Կանաչների լռությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը համաշխարհային տնտեսության կանխատեսումների հաշվետվության հրապարակումից մի շաբաթ առաջ ասաց, որ իր գրասենյակի մասնագետները վերանայել են նախկին գնահատականները:

ԱՄՀ-ն հուլիսին հրապարակված վերլուծության մեջ համաշխարհային տնտեսության 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում: Հիմա արդեն խոսում են աճի տեմպի դանդաղման մասին: Հատկապես դանդաղ վերականգնում է սպասվում նոր-նոր ձևավորվող շուկա ունեցող և զարգացող երկրներին: Պատճառը համավարակն ու դրա հետևանքներն են: Հիմնականում:

Մեր երկրի պարագան մի փոքր այլ է: Այստեղ տնտեսության աճի դանդաղ տեմպի այլ որոշիչ գործոններ էլ կան: Հուլիսին, երբ ԱՄՀ-ն խոսում էր համաշխարհային տնտեսության 6 տոկոսանոց աճի մասին, մերոնք մեզ երկնիշ աճ էին խոստանում: Հիմա արդեն հրապարակվել է այս տարվա առաջին ութ ամիսների երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվությունը: «Երկնիշի» խոստումից բան չի մնացել: Հատկապես արդյունաբերության ոլորտում: Հունվար-օգոստոսի պաշտոնական աճը 1.1 տոկոս է: Մեր երկրի արդյունաբերության ոլորտի դրական, բայց վերջին տվյալները վերաբերում են 2019 և մասամբ 2020 թվականներին:

Այդ տարի փորձագետներից շատերն արձանագրեցին, որ արդյունաբերության կառուցվածային ոլորտում դրական տեղաշարժ արձանագրվեց: Արդյունաբերության կառուցվածքում աճել էր մշակող արդյունաբերության չափաբաժինը: 2018-ի 66.3 տոկոսի փոխարեն՝ այն 2019-ին կազմել էր 69.8 տոկոս, իսկ 2020-ին՝ ուղիղ 67 տոկոս:

Հիշեցնենք, որ 19-ի համեմատ՝ 2020-ին արդյունաբերության ծավալը կրճատվել էր 0,9 տոկոսով: Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա ավելի շուտ տնտեսության մեջ նախկինում սկսված գործընթացների հետևանք էր: Իներցիոն հետևանք, և ոչ թե նոր տնտեսական քաղաքականության արդյունք: Երկրում նոր տնտեսական քաղաքականություն չէր մշակվել (ցայսօր էլ չի մշակվել):

Վիճակագրությունն «անողոք» արձանագրում է, որ արդյունաբերության կառուցվածքում կրճատվում է մշակող արդյունաբերության չափաբաժինը: Գործընթացի տվյալները պարզ նկատելի են վերջին տարիների տվյալների համադրմամբ: Հունվար-օգոստոս ամիսներին մշակող արդյունաբերության ծավալը 2018թ. կազմել է 64.1 տոկոս, 2019-ին՝ 67.8 տոկոս, 2020-ին՝ 65.1 տոկոս: Իսկ այս տարվա ցուցանիշն ամենացածրն է՝ 58.4 տոկոս:

«Իսկ ո՞ր ոլորտի հաշվին է արձանագրվել 1.1 տոկոսանոց աճը» հարցը համարյա հռետորական է: Մեր արդյունաբերության կառուցվածքում էլեկտրաէներգիայի  արտադրությունն ու մատակարարումը, ջրամատակարարումն ու կոյուղու կառավարումը միասին կազմում են ընդհանուրի 13.8 տոկոսը (2018թ. նույն ժամանակահատվածում այն 17.1 տոկոս էր): Արդյունաբերության երեք ոլորտների չափաբաժնի նվազումը հետևանք է չորրորդ ոլորտի՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մասնաբաժնի աճի: Վերջին երկու-երեք տարում իրենց կանաչ համարող ու ներկայացող գործիչները հասարակական կյանքում նկատելի չեն: Տրամաբանորեն դա կարող է երկու պատճառ ունենալ: Կա՛մ՝ մեր երկրում բնապահպանական խնդիրները վերջնականապես դրական լուծում են ստացել (ի տարբերություն երկրագնդի մյուս տարածքների), կա՛մ էլ մեր երկրում այդ հարցերով զբաղվողներ արդեն չկան: Չկան ֆինանսավորման ներքին ու արտաքին աղբյուրների բացակայության պատճառով: Շատ պարզ ու նույնքան հասկանալի պատճառով: Որովհետև արդյունաբերության 1.1 տոկոսանոց աճը բացատրվում է միմիայն հանքագործության ոլորտի 3.3 տոկոսանոց աճով:

Հանքարդյունաբերության ոլորտը 2018թ. առաջին ուր ամիսներին կազմել էր արդյունաբերության ընդհանուր ծավալի 18.8 տոկոսը: Կանաչները դեռ խոսում էին: 2019թ. տվյալներով, հանքարդյունաբերության ոլորտի չափաբաժինը նվազեց՝ կազմելով 17.4 տոկոս: Կանաչները ոգևորված էին: Ճանապարհներ ու սարեր էին փակում: Փակում էին ու բացատրում մաքուր օդի ու զուլալ ջրի անհրաժեշտությունը: Հետո հանկարծ լռեցին:

Հանքագործության մասնաբաժինն աճել էր՝ դառնալով ընդհանուր արդյունաբերության 20.2 տոկոսը: Բայց այս տարվա վիճակագրական ցուցանիշները նույնիսկ ոչ կանաչների համար էին անսպասելի: Հանքարարդյունաբերության ոլորտն ընդհանուրի 27.8 տոկոսն է կազմում: Զուտ ֆիզիկական ծավալով այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանքագործության ոլորտում արտադրանքի աճը գերազանցում է 142 մլրդ դրամով անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին:

Հատուկ կանաչների համար կարելի է նշել, որ «հանքագործական արդյունաբերություն» ասածի 97 տոկոսը մեր երկրում կազմում է մետաղական հանքերի շահագործումը: Այ, մյուս երեք տվյալները հարկավոր է խնամքով թաքցնել կանաչներից (եթե, իհարկե, նրանք կան): Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների առաջին կիսամյակի տվյալները: Մեր երկրի 2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ հարկային ընդհանուր 26 մլրդ 809 մլն 944 հազար դրամ մուծումով: 5-րդը՝ «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ հարկային ընդհանուր 12 մլրդ 423 մլն 027 հազար դրամ մուծումով: 7-րդը «Թեղուտն» է՝ հարկային ընդհանուր 9 մլրդ 800 մլն 663 հազար դրամ մուծումով:

Փաստորեն տնտեսական ոլորտի բոլոր հաշվետվություններն ընդգծում են, որ արդյունաբերության ոլորտի կառուցվածքում արագ աճում է հանքարդյունաբերության չափաբաժինը:

Տեսանյութեր

Լրահոս