Պուտինը խախտեց Փաշինյանի «միջանցքային տրամաբանության» խոստումը. Մոսկվան աջակցո՞ւմ է «Զանգեզուրի միջանցքին»
Պուտինի «միջանցքային տրամաբանությունը» և Նիկոլ Փաշինյանի խոստումը
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկելու: Վերջին անգամ նման պնդում արել է նոյեմբերի 23-ին՝ առցանց ասուլիսի ժամանակ:
«Ինչ է նշանակում, օրինակ, «Զանգեզուրի միջանք», ինչ է նշանակում՝ Արևելյան Զանգեզուր, այդ ովքեր են այդ տերմինները հորինում, և ինչ է դա նշանակում, ինչ է նշանակում՝ «միջանցքային» տրամաբանություն։ Մենք հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Կներեք, ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ ընդհակառակը, գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ Կարծում եմ՝ «միջանցքային» տրամաբանությունը հենց Ադրբեջանն է զարգացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից»,- նշել էր նա:
Սրանից մոտ 10 օր առաջ էլ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապանում մաքսային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր լինելու:
«Կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- ասել էր Փաշինյանը։
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ մասնավորապես, հայտարարել է.
«Մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ՝ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետներին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»:
Մինչդեռ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հետևյալ ձևակերպումն է, այսինքն, չկա «միջանցք» ասվածը:
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Սատանան մանրուքների մեջ է. պատմական էքսկուրս
Պուտինը, ի տարբերություն, Նիկոլ Փաշինյանի, լեզվական սայթաքումներ թույլ չի տալիս: Երկրորդ՝ եթե ոմանք սա համարեն մանրուք, ապա հիշեցնենք հայտնի միտքը՝ սատանան մանրուքների մեջ է:
Միջանցք- առաջին՝ որևէ տարածության միջով ձգվող նեղ անցում՝ արանք (Էդուարդ Աղայան), երկրորդ՝ ցամաքի նեղ շերտ, որ միանում է ծովին և անցնում է մի ուրիշ պետության հողերի միջով (Հրաչյա Աճառյան):
Коридор – длинная узкая полоска территории государства, соединяющая его далекие части; например польский коридор.
Հաղորդակցություն- կապի միջոցներով իրականացվող հարաբերություն:
КОММУНИКАЦИЯ– Путь сообщения, связь одного места с другим.
Անդրադառնալով վերևում նշված Լեհական միջանցքին (գերմ.՝ Polnischer Korridor), որը հայտնի է նաև որպես Դանցիգի միջանցք, նշենք, որ այն եղել է նախկին Արևմտյան Պրուսիայի մաս կազմող Պոմերելիա տարածաշրջանը, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո տրվել է Լեհաստանի երկրորդ Հանրապետությանը՝ վերջինիս դեպի Բալթիկ ծով ելք ապահովելու պատրվակով, այդպիսով բաժանելով Գերմանիան Արևելյան Պրուսիայից։
Ընդհուպ մինչև 1772թ.՝ Լեհաստանի առաջին բաժանումը, տարածաշրջանը մերթ եղել է անկախ, մերթ՝ Լեհաստանի իշխանության ներքո: Իսկ 1772թ.-ից սկսած բռնակցվել է Պրուսիայի Թագավորությանը և անվանվել Արևմտյան Պրուսիա՝ դառնալով Գերմանական նոր կայսրության բաղկացուցիչ մասը:
Ըստ տարբեր աղբյուրների, «միջանցք» բառի կիրառումը միջպատերազմական տարիներին լեհ դիվանագետների կողմից ընդունվել է որպես վիրավորանք։
Ի դեպ, 2020-ի հունիսին «Մեծ Հաղթանակի 75-ամյակը․ ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի առջև» վերտառությամբ հոդվածում Պուտինն անդրադարձել էր այս միջանցքին:
«Միամիտ էր հավատալ, որ Չեխոսլովակիայի հախից գալուց հետո Հիտլերը հերթական տարածքային պահանջներ չի ներկայացնի: Այս անգամ Չեխոսլովակիայի բաժանման մեջ իր ոչ վաղեմի հանցակցին՝ Լեհաստանին:
Ի դեպ, այստեղ առիթը նույնպես հանդիսացավ Վերսալի ժառանգությունը` այսպես կոչված, Դանցիգի միջանցքի ճակատագիրը:
Լեհաստանի հետագա ողբերգությունը ամբողջովին այն ժամանակվա Լեհաստանի ղեկավարության խղճին է, որը խանգարեց անգլո-ֆրանկո-խորհրդային ռազմական դաշինքի կնքմանը և ապավինեց արևմտյան գործընկերների օգնությանը, իր ժողովրդին դրեց նացիստական ոչնչացման մեքենայի անիվների տակ:
Գերմանական հարձակումը ամբողջությամբ զարգանում էր բլից-կրիգի դոկտրինայի համապատասխան:
Չնայած լեհական բանակի կատաղի, հերոսական դիմադրությանը՝ պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց՝ 1939 թվականի սեպտեմբերի 8-ին, գերմանական զորքերը Վարշավայի մատույցներում էին:
Իսկ Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավը սեպտեմբերի 17-ին արդեն փախուստի էր դիմել Ռումինիայի տարածք՝ դավաճանելով իր ժողովրդին, որը շարունակում էր պայքարել զավթիչների դեմ։
Արևմտյան դաշնակիցները չարդարացրեցին լեհական հույսերը։ Գերմանիային պատերազմի հայտարարումից հետո ֆրանսիական զորքերն առաջացել են դեպի գերմանական տարածք ընդամենը մի քանի տասնյակ կմ խորությամբ։ Այս ամենն ընդամենը ակտիվ գործողությունների էր նմանվում:
Ավելին, 1939 թվականի սեպտեմբերի 12-ին ֆրանսիական Աբվիլ քաղաքում առաջին անգամ հավաքված անգլո-ֆրանսիական Գերագույն ռազմական խորհուրդը որոշում է ընդունել դադարեցնել հարձակումը՝ Լեհաստանում իրադարձությունների արագ զարգացման նկատառումով: Սկսվեց տխրահռչակ «տարօրինակ պատերազմ»-ը»,- գրել էր Պուտինը:
Փաշինյանի ընտանեկան թերթն ինքնախաբեությամբ է զբաղված
Վերադառնալով նոյեմբերյան եռակողմ հայտարությանը, նշենք, որ ապաշրջափակման մասին կետում, երբ ՀՀ-ից վերցվել է տրանսպորտային հաղորդակցության ապահովողի դերը և տրվել տրանսպորտային կապերի անվտանգությունն երաշխավորողինը:
Ի դեպ, Փաշինյանի ընտանեկան թերթը «Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից» վերտառությամբ հոդված է հրապարակել:
«Հանդիպման արդյունքներով վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը։ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը՝ իր խոսքում չկիրառելով «Զանգեզուր» կամ էլ «միջանցք» եզրույթները։ Ստորագրված փաստաթղթում ևս բացակայում էր միջանցքային տրամաբանությամբ լուծումների կիրառումը»,- գրել է «Հայկական ժամանակը»:
Իսկ այն, որ ՌԴ նախագահը «տրանսպորտային միջանցք» ձևակերպում հնչեցրեց, Փաշինյանի ընտանեկան թերթը, իհարկե, դա չի նկատի, և, թերևս, չի էլ բացատրի՝ այս «միջանցքային տրամաբանության» շրջանառման պատճառը կամ տողատակը: Գուցե Պուտինը խոսում է Ալիևի շուրթերով:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը անդրադառնալով Պուտինի այս հայտարարությանը, մեկնաբանել է.
«Այն, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսվում է տրանսպորտային միջանցքների համատեքստում, դրական փաստ է, որովհետև հայկական կողմը ցանկանում է «Զանգեզուրի նախագիծը» դիտարկել միայն որպես ճանապարհ կամ միայն ճանապարհային, իսկ, այսպես ասած, Լաչինի ճանապարհը շարունակի մնալ միջանցքի կարգավիճակում, ինչն առավել լայն հասկացություն է: Այսպիսով, կարելի է փաստել, որ «Զանգեզուրի միջանցքը» կունենա Մոսկվայի աջակցությունը»: