«Իմ քայլը» Ատոմ Ջանջուղազյանի և նրա տեղակալի համար կարող է տհաճ խոսակցություն պատրաստել

168.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին: Հանդիպման քննարկվելիք թեմաներից մեկը, բնականաբար, նախարարությունում աղմկահարույց պարգևավճարների հարցն է, որոնք հրապարակել էր «168 Ժամը»:

Ատոմ Ջանջուղազյանը, հիշեցնենք, ստացել էր ավելի քան 5 մլն դրամ պարգևավճար, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը՝ ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար, որն ամենաբարձր թիվն էր պարգևավճար ստացողների ցանկում:

Սակայն այժմ առավել կարևոր հարցը, թերևս, «Ինտեր Լիմենս» ընկերության գործունեության խնդիրն է, և արդյո՞ք «Իմ քայլը» չի պատրաստվում Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին հարցեր ուղղել դրա վերաբերյալ: Անցած տարի մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենսը» տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել են Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը:

Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս և Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը:

Եվ ահա, մամուլի այդ հրապարակումներից հետո՝ հասկանալով, այդ ամենը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ, Կարեն Բրուտյանն ու Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին դադարեցրել են «Ինտեր Լիմենսի» գործունեությունը: Իսկ ավելի ճիշտ՝ ժամանակավոր կանգնեցրել են, այսպես ասած՝ մինչև վտանգն անցնի: Այսինքն՝ «սուզվել ջրի հատակը»՝ մինչև նոր խորհրդարանը կսկսի աշխատել, մինչև նոր կառավարություն կձևավորվի, մինչև կադրային բոլոր նշանակումները կլինեն, և ամեն ինչ անել, որպեսզի ժամանակավոր մոռանան իրենց, որից հետո «Ինտեր Լիմենսը» կվերսկսի իր գերշահութաբեր գործունեությունը:

Այնպես որ, եթե «Իմ քայլը» Ատոմ Ջանջուղազյանին ու Կարեն Բրուտյանին «Ինտեր Լիմենսի» վերաբերյալ էլ հարցախեղդ անի, ապա վերջիններիս համար տհաճ իրավիճակ կստեղծվի, քանի որ նրանց մեղադրում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս