Ո՞ւմ ձեռքին են կենտրոնացած պետական գնումները
Ովքե՞ր են օգտվել Գնումների համակարգի խոտանի «զուգադիպությունից», երբ տուժել է պետությունը
Պետական գնումների էլեկտրոնային համակարգը շարունակում է խափանումներով աշխատել՝ հընթացս խնդիր ստեղծելով պետական գերատեսչությունների, հիմնադրամների ու ՊՈԱԿ-ների համար, որոնց հայտարարած մրցույթները ոչ միշտ են պատշաճ կերպով ընթացել: Եղել են դեպքեր, երբ ազատ մրցակցությունը էլեկտրոնային հարթակում չի ապահովվել հենց այն պատճառով, որ հայտերի լրացման որոշ կոճակներ չեն սեղմվել և չեն ամրագրել ընկերությունների ավարտուն հայտերը: Դրա հետևանքով լուրջ վնասներ են կրել պետգնումների մասնակից մի շարք ընկերություներ, շահառուներն էլ՝ իրենց հերթին:
Տարվա կեսն անցել է, սակայն 2019թ. մատակարարման համար որոշ կառույցներ դեռևս չեն կարողանում մրցույթով գնում իրականացնել: Իրավիճակին լոկալ կարճաժամկետ լուծումներ են տրվում:
Նշենք, բոլոր այն կառույցները, որտեղ պետությունն ունի իր 50% և ավելի բաժնեմասը, պարտավոր են ամեն տարի գնահատել իրենց կարիքերը և, ըստ այդմ՝ պետգնումներով սնունդ, դեղորայք կամ ծառայություն ստանալ:
Տեխնիկական խնդիրներն էլեկտրոնային աճուրդի համակարգում սկիզբ են առել դեռ տարեսկզբին: Ոլորտի լիազոր մարմին համարվող ՀՀ Ֆինանսների նախարարությունից բոլոր պետական կառույցների աշխատակազմերի ղեկավարներին հատուկ գրությամբ ծանուցումներ են ուղարկվել՝ տեղեկացնելու, որ համակարգը լիարժեք չի գործում, ուստի ստիպված են էլեկտրոնային աճուրդից անցում կատարել նախկինում գործող հին համակարգին:
Իսկ հնի և նորի գործարկման միջև տարբերություններն էական են, վստահեցնում են գնումների մասնագետները՝ թափանցիկությունից մինչև տեխնիկական հարմարավետություն:
Սակայն ուշագրավ է այն, որ կարճ ժամանակ անց չի աշխատել նաև հին համակարգը: Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), որոշ նախարարություններ այդպես էլ չեն կարողացել մրցույթների հայտեր տեղադրել, հրավերի միջոցով անցկացվող դեպքերում՝ տեխնիկական խոտանները թույլ չեն տվել հրավերներ տեղադրել կայքում:
Եվ այս տարօրինակ զուգադիպություններով ստեղծված քաոսի մեջ շահեկան վիճակում են հայտնվել մի քանի «հնարամիտ» չինովնիկներ, և բացառված չէ, որ ցանկալի տնտեսվարողների հետ մանիպուլյացիոն գործարքների են գնացել: Այս դեպքերի մասին կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում: Ի դեպ, այս վարկածը քննարկվում է նաև Կառավարության ներսում, մասնագետները հիմքում իրենց պնդումների առարկայական փաստերն են վկայակոչում:
Դրանցից մեկն առնչվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մյուսը՝ Գյուղատնտեսության նախարարության կարիքների գնումներին:
Փաստորեն, երեք տարի առաջ ահռելի ներդրումներով ստեղծված համակարգը, որ ընդհանուր առմամբ արժեցել է 200 մլն դրամ, ըստ վարկածներից մեկի՝ խոտան է տվել մարդկային գործոնի պատճառով: Նույն աղբյուրները չեն բացառում, որ հեղափոխության ալիքով պաշտոնների եկած նորեկների շահագրգռվածությունից կամ նրանց ոչ կոմպետենտ լինելու հանգամանքից օգտվել են Ֆինանսների նախարարության բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Նշենք, որ այս ոլորտը համակարգում է Ֆինանսների փոխնախարար, նախարարի հովանավորյալ սանիկ Կարեն Բրուտյանը:
Ի դեպ, 168.am ին հայտնի են դարձել դեպքեր, երբ հաղթած ընկերությունների ծրարները զանազան պատճառաբանություններով այդպես էլ չեն բացվել, և անհիմն հայտարարվել են նոր մրցույթներ:
Ֆինանսների ննախարարությունն այս ամենի մասով իր հիմնավորումն ունի, իր երաշխավորող համակարգի թերությունները բացառապես տեխնիկական խնդրով է պայմանավորում, այլ բացատրություն չունի:
Սակայն իրականությունն այն է, որ պետությունը՝ որպես գնորդ, տեղի ունեցած գործարքների արդյունքում էական վնասներ է կրել, որոշ դեպքերում՝ գնահատված պահանջարկը չի բավարարվել համարժեք ապրանքներով ու մթերքով։ Փաստացի հարվածը կրել են նաև տնտեսվարողները, որոնք հնարավորություն չեն ունեցել լիարժեք մասնակցել մրցույթին:
Նշենք, որ 2016թ. Ֆինանսների նախարարությունը գործարկում է էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգը:
Համակարգի ներդրման նպատակով կառավարությունը հատկացրել է 149 մլն դրամ, իսկ ծառայությունը սպասարկելու համար ամեն տարի 45 մլն դրամից մինչև 49.2 մլն դրամ է հատկացնում պարբերաբար:
Համակարգում իրենց կարիքների համար կնքված պայմանագրերը պետք է տեղադրեն պետական մարմինները, պետության կամ քաղաքային համայնքների ձևավորած կազմակերպությունները, ՊՈԱԿ-ները, միավորումները, ընկերությունները, հիմնադրամները, որոնցում պետությունը 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունի:
Գնումների համակարգի վրա՝ որպես թափանցիկ աշխատանքի գործիք, մինչ օրս ծախսվել է մոտ 244 միլիոն դրամ, և փաստացի այն դեռևս լուրջ թերություններ ունի:
Կլանային բիզնեսի մետամորֆոզները
Դեռևս անցյալ տարի հրապարակում էինք պատրաստել «Ինտեր Լիմենս» ընկերության մասին, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել:
Այդ ընկերության ներկայիս տնօրենը ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հարազատ եղբայրն է՝ Գագիկ Ջանջուղազյանը։ Մինչ այդ, 2012 թվականին, «Ինտեր Լիմենս» ՓԲԸ խորհրդատվական ընկերության խորհրդի նախագահ Կարեն Բրուտյանն առաջին տեղակալն է և նրա հետ քավոր-սանիկային հարաբերություններ ունի։
Բրուտյանի աշխատանքային կենսագրության մեջ էլ նշված է, որ 2011-2016թթ. նոյեմբեր եղել է «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի և պետական գնումների բնագավառներում: Իսկ 2008-2011թթ.նա եղել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետը։
2012թ. հարցազրույցներից մեկում Կ. Բրուտյանը, ներկայացնելով «Ինտեր Լիմենսը», ասել է.
«Մեր ընկերությունը մատուցում է մասնագիտական ծառայություններ ֆինանսական կառավարման և հսկողության ոլորտում՝ ռազմավարական և ֆինանսական պլանավորում, ներքին հսկողության համակարգեր, ներքին աուդիտ, գնումների կազմակերպում: Փորձում ենք մեր գիտելիքներով և փորձով բարելավել մեր հաճախորդ կազմակերպությունների գործունեությունը: Եվ պատահական չէ մեր ընկերության կարգախոսը` «յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»:
Գտնում ենք, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ, օրինակ, դեղագործական ընկերությունը տիրապետի գնումների գործընթացի բոլոր մանրամասներին: Ուստի և առաջարկում ենք նրան մեր մասնագիտական ծառայությունները՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով վերջինիս կենտրոնանալ իր հիմնական գործառույթների վրա և առավել պաշտպանված լինել: Գնումների ոլորտում սպասարկում ենք պետական կառույցների, որոնք պատվիրատուի կարգավիճակով մասնակցում են գնումների գործընթացին, և մատակարար (վաճառող) կազմակերպությունների: Մասնավոր ընկերություններին աջակցում ենք մասնակցել պետական գնումներին, ապահովում ենք առցանց ծանուցում երկրում հայտարարվող բոլոր մրցույթների վերաբերյալ: Բացի այդ, մեր հաճախորդներին ենք առաջարկում հայտերի կազմում, ներկայացում, շահերի պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում`բողոքարկում»:
Անդրադառնալով «Գնումների մասին» ՀՀ օրենքին՝ վերջինս խոստովանել է.
«Այս հարցում ես շահագրգիռ կողմ եմ, քանի որ նախկին աշխատանքիս բերումով շուրջ 11 տարի ղեկավարել եմ գնումների մասին ՀՀ օրենսդրության մշակման աշխատանքները մեր երկրում: Սակայն, անկախ այս հանգամանքից, կան օբյեկտիվ ցուցանիշներ, որոնցով կարելի է գնահատականներ տալ»:
Նույն հարցազրույցի վերջում նա խոստովանում է. «Գնումների մասին մեր օրենսդրությունը ես միշտ համեմատում եմ ժամանակակից և բազմազան գործիքներով համալրված արհեստանոցի հետ, որտեղ շատ կարևոր է գործիքի ճիշտ և տեղին ընտրությունը»։
Այո, նշյալ օրենքի հիմնական հեղինակը ժամանակին նույն ինքը՝ Կարեն Բրուտյանն է եղել։ Եվ ըստ ոլորտի մասնագետների՝ այդ օրենքի կիրարկման կարգը ապահովող գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության 2011թ. N 168-Ն որոշումն այնպես են գրել, որ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ խորհրդատվական ընկերությունն անմիջապես հայտնվել է մենաշնորհային վիճակում, և այդ ընկերության միջոցով տասնյակ տարիներ և մինչ օրս գործունեություն են ծավալում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կար, որը նույն այդ որոշմամբ վերանվանվել էր «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Կրկին հիշեցնենք, «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի հիմնական գործունեությունն է՝ հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին ու անհատներին մասնագիտական և իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, գնումների գործի կազմակերպման ուսուցումը, ներքին աուդիտի իրականացումը (դրա որակի, ֆինանսական կառավարման և հսկողության, կառավարման համակարգերի բարելավման ոլորտներում)։ Այն, ինչով պետք է զբաղվի ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչությունը, որի պետն է Ջանջուղազյանների և Բրուտյանի գործընկեր Սերգեյ Շահնազարյանը։
Հարց է ծագում, եթե կար «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ Ֆինանսների նախարարության կազմում, ապա ի՞նչ իմաստ ուներ այդ «Ինտեր Լիմենսի» գոյությունը, որը, ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների՝ սպասարկել է պետական բազմաթիվ գերատեսչությունների, բիզնես ընկերությունների գնումները։
Ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։
«Ինտեր Լիմենս» ՓԲ ընկերության փաստացի տերերը, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն է և ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը («Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի համահեղինակը), ինչպես նաև Գագիկ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հարազատ եղբայրը։
Այսինքն՝ օրենքի հեղինակները ստեղծել են իրենց սեփական ընկերությունը և մասնավոր ու պետական սեկտորին գնումների գործընթացում իրենց ծառայություններն են մատուցել և շարունակում են մատուցել մինչ օրս՝ առաջարկելով իրենց լուծումները։
Գնումների մասին հայտարարությունները, որպես կանոն, հսկայական և խրթին պահանջներ են ներկայացնում, որի նրբություններին սովորական մեկը չի կարող տիրապետել և ներկայացնել, և այս դեպքում «Ինտեր Լիմենսին» են դիմում՝ խորհրդատվական ծառայությունների մատուցման և այլ հարցերով։
Այնինչ, դեռևս 2010թ. ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ասում էր.
«Գնումների համակարգն ամբողջապես ապակենտրոնացվելու է: Գնումների գործակալությունը վերափոխվելու է գնումների աջակցման կենտրոնի, այսինքն` ավելի շատ աջակցելու գործառույթ կունենա, քան կազմակերպման»: Նա ներկայացնում էր կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Գնումների մասին» օրենքի նոր նախագիծը, որը նախատեսում էր դեռևս 2000թ. ընդունված օրենքում մի շարք փոփոխություններ:
Այսինքն, քավոր-ասանիկային հարաբերությունների մեջ գտնվող այս պաշտոնյաները տարիներ շարունակ և այժմ էլ մի մեխանիզմ են ներդրել, որով մեծ շահույթներ են ունենում պետության հաշվին։ Ավելին, նույնիսկ չեն թաքցրել և մրցույթներում մրցութային պայմաններին զուգահեռ՝ «Ինտեր Լիմենսի» էլեկտրոնային հասցեներն ([email protected]) են տեղադրել կամ անձամբ Սերգեյ Շահնազարյանի տվյալները՝ էլ. հասցե և այլն։ Այսինքն՝ պետական գերատեսչությունը մասնավոր ընկերության հասցեով ընդունում է գնումների մրցույթներին մասնակցության հայտերը, ընկերության հիմնադիրները ոչ միայն լավագույնս գիտեն հայտի ներկայացման և մրցույթների անցկացման նյուանսները, այլև ներսից ի պաշտոնե նպաստում են «հաղթելուն»։
Այստեղ ավելացնենք, որ ժամանակին ՊԵԿ գնումների բաժնի պետը Սերգեյ Շահնազարյանի հարազատ եղբայրն է եղել՝ Կարեն Շահնազարյանը, որ Կարեն Բրուտյանի սանիկն է և այս շղթայում կոորդինացնում էր ՊԵԿ գնումները, որպեսզի հաղթեն նրանց մասնավոր ընկերություններով ներկայացված հայտերը։
Կոռուպցիոն այս շղթան բավական լավ մտածված է և աշխատում է մինչ օրս։ Մնում է պարզել, թե նրանցից բացի, ՀՀ ֆինանսների նախարարությունում և Պետական եկամուտների կոմիտեում և այլ գերատեսչություններում էլ ովքեր են ներգրավված։ Այս ամենի արդյունքում բարձրաստիճան այս պաշտոնյաները կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը:
Առաջիկայում այս խնդրի և դրանում ներգրավված պաշտոնյաների հետ կապված նոր մանրամասներ կներկայացնենք։
Սյուզի Բադոյան