«Տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիները որոշակի վճարի դեպքում կարող են անցնել ադրբեջանական մաքսակետով». Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելուն։

«Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած ճանապարհներն են։ Մենք ընդհանուր առմամբ ելնում ենք այդ տրամաբանությունից։ Հասկանալի է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը։ Այդ ամենն ավելի հստակեցնելու համար գիտեք, որ առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է այդ հատվածով ՀՀ քաղաքացիների անցնելուն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։

«Այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է, որ տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում, այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները դրանք վճարելով՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջությամբ վերանորոգված է և բացված է։ Քաղաքացիների համար ամբողջովին համար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս