Բաժիններ՝

Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսը տեսակցել են ողբերգական վթարից տուժածներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը տեսակցել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Հայտնել էինք, որ երեկ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կար 5 զոհ և 9 վիրավոր։

«Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր է եղել։ Նրանց մի մասը վնասվածքներ չի ստացել ու հրաժարվել է բժշկական օգնությունից։
Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ մահացածի մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս