Գիտնականը պետք է սարք, սարքավորում, ենթակառուցվածք ունենա, որպեսզի «Մերսեդեսի» արագություն բացի. Լիլիթ Սահակյան
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ունենալով սեղանին, չեն լուծվում առկա հրատապ խնդիրնեըը, այն է՝ գիտնականի խեղաթյուրված պատկերը, որն ունենք Հայաստանում: Չկա կապ՝ պետության և գիտնականի միջև, չկան պետության կողմից իջեցվող խնդիրներ՝ դեպի Ակադեմիան, գիտությունը և գիտնականը»,- «Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը:
«Գիտնականների թիվն օրեցօր նվազում է, և օրենքում չտեսա այնպիսի դրույթներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեին համապատասխան ոլորտների նկատմամբ և կավելացնեին գիտության նկատմամբ հետաքրքրվածությունը: Միջավայրի առողջացման խնդիր ունենք և փոխանակ ուժերը կենտրոնացնենք միջավայրը լավացնելու և գիտությունն ի նպաստ պետությանը ծառայեցնելու, մենք մեր ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի ու ոչ կարևոր խնդիրների վրա: Ունենք նոր ԳԱԱ նոր նախագահություն, և փոխանակ նրանց հետ համագործակցություն լինի՝ շրջանառվում է օրենք, որն այս պահին ունի համալրման կարիք, և չեն կազմակերպվում կլոր սեղաններ, որոնց շուրջ կարելի կլինի քննարկումներ իրականացնել և համալրել այն բացը, որը հիմա առկա է օրենքում:
«Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, «FIRO» ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, նկատեց. «Օրենքը կարդալով՝ տեսնում ենք, որ ոչ մի խնդրի լուծում չի հետապնդում: Կենտրոնացած են կառավարման ձևը փոխելու վրա՝ առանց բովանդակային հստակ խնդիրներ դնելու: Իսկ առաջարկվածն ինչքանով է հիմնավորված և մրցակցային, ոչ մի հիմնավորում, վիճակագրություն, թիվ չկա:
Ունենք Ա Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖի), որը կառավարվում է խորհրդով: 10 լավագույն մասնագետներից բաղկացած խորհուրդ, բայց ինչքանո՞վ է էֆեկտիվ գործում այդ խորհուրդը՝ ինստիտուտի խնդիրները լուծելու համար, ուղղակի հետևելով հրապարակային տարբեր քննարկումների՝ այս պահին լավատեսություն չի ներշնչում: Հիմա մենք ինչպե՞ս ենք կազմավորելու 30 ինստիտուտի համար էֆեկտիվ խորհուրդներ:
Օրենքում նշված է, որ մեկը պետք է լինի Ակադեմիայից, մյուսը՝ համապատասխան պատկան մարմիններից. վստահաբար ունենք 200 հոգի գտնելու խնդիր, ու մի անձը լինելու է 30 ինստիտուտի խորհրդի մե՞ջ: Ինչպես նաև ԿԳՄՍՆ-ից 1 կամ 2 հոգին ի վերջո հայտնվելու են բոլոր խորհուրդներո՞ւմ: Ինչո՞վ է նոր մոտեցումը հնարավորություն տալու լուծել խնդիրները, որը հնարավոր չէ անել ներկա սիստեմայով: Ոչ մի տրամաբանություն հասկանալի չէ»:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն էլ նկատեց. «Գաղտնիք չէ, որ մեր գիտական դպրոցները խորհրդային գիտական դպրոցի շարունակությունն են, որ մենք շատ հաճախ խորհրդային ավտոմեքենայից, օրինակ, «Զապորոժեց»-ից, որի մեջ լցնում ենք ոչ լավ վառելիք, վարորդն այդքան լավ կրթված չէ, ուղևորներն էլ չգիտեն՝ ուր են գնում, և ասում ենք՝ իյա՜, այս ինչո՞ւ «Մերսեդես»-ի արագություն ես բացում: Հիմնականում այս դիսբալանսն է: Ոչ մի պետական աշխատողի չեն ասում՝ արդյունք տուր, նոր աշխատավարձ կտանք, չէ՞: Ես չեմ տեսել այլ պետական մարմինների այդպիսի վերլուծություն՝ արդյունքի վրա հիմնված ֆինանսավորում բացելու համար: Այսօր գիտնականներին նույն «Զապորոժեցի» պայմաններում ուզում են, որ ունենան «Մերսեդեսի» արագություն:
Կառավարությունն ասում է՝ մեզ արդյունք տուր, մենք էլ ասում ենք՝ վճարեք, որ արդյունք ունենանք: Գիտնականը պետք է սարք, սարքավորում, ենթակառուցվածք ունենա, որպեսզի «Մերսեդեսի» արագություն բացի: Այսօր շատ պետական կառույցներում ստեղծվում են ՊՈԱԿ-ներ, որոնք անում են այնպիսի գործառույթներ, որը կարող էին, օրինակ, պատվիրել գիտնականներին: Դա, չգիտես ինչու, չեն անում: Գուցե մեր լեզուն տարբե՞ր է իրենց լեզվից, կամ դիսբալա՞նս կա իրենց պահանջի և մեր հնարավորությունների մեջ: Ամեն դեպքում՝ փորձ էլ չի արվում»: