Փաշինյանի վախի անատոմիան․ ուժի լեզուն ավելի զորեղ է լեզվի ուժից  

Նիկոլ Փաշինյանի գործողությունները հիմնված են առավելապես մարդկային ցածր բնազդների վրա՝ վախ, տագնապ, ստորացում։ Դրանք Հայաստանի իշխանության քայլերում ունեն երկակի, հակադիր նշանակություն։

Փաշինյանն ինքը հասկանում է միայն ուժի ու ուժի սպառնալիքի լեզուն, դրանից հայտնվում է տագնապների մեջ, վախենում է ոչ թե երկրի, այլ սեփական իշխանության անվտանգության համար։ Նա այդ սպառնալիքները ստանում է երկրից դուրս՝ Ալիևից ու բոլոր նրանցից, ովքեր Ալիևի միջոցով ու իր կատարմամբ փորձում են վերաձևել տարածաշրջանը։ Ստանալով այդ սարսափազդու ազդակները՝ Նիկոլ Փաշինյանը դրանք իր հետ բերում է Հայաստան ու կիրառում է երկրի ներսում՝ հակառակ ուղղությամբ, վախեցողից դառնալով վախեցնող, ստորացողից՝ ներկայանալով որպես ստորացնող։

Սուբլիմացիայի այդ պարզագույն ու եղկելի դրսևորումը Հայաստանը՝ որպես պետություն, վերածել է ուժեղից վախեցող ու իրենից թույլի նկատմամբ ուժ կիրառող կազմավորման։ Դրա համար հայկական քաջարի իրավապահները հեզորեն հանձնում են սահմանը հատած ադրբեջանցի դիվերսանտին ու գազանաբար հարձակվում են Փաշինյանի ընդդիմախոսների վրա։

Իրավապահները, որ գործում են ավելի շատ բնազդներով, քան բանականությամբ, տեսնում ու սովորում են, թե ինչպես է իրենց հրահանգներ ու պարգևավճարներ տվողը խեղճանում Ալիևի առաջ ու առյուծանում երկրի ներսում, և անում են նույնը՝ նոր հրամանների ու ավելի շատ պարգևավճարների համար։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ռեֆլեքսի վերածված վախի, ստորացման սուբլիմացիան պարզորոշ ցույց է տալիս այն ճանապարհը, որով նա կարող է հեռացվել իշխանությունից։ Դրա համար անհրաժեշտ ու բավարար է, որպեսզի նա սեփական իշխանությանը սպառնացող վախ, տագնապ զգա հանրային հնարավոր ընդզվումից ու փնտրի ու չգտնի այդ վախը սուբլիմացնելու այլ ուղղություններ։

Հենց հանրային ընդվզումը թույլ չտալու համար է, որ Նիկոլ Փաշինյանը բնում խեղդում է հասարակական համախմբման, մոբիլիզացիայի ցանկացած դրսևորում։

Դա է նաև պատճառը, որ Հայաստանում կարելի է հանդիպել տասնյակ լոկալ, համաժամանակյա հանրային բողոքի ակցիաների, բայց դրանք որևէ կերպ չեն միավորվում մեկ միասնական հարթակում ու ձևաչափում։ Հետևաբար՝ Փաշինյանի իշխանության դեմ իրական պայքար մղող բոլոր շրջանակները, քաղաքական ուժերը, անհատները, ազդեցություն ունեցող միավորները պետք է անեն առավելագույնը՝ բոլոր պայքարները մեկտեղելու և դրանց հանրագումարային վախը Նիկոլ Փաշինյանի համար մեծացնելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է անվերապահորեն գերակա դարձնել գիտակցությունը, որ որևէ խնդիր՝ սկսած բուհերի կազմաքանդումից մինչև սահմանային բնակավայրերի հանձնում, Երևանի ծառերի ոչնչացումից մինչև հեռավոր գյուղերի ցանքատարածության հարց, ունի մեկ պատճառ և մեկ լուծում, և այդ մեկ պատճառն ու լուծումը քաղաքական է ու գտնվում է Հանրապետության հրապարակում։

Բոլոր այլ տարբերակներում Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է մարել անգամ լոկալ պայքարի դրսևորումները՝ թաքնված կերպով աջակցելով (ինչը երևում է վերջին շրջանում), բացառել դրանց միավորման, վերջնարդյունքում՝ հանրային մոբիլիզացիայի հնարավորությունը։

Ողբերգություն է, երբ պետության ղեկավարին մոտիվացնող հիմնական գործոնը վախն է սեփական իշխանության համար։ Բայց եթե դա է իրողությունը, հասարակությունը պարտավոր է ինքը դառնալ վախի աղբյուրը՝ նրան հեռացնելով իշխանությունից։ Հակառակ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն է հասարակությանը շերտ շերտ հեռացնելու իրենց բնակավայրերից՝ կատարելով իշխանությունը պահպանելու դիմաց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։

Տեսանյութեր

Լրահոս