը և բնույթը» բաժնում նշվում է, որ գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն):
Սույն նախագծով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորումը:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:
Մասնագետների կարծիքով՝ այս կերպ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը կբարձրանա:
Հավելենք, որ գազաբալոնների ստուգման համար պահանջվող գումարը 10.000-12.000 դրամ է՝ 2 տարվա համար: