Տապալված դիվանագիտության մեկ տարին

2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ ժողովրդի թիկունքում ստորագրված եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությամբ ոչ թե ավարտվեց Ղարաբաղյան հակամարտությունը, վերջնականապես չեզոքացվեց պատերազմի սպառնալիքը, այլ գլոբալ դիմակայությունը Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում նոր, շատ ավելի բարդ ու խրթին փուլ թևակոխեց՝ տարածաշրջան ներքաշելով շատ այլ ավելի մեծ խաղացողներ ու արմատապես փոխելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։

Իսկ այդ հայտարարությունից հայ ժողովրդին մնացին միայն մի քանի հազար երիտասարդ զոհերի մասին հիշողությունները, կորսված տարածքները, «կարկատված» հրադադարը, որն ադրբեջանական ուժերի կողմից խախտվել է նույնիսկ այս հրադադարի մեկամյակի նախօրեին։

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր՝ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, պատճառելով մահ ու վիրավորներ։ Եվ այս ամենն ուղեկցվում է չդադարող հայատյաց հռետորաբանությամբ ամենաբարձր մակարդակով և քարոզով։ Սակայն սա միայն մեկ դրվագն է Հայաստանի շուրջ հասունացող, զարգացող աշխարհաքաղաքականության շրջանակում։

2020 թվականի նոյեմբերի 9-ից ուղիղ մեկ տարի անց պետք է արձանագրել, որ դիվանագիտական թատերաբեմում, միջազգային հարթակներում Հայաստանին, հայկական դիվանագիտությանը չի հաջողվել արձանագրել նույնիսկ փոքր հաղթանակներ։ Այս մեկ տարվա ընթացքում եղել է նաև փուլ, երբ ՀՀ ԱԳՆ-ն ընդհանրապես չի ունեցել ղեկավար կազմ, ինչը նոնսենս է։

Եթե այս ընթացքում նույնիսկ եղել են հայանպաստ աշխարհաքաղաքական որոշումներ, որոնցից մեկն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն էր, ապա դրանք ցավալիորեն  ձեռք չեն բերվել հայկական գործոնի ազդեցությամբ։

Հայաստանն այս ընթացքում վարել է ոչ թե պրոակտիվ, այլ ռեակտիվ դիվանագիտություն, փորձելով ինչ-որ կերպ դուրս գալ իրեն պարտադրված տարածաշրջանային օրակարգերից, որոնցից էր դելիմիտացիա-դեմարկացիան, տարածաշրջանային ապաշրջափակումը, ականապատ դաշտերի քարտեզների հարցը, հայ-թուրքական կարգավորման գործընթացը, տարածաշրջանային համագործակցության 3+3 ծրագիրը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, և այս ցանկը շարունակելի է։

Հայկական դիվանագիտությանը չի հաջողվել ստեղծել օրակարգեր, արդյունավետորեն պայքարել թյուրքական այն թեզի դեմ, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, չի հաջողվել վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և, որ ամենակարևորն է, և որքան էլ իշխանական պաշտոնյաները խոսեն այդ մասին, չի հաջողվել որևէ հաջողություն արձանագրել Արցախի կարգավիճակի հարցի ուղղությամբ։ Թեև սա մի հարց է, որը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում է։

Չի հաջողվել նաև վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, այդ հարցը դարձնելով միջազգային դերակատարների դիվանագիտական բառապաշարի մի մաս։ Հայկական դիվանագիտությանը չի հաջողվում օգտվել այն աշխարհաքաղաքական հնարավորություններից, որոնք ՀՀ իշխանությունների կամքից անկախ կենտրոնացել են Հայաստանի շուրջ։

Հայաստանին չի հաջողվում հստակ օրակարգեր առաջ քաշել գոնե Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, միջազգային կառույցների հետ հարաբերություններում, իր շահերն առաջ մղել Թուրքիայի և Ադրբեջանի, նրանց փոխկապակցված երկրների հետ կարգավորման շրջանակներում: Այս ամենի ապացույցը, թերևս, այն աշխարհաքաղաքական իրավիճակն է, միջավայրը, որում Հայաստանն է։

ՀՀ իշխանություններին ամենալավը հաջողվել է խոսել տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման մասին։ Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանը միայն շարունակել է ամրապնդել պարտվածի իմիջը նաև դիվանագիտական հարթությունում։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունը և՛ վերջ դրեց պատերազմին, և՛ խաթարեց դրանից առաջ երեք տասնամյակ հաստատված բանակցային տրամաբանությունը, քանի որ ստեղծվեց լիովին այլ իրավիճակ՝ տարածքների հանձնման թեման այլևս բանակցվելիք հարց չէ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցը ևս ներգրավված էր եռակողմ հայտարարությունում, և այս անգամ արդեն իսկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվեց անելանելի իրավիճակում։

Նրա խոսքով, կոնկրետ ԵԱՀԿ ՄԽ հարթակն այսօր որևէ դերակատարություն չունի, սակայն այն դեռ շարունակում է քննարկվել, քանի որ գործընթացում, այսպես թե այնպես, կան Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հեռակա կարգով, և ինչ-որ մի պահի սա կարող է լիովին «փակվել» կամ վերսկսվել։

«Մյուսը մոսկովյան հարթակն է Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որն իր հերթին՝ երկու գործընթաց պետք է ներառի՝ ապաշրջափակում և սահմանազատում, որը խնդիրներով է առաջ ընթանում։ Մեկ տարի անց որևէ կոնկրետ առաջընթաց այդ ուղղությամբ չկա, այլ ուղղություններով, թերևս, ևս չկա, բայց կան նոր իրողություններ՝ Իրան, Թուրքիա Հարավային Կովկասում, տարածաշրջանի ամերիկյան նոր տեսլական, դրանից բխող առաջարկներով։ Գիտեք՝ կարևոր հանգամանքը եռակողմ հայտարարության այն է, որ տարածաշրջանային խաղացողների մի ստվար հատվածը դժգոհ է դրանից, բնականաբար, Հայաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը, հենց այդ պատճառով այն առանց խոչընդոտների չի իրագործվում։

Գիտեք նաև, որ խաղաղապահների կարգավիճակի հարցը հստակեցված չէ, դա ևս հենց այս շրջանակի հարցն է։ Կարելի է ասել, որ դրանից մեկ տարի անց տարածաշրջանն անկայունության փուլում է, աշխարհաքաղաքական երկրաշարժերի և նոր աշխարհի արանքում։

Դա միայն Հայաստանի դեպքում չէ, բոլորն են այդ փոփոխություններին ենթարկվում, իսկ Հայաստանի դեպքում դա ավելի խորն է զգացվում, քանի որ ետևում ծանր պատերազմ է՝ ծանր դիվանագիտական հետքերով։ Աշխարհը վաղուց էր սկսել փոխվել, և պատերազմով այդ փոփոխությունը հասավ Հարավային Կովկաս։ Ե՛վ գլոբալ, և՛ տարածաշրջանային առումով, որոնք միմյանց կապակցված են, իրավիճակը բարդ է, բարդ է նաև Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ դերի հետ չեն հարմարվում, բայց այդ դերը նաև չեն ստանձնում։ Տեսնում ենք, որ ՌԴ-ի համար ևս կան բարդ խնդիրներ, և մեկ տարի առաջ ստորագրվածը դադարեցրեց թեժ ռազմական գործողությունները, բայց ոչ՝ աշխարհաքաղաքական «պատերազմը», որում բոլորն են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս