Մարմնամարզության առանձին գործիքների վրա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը շատ դժվար է. Վահագն Դավթյան
Հայաստանի սպորտային մարմնամարզության ընտրանու անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը համարում է դժվարին աշխատանքի արդյունք:
«Առաջին անգամ չէ, որ փորձում էի ուղեգիր նվաճել: Մարմնամարզությունում, այն էլ առանձին գործիքների վրա, ուղեգիր նվաճելը շատ դժվար է: Սակայն այս մրցաշրջանի կանոնադրությամբ, աշխարհի գավաթի խաղարկության փուլերով առանձին գործիքների վրա երկու լավագույն արդյունք գրանցած մարզիկները կարող էին ուղեգիր նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիմինիում` լրագրողների հետ զրույցում, ասաց նա:
Դավթյանի խոսքով` այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության առաջին իսկ մրցաշարում խնդիր կար դրված՝ անել առավելագույնը:
«Եվրոպայի առաջնության չեմ մասնակցում, քանի որ անակնկալ վնասվածք ստացա այստեղ` Իտալիայում, մարզումների ժամանակ: Նպատակահարմար գտանք, որ ավելի լավ է չմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, քանի որ առաջիկայում առավել կարևոր, առավել լուրջ մրցաշար ունենք` Օլիմպիական խաղերը»,-առանձնացրեց Դավթյանը:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: