
5 զոհ, 8 վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: