Կենսաթոշակների բարձրացմանը մի սպասեք. կենսաթոշակները չեն բարձրանա
Հաջորդ տարվա պետական բյուջեն փող չունի կենսաթոշակները բարձրացնելու համար։ Կառավարությունը կենսաթոշակները համատարած բարձրացնելու համար միջոցներ չի գտել։
Բավարարվել են միայն նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելով։ Այն էլ՝ ընդամենը 2,1 հազար դրամով։
Եթե այս տարի նվազագույն կենսաթոշակը 26.500 դրամ է, հաջորդ տարի կդառնա 28.600 դրամ։
Այս փոփոխությունը վերաբերում է միայն նրանց, ովքեր ստանում են նվազագույն կենսաթոշակ։
Խոսքը ընդամենը 12,2 հազար աշխատանքային կենսաթոշակ ստացողների մասին է։
Այն դեպքում, երբ Հայաստանում 465.000-ից ավելի կենսաթոշակառու կա։ Տարիքային կենսաթոշակառուների թիվն էլ անցնում է 337 հազարից։
3000 դրամով էլ ավելանալու է 5200 զինվորական կենսաթոշակառուների թոշակը։
Մնացածը 447.000.ից ավելի կենսաթոշակառուները պետք է բավարարվեն եղածով։ Նրանց կենսաթոշակը չի բարձրանա։ Կապ չունի, որ այս տարվա բարձր գնաճի հետևանքով սոցիալական այդ խոցելի խավը մեծապես տուժել է։ Կապ չունի նաև այն, որ առանց այդ էլ, կենսաթոշակները Հայաստանում ցածր են, մեծ մասի դեպքում այն չի հասնում 40.000 դրամի, որի մի մասն էլ գնաճն է տանում։
Հայաստանում կենսաթոշակները վերջին անգամ 3000 դրամով բարձրացել են անցած տարի։ Այնինչ, միայն այս տարվա 10 ամսում գնաճը հասել է գրեթե 9 տոկոսի, սննդամթերքն էլ թանկացել է ավելի քան 15 տոկոսով։
Առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների մասին էլ չենք խոսում, որոնց գնաճը երբեմն չափվում է անգամներով։ Ու այդ պայմաններում կենսաթոշակառուները պետք է յոլա գնան նրանով, ինչ ստանում էին անցած տարի, ստանում են այս տարի ու պիտի ստանան նաև հաջորդ տարի։
Ոչինչ, որ այս տարվա գնաճից հետո հաջորդ տարի էլ գնաճը շարունակվելու է։ Այսինքն՝ թանկացումների վրա էլի թանկացում է լինելու։
Թե դա ինչ է նշանակում այն մարդկանց համար, ովքեր կենսաթոշակի հույսին են, դժվար չէ պատկերացնել։ Բայց դա այն է, ինչ ժողովրդի իշխանությունը նախատեսել է ժողովրդի այն հատվածի համար, ով առավել վատ սոցիալական պայմաններում է գտնվում։ Այդ մարդկանց կյանքը հաջորդ տարի էլ կշարունակի վատանալ։ Ու դեռ հարց է, 2023թ. կառավարությունը կբարեհաճի՞ բարձրացնել նրանց կենսաթոշակը, թե՞ ոչ։
Հաջորդ տարվա պետական բյուջեով չի նախատեսվում նաև պետական ապարատի աշխատավարձերի բարձրացում։ Բազային աշխատավարձը կմնան նույնը։
Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2022թ. այն կկազմի 66.100 դրամ։
Բայց դա չի խանգարի, որ շարունակի գործել աշխատավարձերի ավելացման այլընտրանքային տարբերակը։ Այս իշխանությունը վաղուց լուծել է այդ հարցը՝ պարգևավճարների միջոցով։ Տպավորություն են ստեղծում, թե պետական ապարատում աշխատավարձերը չեն բարձրացնում, մնում են նույնը, բայց պարգևավճարներով լրացնում են այդ բացը։
Այնպես որ, կառավարման ապարատում զբաղվածները, այդ թվում՝ պատահաբար այստեղ հայտնված բարձրաստիճան պաշտոնյաները, կշարունակեն վայելել վարչապետի թեթև ձեռքով իրենց տրված պարգևավճարները։ Կարևոր չէ, որ նախարարների, նրանց տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը չեն փոխվի։ Նրանք կրկնակի ավելին կստանան, քան արտաքուստ երևում է։ Ոչ մի նշանակություն չունի, որ հասարակության մի ստվար հատված գտնվում է սոցիալական անապահով վիճակում։ Չնայած համատարած թանկացումներին, նրանց եկամուտները չեն ավելանում։
Ձև անել, թե բարձրացնում են նվազագույն կենսաթոշակը՝ նվազագույն սպառողական զամբյուղին հասցնելու համար, թոզփչոցի է։ Դե թող նույն պետական պաշտոնյաները փորձեն մեկ ամիս ապրել այդ 28.600 դրամով։ Այն ժամանակ կհասկանան, թե ինչ ասել է՝ նվազագույն սպառողական զամբյուղ։
Իսկ ի՞նչ անեն այն շուրջ 200.000 գործազուրկները, ովքեր այդ չնչին եկամուտն էլ չեն ստանում։ Պարզ չէ՞, որ պիտի գնան երկրից ու համալրեն պոտենցիալ արտագաղթողների շարքերը։ Հետո էլ դժգոհում ենք, թե ինչու են մարդիկ գնում։ Գնում են, որովհետև չկան անվտանգության տարրական պայմաններ ու դրան զուգահեռ՝ նաև ապրելու հնարավորություններ։ Կյանքը թանկանում է, մարդկանց վիճակը գնալով վատանում է, իսկ իշխանությունները փորձում են չնկատելու տալ այս ամենը։
Մոռացել են, որ ժամանակին խոստանում էին գնաճին զուգահեռ՝ սուբսիդավորել կենսաթոշակները։ Գնաճը դուրս է եկել թույլատրելի ու ոչ թույլատրելի բոլոր սահմաններից, բայց սուբսիդավորման մասին խոսք չկա։
Սոցիալական այն քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, ոչ մի լավ բան չի խոստանում հասարակության անապահով հատվածին։ Նվազագույն կամ զինվորական կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելը ոչինչ է այն թանկացումների դիմաց, որը տեղի է ունենում Հայաստանում։ Իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքն այն է, որ երկրում գնալով խորանում է աղքատությունը։
Կապ չունի, որ բյուջեից բավական մեծ միջոցներ են հատկացվում սոցիալական ծախսերի իրականացման համար։ Այդ միջոցները շատ հաճախ չեն ծառայում իրենց նպատակին և պարզապես փոշիանում են։ Այդպես էլ չեն կարողանում լուծել միջոցների հասցեականության խնդիրը։
Հիմա էլ որոշել են, որ երրորդից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ երեխային պիտի ամսական 50.000 դրամ նպաստ վճարեն։ Թվում է, թե վատ միտք չէ՝ ծնելիությունը մեր երկրում խթանելու համար։ Բայց կրկին նույն հարցն է առաջանում. իսկ ինչո՞ւ պիտի դրանից օգտվեն և՛ հարուստները, և՛ աղքատները։ Չէ՞ որ հարուստներն այդ 50.000 դրամի կարիքը բոլորովին էլ չունեն։ Եթե նրանք ուզենան երրորդ կամ չորրորդ երեխան ունենալ, կունենան՝ անկախ նրանից, կառավարությունը կտա՞ այդ 50.000 դրամը, թե՞ ոչ։ Դա նրանց համար որևէ խնդիր չի լուծում։
Փոխարենը՝ սոցիալական այլ խմբերի ընտանիքների համար դա կարող է լուրջ օժանդակություն լինել։ Հասցեականություն ապահովելու դեպքում՝ այդ նույն գումարի շրջանակներում նրանց կարելի էր ոչ թե 50.000, այլ շատ ավելի մեծ աջակցություն ցույց տալ։ Բայց քանի որ չեն ուզում լրացուցիչ գլխացավանքի մեջ ընկնել, որոշել են բոլորին նույն կաթսայի մեջ դնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ