Ի գիտություն պետական չինովնիկների
Երեկվա մեր այս հրապարակումը, պարզվում է, ՀՀ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ ստեղծագործական ջիղ է բացել՝ իրեն բնորոշ բառամթերքով։ Ֆեյսբուքյան իր էջում պետական պաշտոնյան գրել է.
«Սույն թվականի հոկտեմբերի 18-ին «168 Ժամ» պարբերականը «Բրուտյանը հարցաքննվե՞լ է» վերնագրով հրապարակել է հոդված, որտեղ վկայակոչելով սեփական աղբյուրներին՝ տեղեկացնում է, որ ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը։ Տեղեկացնում եմ, որ ԱԱԾ չեմ հրավիրվել, հարցաքննության չեմ մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունեմ։
Հ.Գ. Արձագանքում եմ բացառապես մտերիմներիս անհանգստությունները փարատելու համար. Բյուջետային քննարկումներին զուգահեռ, որի ընթացքում մեր կողմից բարձրաձայնվում են տարբեր երևույթներին վերաբերող կոնկրետ ռիսկեր, www.168.am -ը՝ «պարտաճանաչ» ձևով հրապարակում է կեղծ նյութեր իմ և իմ մերձավորների մասին: Այս անգամ, լկտի ստին լրջություն հաղորդելու նպատակով, հղում է արվել ԱԱԾ-ին: Ենթադրում եմ, որ հենց այսպիսին է գրպանային լրագրությունը և կեղծ լուրեր կոչվածը»:
Նշենք, Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի կոռուպցիոն անցյալին և ներկային ոչ միայն 168.am-ը, այլև բազմաթիվ լրատվամիջոցներ են բազմիցս անդրադարձել՝ առանձին և ընդհանուր դրվագներով։
Դեռևս չենք անդրադառնում Բրուտյանի բառամթերքին և նրա լկտի ստերին, լկտի հերքումներին և «գրպանային» գործունեությանը։ Սրան դեռ կանդրադառնանք, իհարկե, ներկայացնելով, թե ինչպես են պետական միջոցները և լծակները օգտագործում իրենց և քավոր-սանիկական բիզնեսների համար։ Ավելին, նաև կանդրադառնանք, թե ինչպիսի ջանքեր են գործադրում, որպեսզի բոլոր գերատեսչություններում վերացվեն աուդիտի և գնումների բաժինները, որպեսզի կենտրոնացվեն Ֆինանսների նախարարության և ՊԵԿ որոշ պաշտոնյաների հաշվապահաաուդիտորական ֆիրմաների ձեռքում։
Բայց առայժմ անդրադառնանք մեր հրապարակմանը։ Մեր հրապարակման մեջ, որի վերնագիրը հարցականով էր՝ «Կարեն Բրուտյանը հարցաքննվե՞լ է», ասվում էր.
«Նախօրեին որոշ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված քրգործով որպես կասկածյալներ՝ ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս:
168.am-ը տեղեկություններ ստանալու նպատակով հարցեր է ուղղել ԱԱԾ-ին։ Մինչ հարցերի պատասխանները կստանանք, մեր աղբյուրները նշում են, որ քրեական գործը պետգնումների շրջանակներում է, որը, ինչպես ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում մանրամասն գրել էինք, կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը: Մեր աղբյուրները նշում են, որ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար, նախարար Ատոմ Ջանջուղազյանի հովանավորյալ սանիկ Կարեն Բրուտյանը:
Հիշեցնենք, որ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին է, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը:
Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս և Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը:
Ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն»։
Ի գիտություն Բրուտյանների
Տեղեկատվությունը ճշտելու հարցով դիմել ենք և՛ Ֆինանսների նախարարության խոսնակին, որն ասել է՝ տեղեկություններ չունեն, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը։ Ի դեպ, ԱԱԾ-ն, որն անհասկանալի է՝ լրատվական ծառայություն ունի՞, թե՞ ոչ, տարրական հարցերին, որոնց ընդամենը պետք է «այո» կամ «ոչ» պատասխանել, հերքել կամ հաստատել, ոչ միայն հեռախոսակապով չեն աշխատում, այլև նույնիսկ էլեկտրոնային փոստով նամակ չեն ընդունում, պահանջում են՝ գրավոր առձեռն ներկայացնել ԱԱԾ շենք, կամ պատվիրված նամակով։ Նամակը ուղարկվել է թղթի վրա, և տարրական այդ հարցերին դեռևս պատասխան չկա։