Պասերով խաղ. Անդրանիկ Քոչարյանը «զենքի բարո՞ն» է ուզում դառնալ
Նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել է, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:
«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:
Այլ խոսքերով, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ԳՇ-ն չպետք է խառնվի գնումների գործընթացին: Իսկ բանակի ոչ զինվորական մասին ղեկավար դրեցին իրենց թիմակցին՝ Սուրեն Պապիկյանին:
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել՝ շատ կարևոր է, որ պաշտպանության նախարարի կարգավիճակում իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչն է: Այսինքն, Արշակ Կարապետյանին փոխելու և ՊՆ-ում առավել վստահելի սեփական թիմակիցն ունենալու շահավետությունը ոչ միայն քաղաքական արտաքին օրակարգի շրջանակում է, այլև բիզնես հետաքրքրությունների, որոնք, ըստ էության, արտաքին և աշխարհաքաղաքական անվտանգային օրակարգի բաղադրիչ են, եթե հաշվի առնենք նաև ՀՀ-ին և բանակին զենքի մատակարար ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) չեզոքացնելու համար ընտրված ժամանակը:
168.am-ը «Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) չեզոքացնելու անվտանգային ռիսկերը, ներքին ու արտաքին շարժառիթները» վերտառությամբ հոդվածում մանրամասն ներկայացրել էր իշխանական բոլոր քայլերը, դրան նախորդած և հաջորդած ամերիկյան, ադրբեջանական պաշտոնական առաջարկներն ու հայտարարությունները, ինչպես նաև՝ Հայաստանում ինչ-ինչ անձանց զենքի շուկա մտնելու անհագ ցանկությունը, այդ թվում՝ նույն այդ Անդրանիկ Քոչարյանի: Հիշատակված հոդվածում, մասնավորապես, հիշեցրել էինք, որ դեռևս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նա նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։
«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի շահադիտական մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա, պարզվում է, նվաստացրել էր զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Տոնոյանին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։
Ա. Քոչարյանի հետ կապված երկրորդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։
«Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։
Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։ «1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։
Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» և այլն, և այլն»,- գրել է թերթը՝ հրապարակելով փաստաթղթերը։
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի կողմից գովաբանված, և գուցե՝ գաղափարական և ոչ գաղափարական «պարտնյոր» պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը ի պաշտոնե «կոմպետենտ» է գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարման համար: Բոլորովին պատահական չէր, որ այս տարվա օգոստոսի 13-ին 2018-2021 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ աշխատած Կարեն Բրուտյանին Նիկոլ Փաշինյանը նշանակում է ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում: Բրուտյանը նախկին իշխանությունների օրոք էլ է պաշտոններ զբաղեցրել և շատ զարմանալիորեն նա 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո շարունակում է բարձր պաշտոն զբաղեցնել: Այն դեպքում, երբ կոռուպցիայի դեմ «պայքարող» իրենց հռչակող Փաշինյանը և նրա թիմը առաջին հերթին հենց Կարեն Բրուտյանի դեմ պետք է գործեր հարուցեին՝ ընդամենը մամուլի էջերը թերթելով:
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ըստ այդ հրապակումների՝ նշված քրգործով որպես կասկածյալներ՝ ներգրավված էին ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։
168.am-ը տեղեկություններ ստանալու նպատակով հարցեր էր ուղղել ԱԱԾ-ին։
Նախքան ԱԱԾ-ից պատասխան ստանալը, մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ քրեական գործը պետգնումների շրջանակներում է, որը, ինչպես ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում մանրամասն գրել էինք, կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը:
Մեր աղբյուրները նշել էին, որ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար, նախարար Ատոմ Ջանջուղազյանի հովանավորյալ սանիկ Կարեն Բրուտյանը:
Հիշեցնենք, որ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին էր, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել էին ՀՀ ֆինանսների արդեն նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը:
Ընկերությունը հիմնադրել էր Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս և Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը:
Ավելին, ըստ մամուլի վերը նշված հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից էին եղել Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։
Ի դեպ, Բրուտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր «Կարեն Բրուտյանը հարցաքննվե՞լ է» վերտառությամբ 168.am–ի հոդվածին՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի: Ի դեպ, տեղեկատվությունը ճշտելու հարցով դիմել էինք և՛ Ֆինանսների նախարարության խոսնակին, որն ընդամենն ասել էր՝ տեղեկություններ չունեն:
Ստացվում է՝ այն մարդուն, ում ձեռքին տարիներ շարունակ կենտրոնացած են եղել պետական գնումները, Պաշտպանության փոխնախարար են նշանակում և ասում՝ հսկիր: Ինչևէ, լավ տանդեմ է ձևավորվել Անդրանիկ Քոչարյան-Կարեն Բրուտյան, և ժամանակը ցույց կտա՝ որքանով դրանից կշահի մեր երկրի բանակը: