Այս ամենը՝ ի վնաս աշխատողի և բացառապես քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ոչ աշխատանքային օրերը կրճատելու կառավարության առաջարկությունը։ Առաջարկություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Իշխանությունները համարում են, որ Սուրբ Ծննդյան ոչ աշխատանքային օրերը շատ են ժողովրդի համար։ Ուստի որոշել են դրանք կրճատել։ Անունն էլ դրել են, թե դրանով լավություն են անում ժողովրդին՝ նրանց ազատում են պարտքեր վերցնելու և Ամանորը նշելու ծանր բեռից։
Սրա մեջ, իհարկե, որոշ ճշմարտություն կա։ Կան մարդիկ, ովքեր Ամանորը նշելու համար ստիպված են պարտքեր վերցնել։ Բայց դա չի նշանակում, թե այդ խնդիրը պետք է լուծել ոչ աշխատանքային օրերը կրճատելով։
Միայն այդ օրը չէ, որ մարդիկ պարտքեր են վերցնում ու ծախսեր են անում։ Տարվա մեջ նման օրեր քիչ չեն լինում։
Պարտքերով ապրելու պատճառը ցածր եկամուտներն են, և ոչ թե՝ ծախսերը։ Պետք է մտածել մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, որպեսզի նրանք ստիպված չլինեն պարտքեր վերցնել։ Բայց քանի որ չեն կարողանում լուծել այդ խնդիրը, որոշել են մարդկանց զրկել Սուրբ Ծննդյան տոներից։
Ինչպես սովորաբար լինում է՝ պատճառը վերացնելու փոխարեն, հետևանքն են վերացնում։
Հայաստանում մարդկանց եկամուտները շատ ցածր են։ Դրանք հաճախ չեն հերիքում անգամ նվազագույն պահանջները բավարարելու համար։
Խնդիրն առավել բարդացել է անցած և այս տարվա ընթացքում՝ եկամուտների ու ծախսերի անհամաչափ աճի պատճառով։ Բայց այս նախաձեռնությամբ այդ խնդիրը չի լուծվում։ Մարդկանց եկամուտները դրանով չեն ավելանա։ Փոխարենը՝ նրանք ստիպված կլինեն ավելի շատ աշխատել։ Ոչ մի նշանակություն չունի, որ հունվարի աշխատանքային օրերը կարող են 5-ով ավելանալ։ Մարդիկ կստանան այնքան աշխատավարձ, ինչքան ստանում էին նախկինում։
Սոցիալական առումով, սա աշխատողին ոչինչ չի տա՝ միայն կավելացնի աշխատանքի ծանրաբեռնվածությունը։
Խնդրահարույց են նաև այս նախաձեռնության տնտեսական արդյունքները։
Ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Այլապես հիմա շատ երկրներ վաղուց հրաժարվել էին տարբեր միջոցառումներ օրերով ու նաև շաբաթներով տոնելու գայթակղությունից։ Այնպես չէ, որ դա միայն Սուրբ Ծննդյան տոներին է վերաբերում։
Կառավարությունում հաշվարկել են, որ ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 88-89 մլրդ դրամով։
Որ կավելանա, գուցե և այդպես է, կարևոր չէ՝ ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ։ Խնդիրն այն է, թե ինչի հաշվին են ուզում հասնել դրան։
Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ կբերեն՝ միանշանակ է, որ այս ամենը ի վնաս աշխատողի է և հետապնդում է առաջին հերթին քաղաքական նպատակ։
Խոստացել են առաջիկա տարիներին միջին տարեկան ՀՆԱ 7, արտաքին բարենպաստ միջավայրի դեպքում՝ նաև 9 տոկոս աճ ապահովել։ Բայց քանի որ ի վիճակի չեն այլ միջոցներով հասնել դրան, ստիպված փրփուրներից են կառչում, ոչ աշխատանքային օրերն են կրճատում։
Այնինչ՝ աշխարհը վաղուց գտել է այն ճանապարհը, որն ապահովում է տնտեսության զարգացումն ու ՀՆԱ աճը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե մարդկանց ստիպել ավելի շատ աշխատել, ավելի քիչ հանգստանալ, այլ մտածել աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մասին։
Մեր խնդիրը ոչ թե աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի շատ-քիչ լինելու, այլ ցածր արտադրողականությամբ տնտեսություն ունենալու մեջ է։ Այդ ցուցանիշով հետ ենք մնում բազմաթիվ, այդ թվում՝ նույն տնտեսական տարածքում ընդգրկված երկրներից։
Մեր տնտեսության արտադրողականության մակարդակը ժամում 6-7 դոլար է, այնինչ ԵԱՏՄ երկրների միջինն անցնում է 11 դոլարից։ Եվրամիության երկրների մասին էլ չենք խոսում, որոնք անգամներով առաջ են մեզանից։
Նույնիսկ Մերձբալթյան երկրները 2,5-3 անգամով ավելի բարձր արտադրողականություն ունեն, քան մենք։
Այստեղից են սկսվում այն հիմնական խնդիրները, որոնք կան մեր տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում։
Բայց արտադրողականությունը բարձրացնելու համար պետք է ոչ թե աշխատանքային օրերի քանակն ավելացնել, այլ մտածել տնտեսությունը վերազինելու և տեխնիկապես հագեցնելու մասին։ Տնտեսության վերազինման խնդիրը չենք կարողանում լուծել՝ արհեստականորեն ուզում ենք ՀՆԱ-ն մեծացնել։ Ու դրա համար վերցնում ավելացնում ենք աշխատանքային օրերը։
Նույն տրամաբանության մեջ կարելի է հրաժարվել նաև հնգօրյա աշխատանքային շաբաթից և անցնել վեցօրյայի, կամ ընդհանրապես հանել շաբաթ-կիրակիները։ Այդ դեպքում գուցե ՀՆԱ-ն ավելի մեծ լինի։ Բայց դա խնդրի լուծում չէ։ Տնտեության արտադրողականությունն ուղիղ կապ ունի նաև աշխատողի ֆիզիկական վիճակի հետ։ Այլ բան է, երբ մարդը հնարավորություն ունի նորմալ հանգստանալ, այլ բան է, երբ չունի այդ հնարավորությունը։ Այս գործոնից կախված՝ փոխվում է նաև աշխատանքի արտադրողականությունը։
Այնպես որ, ինչքան էլ իշխանությունները փորձեն տարբեր պատճառաբանություններով հիմնավորել ոչ աշխատանքային օրերի կրճատման անհրաժեշտությունը, դրանով մեր տնտեսության խնդիրները չեն լուծվելու։ Այն կարող է ընդամենը որոշ ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի վրա։
Արդյունքում՝ հաջորդ տարվա հունվարին գուցե տնտեսական աճն ավելի բարձր լինի, քան կարող էր լինել, եթե չկրճատվեին ոչ աշխատանքային օրերը։ Սակայն դրա հույսին տնտեսություն չեն զարգացնում։
Կյանքը ցույց է տվել, որ Սուրբ Ծննդյան 5-6 ոչ աշխատանքային օրերի պայմաններում էլ կարելի է տնտեսական լավ արդյունքներ ապահովել։ Դրա համար պետք չէ մարդկանց զրկել մի քանի օր ավել հանգստանալու հնարավորությունից։
Բայց դա այսօրվա իշխանության համար չէ։ Ասօրվա իշխանությունն առաջնորդվել ու առաջնորդվում է ոչ թե երկրի ու ժողովրդի, այլ բացառապես իր սեփական շահերով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ