«Ադրբեջանում ունենք բազմաթիվ գերիներ, պատանդներ, որոնց թիվը հայտնի չէ, հայտնի չէ նրանց ճակատագիրը». Դավիթ Բաբայան
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անցել է մեկ տարի։
Մեկ տարի անց եռակողմ հայտարարարության մեջ եղած ո՞ր կետերն է կատարել Ադրբեջանը։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Ադրբեջանը որոշակի կետեր իրականացրել է, սակայն ոչ կամավոր, որովհետև իրավիճակն է այդպես՝ Արցախում կանգնած է ռուսական խաղաղապահ առաքելությունը։
«Այս պահին ընթանում են աճյունների որոնման աշխատանքներ, որոնք իրականացվում են համատեղ։ Կան կետեր, որոնք Ադրբեջանը չի իրականացրել, և իր գործողություններից հասկանալի է, որ պատրաստ էլ չի իրականացնել։ Մենք Ադրբեջանում ունենք բազմաթիվ գերիներ, պատանդներ, որոնց թիվը հայտնի չէ, հայտնի չէ նրանց ճակատագիրը։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի միջազգային տարբեր առաքելություններ այցելեն օկուպացրած տարածքներ, մշտադիտարկումներ իրականացնեն, փոխարենը՝ ոչնչացնում է մեր պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին նախատեսված հիշատակի միջոցառումներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ բոլորն են խորհում տեղի ունեցածի մասին։
«Մարդիկ այցելում են մեր հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում, մենք նրանց հիշում ենք և միշտ էլ հիշելու ենք՝ անկախ պաշտոնական միջոցառումներից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: