
Ինքը երեկ այդ տոնն այստեղ նշեց լուսաձայնային նռնակներով. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը, իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց սատարող ՀՀ «հպարտ քաղաքացիներն» այսօր նշում են Քաղաքացու օրը, որը տոնացույցում հայտնվեց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո:
Նիկոլ Փաշինյանն այսօր այդ մասին հիշեցրել է քաղաքացիներին ուղերձով՝ տեղեկացնելով նաև. «Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, և օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին»:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրվա՝ միայն իշխանություններին և իշխանամերձ շրջանակներին հայտնի օրվա խորհրդին, շեշտեց. «Երկու սուբյեկտ կա, որոնց մոտ 44-օրյա պատերազմից, Արցախի հանձնումից հետո տոնական տրամադրություն է՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական էլիտաներ են: Սա ո՛չ վոդևիլ է, ո՛չ տրագիկոմեդիա. հանձնված Արցախի ֆոնին, երեկ այստեղ ջարդվող կիրանցիների ֆոնին, Երևանում պահվող քաղբանտարկյալների, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ֆոնին՝ խոսել քաղաքացու իրավունքից:
Քիչ առաջ էստեղ զրուցում էի 96-ամյա տավուշցի Սոնա տատիկի հետ, որի աղջիկը մահացել էր երեկ, նա եկել էր խնդրելու սրբազանին՝ ամեն ինչ արեք, որ իմ տունը թուրքին չհանձնեն (նա հենց այդ սահմանազատված բնակավայրերի հատվածում է ապրում), կարողանամ աղջկաս դիակը բերեմ այստեղ թաղելու:
Այս ֆոնին՝ դագաղներով, սև լենտերով, պսակներով, ատելությամբ, անբարոյականներին քաղաքացիների վրա քսի տալով իշխանության եկածներն այսօր խոսում են քաղաքացու օրվանից, արժանապատվությունից, հպարտությունից»:
Քաղաքական գործիչը ցավով արձանագրեց նաև, որ երեկ Կիրանցում անպաշտպան քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային հատուկ միջոցներ են կիրառվել:
«Ինքը երեկ այդ տոնն այստեղ նշեց լուսաձայնային նռնակներով»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ հերքել են հատուկ միջոցների կիրառումը՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Գլուխները պատին են տվել հերքողները. այստեղ կանգնած են երեխաներ և կանայք, որ այդ ամենը տեսել են և, ինչպես քիչ առաջ իրենք ասացին՝ այդ լուսաձայնային նռնակներից մեկն էլ հոգևորականների ոտքի տակ է ընկել»:
Քաղաքական գործչին հուսադրում է Տավուշում մի քանի հոգևոր թեմերի առաջնորդների ներկայությունը, հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և անգամ Սփյուռքից՝ Տավուշ եկած քաղաքացիների ակտիվությունը. նա համոզված է՝ Տավուշից է սկսվելու արթնացումը:
«Հուսադրող է, որ արժանապատիվ հայը նորից ոտքի է կանգնում՝ ընդդեմ Հայաստանը զավթած կոլաբորացիոնիստների և ադրբեջանական ռեժիմի»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը: