Հայաստանի դուխով «պավադոկը»

Կառավարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում հայ հասարակությանն ուղղված հերթական, բայց արդեն վերջին մոտեցող ահազանգն էր այն մասին, թե ինչ է սպասում Հայաստանին՝ իր իշխանությունը հանդուրժելու դեպքում։ Երևակայական դատողությունների հիման վրա կառուցված ու իրական քաղաքական հենքից զուրկ մտավարժանքներով նա հերթական անգամ հակադրեց պատմական ու իրական Հայաստանները՝ ուղիղ հայտարարելով, որ այսուհետ ևս շարունակելու է անհոգնել պայքարը հայկականի, հայկականության, ավանդույթների, այն ամենայնի դեմ, ինչը որևէ կերպ մեզ կապում է անցյալին, հիշողությանը, պատմությանը։

Նա ասաց նաև, որ այդ ճանապարհին կանգ չի առնելու որևէ արգելքի, այդ թվում՝ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու պարտադրանքի դեմ, ու դրանք սկսելու է Տավուշի մարզի գյուղերի հանձնումից։

Հերթով թվարկելով Ադրբեջանին կատարելիք զիջումները, Փաշինյանը ոգևորված հարցնում էր՝ արդյո՞ք դա երաշխավորելու է, որ Ադրբեջանը չի հարձակվելու, արդյո՞ք դա ապահովագրելու է պատերազմից, և այլն, ու ավելի ոգևորված պատասխանում էր ինքն իրեն՝ բազմապատիկ հաստատակամությամբ արձանագրելով՝ ՈՉ, ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ։ Այլ կերպ ասած, նա թվարկում էր բոլոր պահանջները կատարելու իր պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դրանցից որևէ մեկը չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը։

Այդ պահանջների բավարարումը, ըստ նրա, առնվազն չեզոքացնում է բացասական երաշխիքները, առանց որևէ դրական երաշխիքի։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի իսկ տրամաբանությամբ, իր իշխանության շարունակականությունը երաշխավորում է, որ Հայաստանն անվտանգության երաշխիքներ, այլ կերպ ասած՝ անվտանգ կյանք չի ունենա։ Հետևաբար՝ հենց նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ հայ ժողովուրդը պարտավոր է նրան հեռացնել իշխանությունից՝ առնվազն չեզոքացնելով բացասական երաշխիքները։ Բայց նրա ամենաեղկելի հայտարարությունը, սովորության ու ատելության համաձայն, վերաբերում էր Արցախին։ Արցախի հարցը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի, հայկական պետականության համար եղել է վզկապ, իր խոսքերով՝ «պավադոկ», որի նպատակը եղել է Հայաստանի պետականությունը կառափնարան տանելը։ Եվ ահա հիմա, երբ Հայաստանն ազատագրվել է այդ վզկապից, այսինքն՝ Արցախի հարցից, հնարավորություն է ստեղծվել պաշտպանելու Հայաստանի պետականությունը։

Կարդացեք նաև

Այս նողկալի տրամաբանությամբ ստացվում է, որ 30 տարի շարունակ հայ ժողովուրդը հազարավոր զոհեր է տվել, կրել  անասելի զրկանքներ, որպեսզի Հայաստանը հայտնվի կառափնարանում, և ահա ինքը, Ադրբեջանի շնորհիվ, Հայաստանն ազատագրել է այդ վզկապից։

Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։

Իրականում Արցախը, արցախյան հարցը եղել է նորանկախ Հայաստանի ստեղծման անկյունաքարը, միևնույն ժամանակ՝ Արցախը պաշտպանիչ վահանի դեր է կատարել Հայաստանի համար, որն իր հերթին է հանդիսացել Արցախի անվտանգության երաշխավորը։ Բայց բոլոր բանական ու քաղաքական փաստարկներն այս դեպքում անտեղի են, քանի որ Հայաստանն իրականում այսօր ունի ոչ թե իշխանություն, այլ «պավադոկ», որը կառափնարան է տանում այն, ինչ մնացել է պետությունից։

Տեսանյութեր

Լրահոս