«Մինչև 1926 թ. քարտեզներով՝ այդ ճանապարհը մեր տարածքում է. այս գործընթացն իրավական ուժ չունի». Շահեն Շահինյան
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր:
«Այն քարտեզները, որոնք ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման մասին քարտեզներն են, դրանք տարբեր տարիներին փոփոխվել են: Եթե խոսենք այն մասին, որ ճանապարհը գտնվում է Ադրբեջանի տարածքում, ապա պետք է խոսքը տանենք դեպի 70-ական թվականների քարտեզները, քանի որ հենց 70-ական թվականների քարտեզներն ուսումնասիրելիս ենք տեսնում, որ այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը անցնում է Ադրբեջանի տարածքով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Քարտեզագրի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացները մեկնարկել են 1920-ական թվականներին, երբ երկու հանրապետությունները մտել են ԽՍՀՄ կազմ.
«Դրանից հետո ընթացել է սահմանազատման պրոցես՝ 1920-ականների ընթացքում մինչև 1929 թվականը, և այդ ընթացքում անընդհատ քարտեզները փոփոխվել են: Երբ խոսում ենք 1920-ական թվականների քարտեզների մասին, պետք է հստակեցնել՝ կոնկրետ ո՞ր թվականի: 1926 թվականի քարտեզն այլ բան է ցույց տալիս, 1929 թվականի քարտեզը՝ մեկ այլ: Քանի որ Սովետական Միության գոյության տարիներին այս սահմանը չի եղել պետական սահման, այլ եղել է վարչատարածքային բաժանման սահման, այսինքն՝ ունեցել է նույն կարգավիճակը, ինչ հիմա ունի, օրինակ՝ Սյունիքը և Վայոց ձորը: Եվ երբ փոփոխվել են սահմանները երկու հանրապետությունների ինչ-որ կառույցների համաձայնությամբ, դա չի եղել պաշտոնական սահմանի փոփոխություն: Երբ հիմա ասում ենք, որ 20-ական թվականների քարտեզներով սահմանն անցնում է այնպես, որ ճանապարհը գտնվում է Ադրբեջանի տարածքում, պետք է նշենք՝ 1920-ական ո՞ր թվականի քարտեզով: Որովհետև մինչև 1926 թվականի քարտեզներով՝ այդ ճանապարհը մեր տարածքում է»:
Շահեն Շահինյանը նկատեց՝ եթե Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվում են ադրբեջանական անցակետեր, դրանք ունենալու են նույն կարգավիճակը, ինչ Ադրբեջանի սահմանի մյուս անցակետերը. «Եթե ՀՀ քաղաքացին հայկական անձնագրով փորձի այլ սահմանակետից մուտք գործել Ադրբեջան, արդյո՞ք նրան կթողնեն, չե՞ն ձերբակալի կամ հետ չե՞ն ուղարկի: Այսինքն՝ ինձ համար սա պարզաբանման կարիք ունի»:
Թեպետ Հայաստանի իշխանությունները իրար հերթ չտալով հայտարարում են, որ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղադրվել են ադրբեջանական անցակետեր, պատկանում է Ադրբեջանին, քարտեզագիրը դա վիճելի է համարում. «Վիճելի են այն բոլոր հատվածները, որոնք գտնվում կամ գտնվել են մեր տիրապետության ներքո, և մինչ օրս դելիմիտացիա չանցկացրած՝ մենք չենք կարող ասել, որ այդ տարածքները պատկանում են կամ պետք է անցնեն Ադրբեջանին: Այո, կա իրավական ճանապարհ լուծելու այս խնդիրը: Երբ սկսվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցությունները, երբ կոմպետենտ մասնագետներ ներգրավված լինեն այս աշխատանքներում, ովքեր կկարողանան վերլուծել և պարզել՝ ո՞ր իրավական փաստաթղթերի հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները, արդյոք 1926թ. քարտե՞զը ուժ ունի երկու պետությունների միջպետական սահման գծելու, թե՞ 1970 թվականի քարտեզը ուժ ունի: Այսինքն՝ մենք պետք է հստակ հասկանանք՝ որ քարտեզն ունի իրավական ուժ, որ քարտեզը եղել է ընթացիկ՝ ուղղակի այդ պահին օգտագործվող տարածքների սահմանազատման քարտեզ, որովհետև եղել են այդպիսի քարտեզներ, օրինակ՝ սահմանամերձ մի կոլխոզը օգտագործել է այս տարածքը այս տարի, հաջորդ տարի փոխանցել է հարևան կոլխոզին, դա չնշանակեց, որ պետությունը հող փոխանցեց, նա ընդամենը ժամանակավոր օգտագործման է տվել իր բարեկամ հանրապետության մեկ այլ կառույցի: Այսինքն՝ պետք է հստակ ֆիքսել, թե որ փաստաթղթերը ունեն իրավական ուժ»:
Մասնագետը պարզաբանեց, որ երբ սովետական հանրապետություններն իրար մեջ կնքում էին սահմանազատման վերաբերյալ համաձայնագրեր, կազմվում էր փաստաթուղթ, որտեղ և՛ նկարագրությամբ, և՛ որոշակի կետերով նշվում էին հանրապետությունների սահմանազատման կետերը, որին կցվում էր նաև քարտեզ. «Այս ամբողջականությունն է, որ կարող է փաստել սահմանազատման ճիշտ ուղու մասին: Այսինքն՝ երբ խոսում ենք այն քարտեզի մասին, որը կարող է իրավական հիմք հանդիսանալ սահմանազատման վերաբերյալ, պետք է անպայման նշել՝ այդ քարտեզները պետք է հաստատված, կնքված և ստորագրված լինեն այդ ժամանակ Հայաստանի Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության գործող ղեկավարների կողմից»:
Շահեն Շահինյանի խոսքով՝ դեմարկացիա և դելիմիտացիա անցկացնելիս պետությունները սկզբից փորձում են փոխզիջումային տարբերակով պայմանավորվել. «Եթե փոխզիջումային տարբերակը չի աշխատում, ապա գնում են ուժի կիրառման: Եթե մենք պատրաստ չենք և չենք կարողանալու ուժ կիրառել, դա մեզ համար բերելու է ցավալի լուծումների: Գոնե ես տեսնում եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների, նա չի գնում զիջումների: Բոլոր պարագաներում մասնագետների ներգրավումը պարտադիր պայման է, հակառակ դեպքում՝ չես կարողանալու ձևակերպել այնպիսի տեսակետներ, որ կարողանաս և՛ հակառակորդ պետությանը, և՛ միջնորդներին համոզել, որ քո տեսակետն է ճիշտ լուծումը, որով պետք է իրականացվի արդար սահմանազատում»:
Այս տարբերակով դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու դեպքում, ըստ քարտեզագրի, հայկական կողմը կանգնելու է հետևյալ խնդիրների առաջ. «Եթե անցնենք անկլավներին, ապա ունենալու ենք մի քանի խնդիր: Առաջինը՝ Տավուշի մարզում Մ-16 միջպետական մայրուղու խնդիրը, քանի որ այդ մայրուղին մի քանի անգամ հատում է և՛ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքը, և՛ նաև մի հատվածով էլ անցնում է անկլավի միջով: Եթե մենք դիտարկենք Վերին Ոսկեպարի հատվածը, և դա հանկարծ փոխանցվի, ստացվելու է, որ Ոսկեպար գյուղը հայտնվելու է անկլավի և Ադրբեջանի բուն տարածքի միջև, այսինքն՝ երկու կողմից շրջափակվելու է թշնամու կողմից:
Իսկ երբ խոսքը մյուս անկլավի մասին է, որտեղ ժամանակին գտնվում էին Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերը, ապա այդ անկլավի զիջման դեպքում էլ ունենալու ենք խնդիր այլ բնակավայրերի հետ, որտեղ ժողովուրդը տներ է կառուցել: Իսկ երրորդ անկլավի մասին շատ է խոսվել, դա ներկայիս՝ Տիգրանաշեն, իսկ նախկինում՝ Քյարքի կոչվող բնակավայրն է, որը վերաբնակեցված է, ամբողջությամբ հայեր են ապրում, իսկ ամենակարևոր փաստը՝ այդ հատվածով անցնում է Մ-2 միջպետական մայրուղին: Ստացվելու է, որ երեք անկլավները պետք է մենք փոխանցենք, իրենցից ստանանք Արծվաշենը, որը 7 կիլոմետրով հեռացված է Մայր Հայաստանից, և ինչ ստրատեգիական արժեք ունի մեզ համար, դժվար է գնահատել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում