
«Եթե ուզում եք Անդրանիկ Քոչարյանը ղեկավարի հանձնաժողովը՝ գնացեք ստեղծեք». Էդմոն Մարուքյանը՝ Օնիկ Գասպարյանի կոչի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ուշացած է:
«Պատերազմի հրադադարի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո ԼՀԿ-ն սկսել է լոբբինգ անել փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու համար, սակայն իշխանությունը մերժել է, թե՝ Սահմանադրությանը հակասում է: Հետո կազմել ենք նախագիծ, ըստ որի՝ մեկ տարով ստեղծվի փաստահավաք խումբ, որպեսզի քննարկի այդ ամբողջ արհավիրքը, որովհետև միայն այս խորհրդարանի երեք խմբակցությունները չպետք է լինեն: Քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ոչինչ չենք նախաձեռնել, հաշվի առնելով ապրիլյան քննիչ հանձնաժողովը, օրենքով, եթե հանձնաժողով ստեղծվի, այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը: Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին, իշխանություններին, ուրեմն՝ թող ասի, թող այդ հանձնաժողովը ստեղծվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել և դիմել ԱԺ նախագահին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ քննելու Արցախի պատերազմի հետ կապված հանգամանքները:
Էդմոն Մարուքյանը զարմանում է, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է տարածել, և կարծում է, որ նա տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի վրա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը նախագահելու է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:
«Այս իմաստով ներկայիս իշխանություններին մենք վստահելու բան չունենք, կարծում եմ՝ պարոն Գասպարյանը նույնպես, որովհետև հայտարարել է, որ խեղաթյուրել են Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը: Մի իշխանություն, որն ըստ պարոն գեներալի՝ խեղաթյուրում է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ինչպե՞ս է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով: Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը, եթե ուզում եք նա ղեկավարի հանձնաժողովը՝ գնացեք ստեղծեք: Այդ հանձնաժողովն ավելի վատ ճակատագիր է ունենալու, քան ապրիլյան հանձնաժողովը»,- հավելեց Էդմոն Մարուքյանը: