«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է քննարկում. ի՞նչ է նշանակում՝ «Զանգեզուրի միջանցք». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանեցյ հարցին, թե արդյո՞ք նոր պատերազմի վտանգ կա, և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումը ի՞նչ ազդեցություն կունենա սահմանային իրավիճակի վրա։
«Կարծում եմ՝ ի վերջո Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննության, քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի։ Պիտի ասեմ և Անվտանգության խորհրդի վերջին նիստում արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ։ Կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։ Ադրբեջանն ըստ էության պատերազմից հետո, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ փորձ է անում կիրառել, այսպես ասած, պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։ Մենք համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի։ Ի վերջո, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը այնուամենայնիվ պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։
«Ինչ է նշանակում, օրինակ, «Զանգեզուրի միջանք», ինչ է նշանակում՝ Արևելյան Զանգեզուր, այդ ովքեր են այդ տերմինները հորինում, և ինչ է դա նշանակում, ինչ է նշանակում՝ «միջանցքային» տրամաբանություն։ Մենք հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Կներեք, ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ ընդհակառակը, գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ Կարծում եմ՝ «միջանցքային» տրամաբանությունը հենց Ադրբեջանն է զարգացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից»,- հավելեց Ն. Փաշինյանը։
Միաժամանակ նա հարց բարձրացրեց, թե ի՞նչ է նշանակում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ որտեղ ուզեն՝ կկանգնեն, ընդգծելով, որ հայկական կողմը պետք է հասկանա, որ նոր աշխարհակա՞րգ է գործում, նաև միջազգայնորեն, և ով որտեղ ուզի՝ կկանգնի՞։
«Այսինքն՝ սա նշանակում է, որ նույնկերպ որևէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա՝ կկանգնի՞։ Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա։ Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի նաև միջազգային լծակներով»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում