Փաշինյանը գնդակահարության պատի տակ թող կանգնի. անհայր մնացած հազարավոր երեխաներին նա ասելու ոչինչ չունի. Արամ Գևորգյան
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների երեխաներն իրենց նամակներում Ձմեռ պապիկից խնդրում են խաղաղություն, կան երեխաներ, որոնք խնդրում են, որ Ձմեռ պապին իրենց նվեր անի ու վերադարձնի իրենց հայրերին, հորեղբայրներին։ Շատ ծանր է կարդալ այդ նամակներն ու դիմանալ ցավին, սակայն մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ցավ զգալուց զատ՝ պատասխանատվություն ունենք այդ երեխաներից յուրաքանչյուրի առաջ, ու այն խաղալիքները, որոնք այդ երեխաներին չհասցրեցին գնել նրանց հայրերը, պետք է գնենք մենք։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց BlogNews.am կայքի խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանը, որը պատերազմի ավարտից հետո իր ընկերների հետ դրամահավաք իրականացրեց զոհված և վիրավորված զինվորների երեխաներին խաղալիքներ ու զանազան նվերներ գնելու համար։
Ըստ Գևորգյանի՝ դրամահավաքի շրջանակում հավաքվել է ավելի քան 5 միլիոն դրամ, խաղալիք է բաժանվել 320-ից ավելի փոքրիկի։
«Քանի որ այս իշխանությունն է դարձել այդ հազարավոր երեխաներին առանց հայր թողնելու մեղավորն ու պատասխանատուն, ուստի ի սկզբանե դրեցինք նպատակ՝ բացառել որևէ իշխանավորի կամ այս իշխանության աջակցի կողմից մեկ լումայի նվիրաբերումը։ Դա կլիներ պարզապես ցինիզմի դրսևորում»,- ասաց Գևորգյանը՝շեշտելով, որ քանի դեռ Արցախի 44-օրյա պատերազմի մեղավորներն ու պատասխանատուները չեն ենթարկվել պատասխանատվության, այդ անձանց կողմից այդ երեխաներին որևէ բան անելը լինելու է զուտ ձևականություն։
«Հազարավոր անհայր մնացած երեխաների համար ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, կամ ի՞նչ կարող է ասել նրանց. ոչ ասելու, ոչ անելու ոչինչ չունի։ Ի՞նչ պետք է ասի՝ ներողություն խնդրի՞, բայց չէ՞ որ դա բոլորն էլ կարող են ասել, մարդասպանն էլ կարող է ասել՝ ներողություն։ Այնպես որ, ինքը պետք է լուռ կանգնի գնդակահարության պատի տակ ու գործով ապացուցի»,- ասաց Արամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հազարավոր անհայր մեծացող երեխաներից զատ, ցավի հետ մեկտեղ, անորոշության մեջ են հարազատներ կորցրած ընտանիքները, մայրերը, որոնք իր հետ հանդիպումների ժամանակ հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ են իրենց ասում՝ հերոսի մայր, երբ իրենց որդիների արյամբ գծված հողը չկա, նրանց պահած սահմանը չկա։
«Ծնողներն ասում են՝ չենք ընկալում «Հերոսի մայր կամ քույր» ասվածը, որովհետև այն, ինչի համար մեր երեխաները զոհվել են, հանձնվել է։ Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ ծնողը գնում էր այս կամ այն դիրք ու ասում՝ որդիս զոհվել է այս դիրքի համար, հիմա նույնն անել չի կարող, որովհետև ոչ միայն տղաների պահած դիրքը չկա, այլ չկա նաև սահմանը»,- ասաց Արամ Գևորգյանն ու որպես տարեմուտի մաղթանք՝ բոլորին կոչ արեց՝ ամեն օր հիշել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հայորդիներին ու չարժեզրկել նրանց պայքարն ու թափած արյունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում