Կարեն Բրուտյանը հարցաքննվե՞լ է
Նախօրեին որոշ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված քրգործով որպես կասկածյալներ՝ ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։
168.am-ը տեղեկություններ ստանալու նպատակով հարցեր է ուղղել ԱԱԾ-ին։ Մինչ հարցերի պատսխանները կստանանք, մեր աղբյուրները նշում են, որ քրեական գործը պետգնումների շրջանակներում է, որը, ինչպես ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում մանրամասն գրել էինք, կենտրոնացած է եղել և այժմ էլ կենտրոնացած է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, որոնք կարողացել են վերահսկել և իրենց ձեռքում կենտրոնացնել պետական գնումների ողջ համակարգը: Մեր աղբյուրները նշում են, որ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար, նախարար Ատոմ Ջանջուղազյանի հովանավորյալ սանիկ Կարեն Բրուտյանը:
Հիշեցնենք, որ խոսքը «Ինտեր Լիմենս» ընկերության մասին է, որը տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մոնոպոլ կարգավիճակը ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը և այլ կապերը:
Ընկերությունը հիմնադրել է Կարեն Բրուտյանը, ըստ էության այն փոխկապակցված կերպով սպասարկել է վերջինիս և Ատոմ Ջանջուղազյանի շահերը: Ընկերության գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել այս երկու պաշտոնյաների ընկերներն ու ազգականները: Բավական է ասել, որ ընկերության վերջին տնօրենն Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էր՝ Գագիկ Ջանջուղազյանը:
Ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։