44-օրյա պատերազմի հանգամանքները՝ դրա «պատասխանատուների» ձեռքում. ինչո՞ւ ընդդիմությունը հրաժարվեց և ի՞նչ կարող էր անել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ այս անգամ ևս հանձնաժողով են հրավիրվելու բարձրաստիճան պաշտոնյաներ և փորձելու են պարզել նաև՝ արդյո՞ք հնարավոր էր խուսափել պատերազմից:

«Պատերազմը եղավ: Դա արդյունք էր միայն ՄԱԿ-ի բանաձևերի չկատարմա՞ն, թե՞, որ մենք չէինք կառավարել այն ռիսկերը, որոնք կարող էին վերածվել լայնամասշտաբ պատերազմի»,- ասել է Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ նիստերը լինելու են փակ, և ներգրավվելու են պաշտպանության հանձնաժողովի այն անդամները, որոնք կունենան պետական գաղտնիքին տիրապետելու թույլտվություն:

Կլինեն նաև փորձագետներ, այդ թվում՝ պաշտպանության հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը, որը, ըստ էության, շահագրգիռ կողմ է: Արծրուն Հովհաննիսյանը վերջին պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի կարգավիճակում եղել է մարտական գործողությունների մասին հիմնական տեղեկություններ տվողը: Այսինքն, ինքը ևս դեռ շատ հարցերի պիտի պատասխանի, բավարար չէ միայն ասելը՝ ասել է այն, ինչ փոխանցել է Գլխավոր շտաբը (ԳՇ):

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- նշված է հայտարարության մեջ:

Այո, ինչպես Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծումը, այնպես էլ այս հանձնաժողովինը զուտ քաղաքական քայլ է և ճնշման գործիք զինվորականության դեմ, որը գործի է դրվելու՝ ըստ նպատակահարմարության և պահի թելադրանքի:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը կարող էր հանձնաժողովում ինչ-ինչ հարցեր բարձրացնել, գործընթացն իր հսկողության տակ պահել, անհրաժեշտության դեպքում՝ հնչեղություն հաղորդել այս կամ այն հարցին:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը մտածում է, որ այսպես լեգիտիմացնում է իշխանությունների «պատերազմական» շոուն, ապա քիչ չեն կարծիքները, որ մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն արդեն իսկ լեգիտիմացրել է իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացված ընտրությունները և երկիրը պարտության մատնած Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:

Երկրորդ՝ ԱԺ-ում ընդդիմությունը միայն հարցեր է բարձրացնում, որի պատասխանը հաճախ չի էլ ստանում, նույնը կարելի էր նաև անել այստեղ և փորձել պարզաբանումներ ստանալ, օրինակ, Ջալալ Հարությունյանից, Օնիկ Գասպարյանից, Տիրան Խաչատրյանից, և այլն:

Ի դեպ, ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի քննիչ հանձնաժողովի զեկույցին վերաբերող 25-րդ հոդվածի 2 կետում նշվում է. «Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը»: Իսկ զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

Հիշեցնենք, որ 2021թ. փետրվարին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ պատերազմը քննող հանձնաժողովում խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է ներկայացված լինեն և ունենան նույն քանակով ներկայացուցիչներ։

Ըստ այդմ՝ առաջարկել էր այսպիսի հանձնաժողով ձևավորել Կառավարության որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը քննող փաստահավաք խմբի օրինակով։ Այսինքն, խոսքը պարիտետային հանձնաժողովի մասին էր: Իշխանությունը առաջարկը մերժել էր, ընդդիմադիր ուժերից էլ, այդ թվում՝ արտախորհրդարանական, ոչ բոլորն են պաշտպանել այն՝ ունենալով դրա համար սեփական պատճառները: Բայց, օրինակ, Հայ հեղափոխական դաշնակցությունը հենց ինքն էր առաջարկել նոր հանձնաժողովի մասին օրինագիծ ներկայացնել, ինչին ԼՀԿ-ն համաձայնել էր:

Էդմոն Մարուքյանը պարիտետային հանձնաժողովի առաջարկը պնդել էր նաև, երբ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկով դիմում-հայտարարություն էր տարածել՝ ուղղված ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին:

«Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- ասել էր գեներալ Օնիկ Գասպարյանը՝ այս դիմումն ուղարկելով նաև Ազգային ժողով:

«Մի իշխանություն, որն ըստ պարոն գեներալի՝ խեղաթյուրում է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ինչպե՞ս է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով: Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը, եթե ուզում եք՝ նա ղեկավարի հանձնաժողովը՝ գնացեք ստեղծեք: Այդ հանձնաժողովն ավելի վատ ճակատագիր է ունենալու, քան ապրիլյան հանձնաժողովը»,– Օնիկ Գասպարյանի հայտարարությանն արձագանքել էր Էդմոն Մարուքյանը:

Արդյոք հաշվարկված քա՞յլ էր, թե՞ զինվորական միամտություն ԳՇ նախկին պետի այս առաջարկը, քանի որ Գասպարյանն այն կարծիքին է եղել, որ ճշմարտությունն ամբողջությամբ կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո: Իսկ գուցե գեներալ Գասպարյանը հույս է ունեցել, որ ընդդիմությունը կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքների՞ն: Իսկ հիմա հանձնաժողով հրավիրվելու դեպքում հարցուպատասխանի ժամանակ ստիպված է միայնակ կռիվ տալ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների դեմ:

Թե ի՞նչ զարգացումներ կլինեն, ցույց կտան հետագա զարգացումները: Կամ որքանո՞վ է պատերազմից հետո Օնիկ Գասպարյանի նախաձեռնած վերլուծությունը սրբագրվել, կամ էլ որքանո՞վ է այն արտահայտել իրականությունը: Բավական է ստանալ մեկ-երկու հարցի պատասխան, և շատ բան պարզ կդառնա:

Օրինակ, երբ պատերազմից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ռադիոորսման միջոցներով իմացել է պատերազմի սկսման մասին, արդյոք հրաման տվե՞լ է ԳՇ-ին՝ զինված ուժերը հանելու մասին՝ կիրառման պլանից դուրս: Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը պատշաճ կերպով ՊԲ-ն չի պատրաստել պատերազմն ընդունելուն: Ինչո՞ւ են նրա տեղակալները տնից գնացել աշխատանքի, երբ արդեն պատերազմը սկսված է եղել:

168.amը բաց աղբյուրներից հավաքագրել է փաստեր, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ավելին, սցենարը, ըստ էության, պարզ է եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել:

168.amուսումնասիրել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր։

Ավելին, դիտավորությա՞մբ, թե՞ չիմացությամբ, ռազմական պլաններ են նախապես հրապարակայնացվել: Օրինակ, 2020-ի հոկտեմբերի 4-ին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն «Արցախի հերոս» բարձրագույն կոչումներ էր շնորհում ՊԲ զինծառայողներին ու սպաներին, տարածված տեսանյութում պարզ երևում էին պատին փակցված «Բանակային հակահարվածի հասցման պլանը», «ՊԲ պաշտպանական օպերացիայի պլանը», վերջինի վրա կար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի «մակագրությունը», որը ևս հստակ երևում էր:

Հրամանատարական կետից հետագա միջացառումների մասին պատմող տեսագրություններում այս պլանները փակված էին, գուցե շատ կարևոր էին, սակայն պարգևատրման օրվա մասին պատմող տեսագրության մեջ հստակ երևացող պլաններն այդպես էլ որևէ ձևով չփակվեցին, և դրանք մինչ այժմ էլ նույն տեսքով հասանելի են համացանցում, այդ թվում՝ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Հիմա, երբ կորցրել ենք Արցախի պաշտպանական մի շարք շրջաններ, ուժը կորցրած են նաև հրապարակված պլանները: Միայն թե չենք կարող ասել, թե հրապարակման պահին ուժի մե՞ջ էին, թե՞ ոչ….

Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող դեպքերով ավելի քան 1000 գործ կա հարուցված:

Տեսանյութեր

Լրահոս